Թուրքիան ոչ թե միջնորդ է, այլ այս հակամարտության գլխավոր կողմը. Վարուժան Գեղամյան
Դեպի ո՞ւր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկմանը թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշել է, որ կա հայ-թուրքական հակամարտություն, որը չի ծագել երեկ, 1918-ին, 1991-ին, 1993-ին, այլ այն ծագել է այն պահից, երբ հայկական քաղաքական գործոնը և թուրքական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում նույն տարածքի համար սկսել են պայքարել: Այսինքն, խոշոր հաշվով, երբ թուրքերը սկսել են հաստատվել այս տարածաշրջանում, և այդ նախապայմաններն անդադար եղել են:
«Զիջեք Կարինը, Էրզրումը, լավ կլինի: Զիջեցինք՝ խնդիրը ստացանք Վանում, Վանը զիջեցինք՝ խնդիրը ստացանք Կարսում: Զիջեցինք Կարսը՝ խնդիրը ստացանք Նախիջևանում: Նախիջևանը զիջեցինք՝ խնդիրը եկավ Արցախ: Արցախը զիջում ենք՝ խնդիրը ստացանք Սյունիքում: Եվ այդ նախապայմանները չեն պակասում»,- մանրամասնել է Վարուժան Գեղամյանը՝ նշելով, որ խնդիրը ոչ թե նախապայմանը կատարել-չկատարելու մեջ, այլ պետք է նայել՝ ինչի համար է թուրքական կողմը դնում այդ նախապայմանը:
«Իրենք դնում են նախապայմանը ոչ թե ՀՀ-ի հետ լավ և բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար, այլ դա անում են, որովհետև իրենց մեծ նպատակն է Հարավային Կովկասը, մասնավորապես՝ ՀՀ-ն և Արցախը, եթե ոչ լիարժեք նվաճել, ապա իրենց ազդեցության գոտու մեջ առնել: Դրա համար, երբ նախապայմանը կատարում ես, հայտնվում են նորերը՝ Ատոմակայանի փակում, բանակ չունենալու հարց, միջանցք և այլն: Սրանք կատարվեցին, հայտնվելու են այլ նորերը»,- ասել է թուրքագետը:
Ըստ այդմ՝ գործ ունենք մի պրոցեսի հետ, որը չի կարելի անվանել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններ, այլ դա հայ-թուրքական հակամարտություն է, որի մի կողմում ՀՀ-ն և Արցախն է, մյուսում՝ Թուրքիան և Ադրբեջանը:
«Եվ եթե մինչև 2018-ը միայն դիվանագիտական խոսույթում ասում էինք, որ Թուրքիան կողմ չէ այս հակամարտության, ՀՀ-ն էլ, և դա գործիք էր դիվանագիտական՝ ստանալու ինչ-որ բաներ, առավելություններ, սակայն խորքային իմաստով դա Հայաստան-Թուրքիա կոնֆլիկտ էր, որը ներկայացված էր ՀՀ մաս հանդիսացող Արցախով, և թուրքական նախագիծ՝ Ադրբեջանով և Հարավային Կովկասով»,- նշել է թուրքագետը՝ պնդելով, որ Թուրքիան ոչ թե միջնորդ է, այլ այս հակամարտության գլխավոր կողմը:
168.am