Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անձերով չի պայմանավորվում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անձերով չի պայմանավորվում

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անձերով չի պայմանավորվում

Թուրքիայում կայացած ընտրությունների, Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր փոփոխությունների և այլ հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

-Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով վերընտրվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչքա՞ն կանխատեսելի է այս արդյունքը՝ հատկապես ընտրությունների երկրորդ փուլի պարագայում:

-Ինձ համար շատ կանխատեսելի էր: Բոլոր հարցազրույցներում, հանրային խոսքում, այլ հարթակներում նշել եմ, որ Էրդողանը հաղթելու է, մի փոքր դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հաղթանակ է տանելու թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում՝ նկատի ունենալով, որ իր գլխավորած քաղաքական ուժը ընտրություններում զբաղեցնելու է առաջին տեղը։ Հայաստանում մի քանի այլ մասնագետի կողմից ևս արվել է այդպիսի կանխատեսում։ Դրա հիմքում ընկած է Թուրքիայի քաղաքական համակարգի և ներկայիս իրադրության մանրամասն քննությունը, որը թույլ է տալիս հասկանալ, որ ինչքան էլ ընդդիմությունը կարողացել է համախմբել ուժերը, ինչքան էլ կարողացել է որոշակի մոբիլիզացիա ապահովել, այնուամենայնիվ նախագահն ունի բավականաչափ վարկանիշ, պետական և այլ ռեսուրսներ Թուրքիայում հաղթանակ ապահովելու համար։

-Կարելի՞ է ասել, որ Թուրքիայում հաղթել է Ռուսաստանի նախընտրած թեկնածուն։

-Թուրքիայի քաղաքական համակարգը բավականին ինքնուրույն և անկախ է, որպեսզի այնտեղ լինի այս կամ այն երկրի նախընտրած թեկնածու։ Տարբեր քաղաքական գործիչներ ունեն որոշակի տարբերություններ, բայց ազգային-պետական հարցերում նրանց միավորում է ընդհանուր գաղափարը։ Դրա վառ վկայությունն այն է, որ Թուրքիայում թե՛ գործող նախագահը և թե՛ նրան ընդդիմացող հիմնական քաղաքական գործիչները հատկապես արտաքին քաղաքականության հարցերում գրեթե չունեն էական տարաձայնություններ։ Այսինքն՝ կան ոճային և բովանդակային շատ փոքր տարբերություններ։ Հետևաբար, Թուրքիայի համատեքստում հնարավոր չէ ասել, որ այս կամ այն թեկնածուն պրոռուսական է, պրոարևմտյան է կամ պրոայսինչական։

Այլ հարց է, որ ռուսական կողմի համար նախընտրելի էր Էրդողանի վերընտրվելը, ոչ թե այն պատճառով, որ նա պրոռուսական գործիչ է կամ պրոռուսական գործունեություն է ծավալում, այլ այն պարզ պատճառով, որ ռուսական կողմն արդեն ունի Էրդողանի հետ աշխատելու փորձ, և այս փուլում, երբ կա ուկրաինական ճակատ, կա առաջնահերթություն, այլ թեկնածուի ընտրվելու դեպքում, այսպես ասած՝ «հավելյալ» նոր կապեր հաստատելը, բանակցելը, իրար հարմարվելը ժամանակ և ռեսուրսներ էր խլելու։ Ռուսաստանի համար Էրդողանը կանխատեսելի է այն իմաստով, որ արդեն գիտեն, թե ինչպես է աշխատում։ Հետևաբար, իր մասով քաղաքականություն մշակելը շատ ավելի հեշտ է, քան նոր թեկնածուի պարագայում։ Միայն այս տեսանկյունից կարելի է ասել, որ Ռուսաստանի համար ընտրությունների այս արդյունքը շատ ավելի հարմար է, քան մյուսը։ Բայց հարմար է ոչ թե գործընկերոջ, այլ դաշնակցի իմաստով։

