Թուրքահաճո առարկայական չափորոշիչները և Հայոց պատմության կեղծման հերթական փորձերը
Գլխավոր » Գաղափարական » Թուրքահաճո առարկայական չափորոշիչները և Հայոց պատմության կեղծման հերթական փորձերը

Թուրքահաճո առարկայական չափորոշիչները և Հայոց պատմության կեղծման հերթական փորձերը

1918 թ. հունիսի 4-ին Բաթումում Հայաստանի  և  Թուրքիայի  միջև  կնքվեց հաշտության պայմանագիր: Այն  անչափ ծանր  էր հայ ժողովրդի համար, քանզի նրա նորանկախ պետության տարածքը պարփակվում  էր 12 հազար քառ.. կմ մեջ:  Այդուհանդերձ իրականանում էր անկախ պետականության վերականգնման հայոց բազմադարյան ձգտումը, որն ինքնին մեծ նվաճում էր դարավոր թշնամու դեմ երկարատւև պայքար մղող հայության համար: Այդ ժամանակ  դա առավելագույնն էր ինչ հայությունը կարող էր ձեռք բերել: Բաթումի հաշտության պայմանագիրը ոչ այլ ինչ էր, քան իրավական ձևակերպումը դե ֆակտո գոյություն ունեցող ռազմաքաղաքական կացության, որում հայոց համար կար միայն մեկ դրական հանգամանք՝ դա Սարդարապատում և Բաշ-Ապարանում թշնամուն պարտության մատնելու և նրա առաջընթացը կասեցնելու իրողությունն էր: Չլինեին մայիսյան ճակատամարտերը չէր լինի նույնիսկ այդ ծանր պայամանգիրը և նրանով ճանաչվող անկախ Հայաստանը: Մինչև մայիսյան հերոսամարտերը թուրքերը դեմ էին ինքնուրույն Հայաստանի ստեղծման ցանկացած գաղափարի:

Այնուամենայնիվ պայամանագիրը միանշանակ չընդունվեց հայ քաղաքական ուժերի կողմից՝ տեղիք տալով հակասական կարծիքների՝ ընդգծված դժգոհությունների և գիտակցված համաձայնության:

Մասնավորապես, ժողովրդկանա հերոս Անդրանիկը թշնամաբար ընդունեց Բաթումի պայմանագիրը: Հունիսի 4-ին Դիլիջանից Հայկական կորպուսի հրամանատար Թ. Նազարբեկյանին հղած հեռագրում նա նշում էր. «Վեց հարիւր տարուան ստրկութեան շղթան դարձեալ ձեր վիզն ու ոտքը կ՝անցկացնեք ձեր ձեռքով: Չեմ կրնար այս պայմաններուն հանդուրժել, մոռանալով մեր երեսուն տարուան զոհերը եւ մէկ միլիոն նահատակները»: «Ահռելի դավաճանությանը» մասնակից չդառնալու մտածոմով նա հունիսի 6-ին սկսեց հեռանալ նորահաստատ ՀՀ տարածքից:

