Թուրքը մնաց թուրք, մենք փոխվեցինք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թուրքը մնաց թուրք, մենք փոխվեցինք

Թուրքը մնաց թուրք, մենք փոխվեցինք

Պատերազմից, այսքան կորուստներից հետո ես վստահ էի, որ մարդիկ կսկսեն իրար սիրել, քաջալերել, մի բռունցք դառնալ ու վրեժ լուծել թշնամուց: Բայց ես սխալվեցի այդ հարցում. մեր ժողովուրդը գնաց նյութի հետևից, օգնությունների հետևից, մարդիկ սկսեցին իրար ատել, նախանձել, չարությամբ լցվել: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Հակոբավանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ խոսելով պատերազմից հետո եկեղեցու շուրջ համախմբվելու, քրիստոնեական հավատքի ամրապնդման մասին:

«Շատերը խոսում են հավատքի, Աստծո մասին, բայց դրանք լոկ խոսքեր են. ներսից, հոգուց չի բխում այս ամենը: Հավատքը միայն գործով պետք է ապացուցել: Միասնական լինել, մարդկանց թևից բռնել, ընկածին վեր բարձրացնել, կարիքավորին օգնել: Սա է հավատքը: Չպետք է ասել՝ սիրում եմ իմ երկիրը, բայց ԱՄՆ-ում ապրելով և այնտեղից 100 դոլար նվիրատվություն անելով համարել հայրենիքի հանդեպ պարտքը տված: Այդ դեպքում Արցախում մինչև հիմա իր ընտանիքով ապրող արցախցու պարտքը ե՞րբ է վերջանում: Քոնը 100 դոլարով վերջացավ: Եթե մենք հայ քրիստոնյա ենք, արդեն պարտքի մեջ ենք ազգի համար, մինչև վերջին շունչը պարտական ենք մեր երկրին, մեր ժողովրդին, մեր Աստծուն»,- ասում է տեր Հովհաննեսը՝ ավելացնելով, որ այս հողից մեծ օրհնություն, զորություն է հաղորդվում այն մարդկանց, ովքեր այստեղ ապրում են: Եթե այստեղ չես քայլել, այդ զորությունը չես կարող իմանալ:

Հակոբավանքի հոգևոր հովիվը տրվող անտեղի օգնությունները չարիք է համարում, քանի որ այն մարդուն ծուլացնում է ու հեռացնում իր բնույթից: Կարիքավորին կարելի է օգնել, բայց եթե մարդը կարող է արարել, ստեղծել, ապա նրան պետք է տալ կարթը, ոչ թե ձուկը:

Անդրադառնալով թուրքերի հետ հաշտության մասին խոսակցություններին՝ Դադիվանքի նախկին վանահայրը համոզմունք հայտնեց, որ թուրքը չի ուզում հաշտվել. «Մեզ ոչնչացնելու են, եթե հաշտության գնանք, թուրքը չի ուզում հաշտվել: Թուրքը մնաց թուրք, մենք փոխվեցինք»:

1