Նույնը կարող ենք ասել նաև ԱՄՆ-ի դեպքում։ Ամերկյան կողմի համար Էրդողանը շատ անհարմար գործընկեր է, բայց նրանք ևս գիտեն Էրդողանի աշխատելաոճը, գիտեն, որ կոպիտ է, շատ ավելի ագրեսիվ է, անկախ է մտքով և իր վարած քաղաքականությամբ։ Էրդողանի իշխանությունը շատ ավելի հիմնավոր է, քան մնացած թեկնածուների դեպքում, ու ավելի ձեռնտու կլիներ,  որ լիներ թույլ խաղացող, որին կարող են հեշտությամբ ճնշել։  

-Այսինքն՝ Էրդողանին ռուսամետ գործիչ չե՞նք կարող համարել։

-Ո՛չ, Թուրքիայում այդ մասշտաբի որևէ գործչի ռուսամետ չենք կարող համարել։

-Նախագահական ընտրություններում ինչպիսի՞ն էր տեղի հայ համայնքի ներգրավվածությունը. միասնական դիրքորոշում կա՞ր։

-Այս ընտրություններում հայ համայնքի դերակատարությունն այնքան մեծ չի եղել, որքան օրինակ 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Մասշտաբները բոլորովին այլ էին, և հայկական համայնքի 20-30 000 ձայները այս պարագայում էական նշանակություն չեն ունեցել։ Ասենք, օրինակ, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների պարագայում այդ ձայները այդտեղ էական դերակատարում ունեցել են։

Մենք շատ տեղեկություն չունենք հայ համայնքի դիրքորոշման մասին, բայց ավանդաբար երկու թևերին էլ ձայն տվողներ լինում են։

-Տեսակետ կար, թե ընդդիմադիր թեկնածուի ընտրության դեպքում կփոխվի Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների առումով: Արդյո՞ք Թուրքիայի արտաքին քաղաքականությունն անձերով է պայմանավորվում:

-Թուրքիայի արտաքին քաղաքականությունն անձերով չի պայմանավորվում. արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան հետապնդում է ազգային-պետական շահեր, որոնք կարելի է ասել անփոփոխ են ոչ միայն տասնամյակներ, այլ հարյուրամյակներ ի վեր։ Այդ ամենը վառ կերպով կարելի է տեսնել Հարավային Կովկասի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությամբ, և ճիշտ չէ խոսել այն մասին, որ այս կամ գործչի գալով ամբողջապես քաղաքականությունը փոխվում է։ Փոխվում է մարտավարությունը, նպատակին հասնելու աշխատանքի ոճը, ճանապարհը, բայց ոչ նպատակը։ Ռազմավարությունը մնում է նույնը, և ռազմավարական առումով՝ անկախ նրանից, թե ով կլինի ղեկավար, եթե նա թուրքական գործիչ է, ուրեմն՝ մոտեցումն էլ լինելու է այսպիսին՝ շարունակաբար Հարավային Կովկասի վրա ազդեցության տարածում և այդ ազդեցության աստիճանական փոխակերպում Կովկասի լիարժեք նվաճմամբ։ Այս առումով՝ որևէ փոփոխության ակնկալիք չպետք է լինի։

-Հունիսի 3-ին կայացած Էրդողանի երդմնակալության արարողության հարցն է շատ քննարկվել, հատկապես Փաշինյանի ներկայությունը, նրա զբաղեցրած տեղը երկրորդ շարքում։ Ինչպե՞ս եք գնահատում նման միջոցառմանը ՀՀ վարչապետի մասնակցությունը, արդյո՞ք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին մասնակցությունն էր նմանատիպ միջոցառման։

-Առաջին դեպքը չէ, էլի են եղել նման դեպքեր, բայց ոչ այս պայմաններում, երբ հայերն ունեն գերիներ, երբ Հայաստանը գտնվում է թուրքական և ադրբեջանական համատեղ ուժերի օկուպացիայի տակ, երբ Արցախի 70%-ը  օկուպացված է, իսկ Արցախը՝ շրջափակման մեջ։ Այս առումով՝ որևէ կերպ համեմատելի չեն նախորդ դեպքերի հետ։ Պետք է հասկանալ, թե որքան նպատակահարմար է հիմա գնալը։ Ես կարծում եմ, որ այդպիսի անհրաժեշտություն չկար, և սա պարզապես Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների թուրքամետ քաղաքական գծի արտահայտումն է։

-Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված արարողության ժամանակ բացահայտ արհամարհական վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ։

