Թուրքիան տարածաշրջանում իսկապես դարձել է չարիք
Վերջին շրջանում Թուրքիան անընդհատ Հայաստանին մեղադրում էր, որ տարածաշրջանում ստեղծում է անկայունություն, մինչդեռ իրականում այդ ամենը փաստերով իրականացնում է Թուրքիան, սկսած Լիբիայից՝ մինչև Միջերկրական ծով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում իսկապես դարձել է չարիք և փորձում է քիթը խոթել հարավային Կովկասում»,- Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը։
Նա վստահ է, որ Թուրքիայի նախագահը փորձում է պանթուրքիստական ծրագրերից մեկն իրականություն դարձնել ՝դեպի թուրքական աշխարհ ձգելու, հայկական սեպը վերացնելու ճանապարհով, ինչը երբեք չի թաքցրել։
«Թուրքիայի կողմից այս համատեքստում արվող բոլոր հայտարարություններն աշխարհի կողմից անտեսվում են, սա բացահայտ ցեղասպանական մոտեցում է, որը Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ քննարկվում է։ Պետք է սրան համարժեք վերաբերմունք լինի ոչ միայն հայկական կողմից, այլև միջազգային հանրության կողմից»,- նշեց Վահրամ Բալայանը։