Թուրքիան պետք է ներողություն խնդրելով դուրս գա մեր տարածքից. Իրաքի Ազգային անվտանգության խորհուրդ

Իրաքի Ազգային անվտանության խորհուրդը երեկ Իրաքի հյուսիսում Թուրքիայի գնդակոծությունից հետո շտապ նիստ է հրավիրել: Նիստից հետո գրավոր հայտարարություն է ընդունվել` դատապարտելով Թուրքիայի հարձակումները:
«Խորհուրդը ԱԳՆ-ին հանձնարարել է Թուրքիայի` Իրաքի ինքնիշխանությանն ու անվտանգությանն ուղղված հարձակումների վերաբերյալ զեկույց պատրաստել և փոխանցել ՄԱԿ-ին», — նշված է հայտարարության մեջ:
Նշվում է` որոշվել է, որ պետք է գնահատական տրվի Թուրքիայում Իրաքի դեսպանության վիճակին:
Խորհուրդը Թուրքիայից պահանջել է ներողություն խնդրել և անմիջապես դուրս գալ երկրի տարածքից:
Չորեքշաբթի թուրքական հրետանին գնդակոծել է Իրաքյան Քուրդիստանի Զախո և Բատիվա շրջանները։ Shafaq լրատվական գործակալության հաղորդմամբ՝ չորս արկ է ընկել Զախոյի Բարահ հանգստավայրի վրա։ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության առողջապահության նախարար Սաման ալ Բարզանջին հայտնել է, որ գնդակոծության հետևանքով զոհվել է 9 զբոսաշրջիկ, վիրավորվել՝ 22-ը։
yerkir.am