-Բայց ինչո՞ւ պետք է հարգեին, պատվեին։ Արհամարհական էր, որովհետև թույլ քաղաքական գործիչ է, թույլ իշխանություն է ներկայացնում և, հետևաբար, նրա հետ ինչ-որ բան քննարկելու, հարգանքի կամ պատվի արժանացնելու կարիք չկա, ընդհակառակը՝ պետք է հակառակն անել՝ դրանով էլ ավելի ճնշում գործադրելով։

-Նոր կառավարություն է ձևավորել: Հաշվի առնելով կազմը՝ կանխատեսո՞ւմ եք ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն։

-Նոր կառավարությունն ըստ էության հաստատելու է այն գիծը, որը որդեգրվել է վերջին տարիներին։ Մասնավորապես, Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Հաքան Ֆիդանի նշանակումը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը շարունակելու է մնալ ռազմականացված։ Հաքան Ֆիդանն էր Թուրքիայի սահմաններից դուրս՝ Կովկասում, ղեկավարում Անկարայի ռազմական գործողությունները, այսինքն՝ Արցախում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլ վայրերում։ Նրա նշանակումն արտաքին գործերի նախարարի պաշտոնում միանգամայն հուշում է, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը, և Թուրքիայի համար նշված տարածաշրջանները շարունակելու են լինել գերակա։

Ինչ վերաբերում է այլ նշանակումներին, ապա կան նշանակումներ, որոնք ավելի շատ երկարաժամկետ տեսլականի պարագայում են առանցքային լինելու, այսինքն՝ Էրդողանի հաջորդների համար։ Այս տեսանկյունից էական է հատկապես Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Հաքան Ֆիդանի փոխարեն Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի նշանակումը, ինչը խորհրդանշում է, որ Իբրահիմ Քալընը հնարավոր է նաև լինի այն մարդկանիցից մեկը, ով կարող է, պատկերավոր ասած՝ ժառանգել Էրդողանի «գահը»։ Այլ նշանակումներ ևս կան, բայց չեմ կարծում, թե դրանք էական են։

-Ձեր գրառումներից մեկում նշել էիք, որ նոր կառավարության կազմում կան հակահայկական գործունեություն ծավալած անձինք: Ինչքանո՞վ  կարող է նրանց ներկայությունն ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում։

-Բոլոր նշված անձինք էլ հակահայկական են, որովհետև Թուրքիայի քաղաքական համակարգի մի մասն են։ Թուրքիայի քաղաքական համակարգն ունի մեկ խնդիր՝ վերացնել հայկական պետությունները, և այս առումով կապ չունի՝ ինչքանով են առանձին վերցրած կառավարության անդամները, պետական պաշտոնյաները նախորդիվ աչքի ընկել հակահայկական գործունեությամբ։ Իհարկե, կան մարդիկ, որոնք շատ ավելի են աչքի ընկել դրանով։ Օրինակ, նոր նշանակված՝ ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը, որը Բելգիայում քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը։ Սակայն 2015թ. նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց, նրան հեռացրին բելգիական կուսակցությունից Հայոց ցեղասպանության մերժման համար։ Բայց, այնուամենայնիվ, նա չի տարբերվում, ասենք՝ Հաքան Ֆիդանից, որն ամեն օր հակահայկական խոսքով հանդես չի գալիս, բայց ղեկավարել է Արցախի մեծ մասի օկուպացիան։

-Արցախի հետ կապված կարելի՞ է համարել, որ վերջին պատերազմի արդյունքները Թուրքիային լիովին բավարարում են՝ հաշվի առնելով ռուս-թուրքական համատեղ կենտրոնը օկուպացված տարածքներում և Ադրբեջանի բանակում Թուրքիայի ունեցած դերը։

-Կարծում եմ՝ ոչ լիովին, բայց մեծամասամբ բավարարում են։ Չեն բավարարում այն իմաստով, որ նպատակները շատ ավելի մեծ են, քան այս պահին ստացածը, բայց բավարարում են այն իմաստով, որ ներկա ձեռքբերումն արդեն իսկ զգալի է և հնարավորություն է ստեղծելու այնուհետև մնացած նպատակներին ևս հասնել։

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1