Ամբողջ կյանքը հայ ազատամարտին նվիրած Անդրանիկը, որի երազանքն էր ազատագրված տեսնել Արևմտյան Հայաստանը, տեղի տալով զգացմունքներին, չընդունեց ո՛չ Բաթումի պայմանագիրը, որից դուրս էր մնում Արևմտյան Հայաստանը, ո՛չ էլ ՀՀ-ն ու նրա կառավարությունը: Անդրանիկի այդ վարքի կապակցությամբ  հիշատակելի է նրա կենսագիրներից Գ. Գուտուլյանի միտքը. «Հաշտութիւն էր կնքուած, տաճկահայկական նահանգները դուրս կը մնային Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն: Այս էր գլխաւոր պատճառներէն մէկը, որ Անդրանիկ բաժնուեցաւ իր կեանքի ու կռիւի երկարամեայ բարեկամներէն»: Անշուշտ, Անդրանիկի անհաշտ վերաբերմունքին նպաստում էր մի կողմից վստահության բացակայությունը դեպի թուրքերը, մյուս կողմից՝ հակասությունները իշխող կուսակցության (ՀՅԴ) որոշ գործիչների հետ: Հարցից փորձել են քաղաքական օգուտներ ձեռք բերել դեռևս խորհրդային տարիներին: Այն ժամանակ, երբ խորհրդային-կոմունիստական վարչակարգը գաղափարական ակտիվ պայքար էր մղում քաղաքական այլ ուժերի, ամենից առաջ ՀՅԴ դեմ՝ նրան վարկաբեկելու, նրա դերը  անցյալի  պատմական անցքերում նսեմացնելու համար, շրջանառության մեջ դրեց մի շինծու «հեռագիր», որն իբր Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կողմից «1918-ի հունիսի 17-ին» Երևանից ուղղվել էր Թուրքիայի ռազմական նախարար Էնվերին: 1965թ. Ջ, Կիրակոսյանի կողմից «ամբողջական» տեսքով հրապարակված «հեռագրով» Հայաստանի մի շարք գործիչներ Էնվերին տեղեկացնում էին Անդրանիկի հակաթուրքական նպատակների մասին և խնդրում նրան ջախջախել:

Մեր օրերում դա վերածվել է պարզապես մոլուցքի: Ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս, անկասկած,  քաղաքական ինչ-ինչ ակնկալիքներով այդ «հեռագրի»  մասին հաճախակի է խոսք գնում, գերազանցապես զրույցների մակարդակով, հարկ ենք համարում տալ որոշ պարզաբանումներ: Անտեսելով իրականությունը, անտեսելով հարյուրավոր արխիվային վավերագրերը, փոխարենը մասնատելով արխիվային վավերագրերը և նրանցից ստանալով իրենց հակաազգային, ստոր նպատակներին հաճո հատվածներ, այսօր որոշները փորձում են ամեն գնով կեղծել պատմական անցքերը, վատաբանել նույնիսկ այնպիսի գործիչների, որոնց կյանքի ամեն վայրկյանն անկեղծ ու ամբողջական նվիրում էր իրենց հայրենիքին:

Նախ ներկայացնենք ներկայումս ոմանց մեծ հրճվանք պատճառող շինծու «հեռագիրը».

«Հայաստանի հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնելու Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար:

Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար»:

Հեռագրի տակ դրված են «Հայաստանի հանրապետության կառավարության նախագահ» Հ. Քաջազնունի», «Հայաստանի հանրապետության զինվորական մինիստր Արամ փաշա Մանուկյան» և «Հայաստանի հանրապետության կառավարության խորհրդի նախագահ Սահակյան» գրությունները:

Այս «հեռագիրը» պարզապես կեղծիք է և չի դիմանում որևէ փաստարկի:

Թերևս ամենակարևորն ու ընդգծելին այն է, որ Հայաստանի Ազգային արխիվում, ներառյալ այստեղ պահվող Անդրանիկի ֆոնդը, որը վկայակոչվում է իբրև «հեռագրի» գտնվելու վայր, այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի:

Բացի այդ, «հեռագիրն» ինքնին կասկածելի է և մերժելի մի շարք առումներով: Առաջին, 1918թ. հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէր ձևավորվել, իսկ Արամ Մանուկյանը, Հ. Քաջազնունին և Սահակյանը միաժամանակ չեն գտնվել ո՛չ Երևանում, որտեղից իբր թե ուղարկվել է «հեռագիրը», և ո՛չ էլ մեկ այլ վայրում: Հ. Քաջազնունու կառավարությունը Երևան է ժամանել 1918թ. հուլիսի 19-ին:

Երկրորդ, հանրահայտ փաստ է, որ Արամ Մանուկյանը եղել է ոչ թե զինվորական, այլ ներքին գործերի նախարար: Իսկ Սահակյանն էլ, ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, չի եղել կառավարության խորհրդի նախագահ:

Երրորդ, արդյոք ժամանակի գործիչները, կոնկրետ դեպքում Արամը, որ ջանք չէր խնայում թուրքական առաջխաղացումը կասեցնելու համար, կարո՞ղ  էր հեռագրել նույն թշնամուն նրան սպառնացող վտանգի վերաբերյալ:

Չորրորդ, ինչպես տեսանք, Անդրանիկը ՀՀ-ից սկսեց հեռանալ հունիսի 6-ին, այսինքն Սարդարապատի հաղթությունից մեկ, և ոչ թե երեք շաբաթ անց:

Հինգերորդ, հեռանալով Հայաստանից, հերոսը, որին վերագրվում է վերոհիշյալ «հեռագրի» ձեռք բերումը, երբեք իր հեռացման պատճառների մեջ չի նշել հայ-թուրքական գործակցություն իր դեմ: Մասնավորապես, 1921-ին հրատարակված «Զօր.Անդրանիկ կը խօսի» գրքույկում հանրապետության կառավարության և ՀՅԴ-ի դեմ առաջ քաշած մեղադրանքների մեջ այդ մասին նա նույնիսկ չի ակնարկում: Այդպիսի «փաստ» չի հիշատակվում նաև Անդրանիկի մերձավորների, կենսագիրների, հուշագիրների կողմից: Այդ «փաստը» արձանագրված չէ նաև Անդրանիկին նվիրված, ինչպես նաև նրա գործունեությունը մանրամասնորեն լուսաբանող գիտական մենագրությյուններում:

Վեցերորդ, այսպիսի «հեռագիր» չկա նաև Թուրքիայում, որը Հայ դատի նախանձախնդիր /թուրքական տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրում/, հայ ազատամարտի դրոշակակիր ՀՅԴ դեմ պայքարը համարում է կենաց-մահու խնդիր և շատ կուզենար նրան վարկաբեկել Հայ ժողովրդի աչքում։

Հարցի մի շատ կարևոր կողմն էլ կա։ Եթե՛, կրկնում ենք՝ եթե՛ նույնիսկ այդպիսի հեռագիր լիներ էլ, ապա առողջ մտածողությունն առաջին հերթին պետք է մի կարևոր հարցի պատասխաներ, արդյոք դա չի հանդիսացել քաղաքական իրավիճակից բխող դիվանագիտական քայլ՝ կանխելու համար ՀՀ վրա թուրքական ճնշումն Անդրանիկի ջոկատի զինաթափման հարցում, ինչն առկա էր 1918թ․ հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրի կնքման պահից: Բանն այն է, որ հիմնական մասով ՀՀ-ին պարտադրված պայմանագրի հինգերորդ կետում գրված է, որ ՀՀ «կառավարությունը պարտավորվում է եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմակերպմանն ու սպառազինմանը իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափ անել և ցրել բոլոր այն հրոսակախմբերը, որոնք կգան այնտեղ թաքնվելու»:  Թուրքական կողմի պահանջով, որին հայկական կողմը որքան հնարավոր էր հակազդել էր, մտցված այս կետն ամենից առաջ նկատի ուներ Անդրանիկին: Հայաստանի ղեկավարները չէին կարող խուսափել այդ հարցից, ՀՀ ռազմաքաղաքական դրությունը դա թույլ չէր տալիս: Այս առիթով Վրաստանում ՀՀ դիվանաիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը ՀՀ կառավարությանն ուղղված օգոստոսի 16-ի զեկուցման մեջ նշում է. «Անդրանիկի արարքների պատասխանատվությունը մեր կառավարության վրա ձգելը նույնպես ինձ վրա այն տպավորությունն է թողնում, թե թուրքերը ագրեսիվ նպատակներ ունեն և ուզում են, առիթներ են որոնում այդ նպատակներն իրագործելու համար»:

«Հեռագիրը» խորհրդային ժամանակներում ստիպողաբար կազմողները, իսկ մեր օրերում այդ անգո «հեռագրով» հրճվող ու նրա վերակենդանացմանը ձգտող հայոց պատմության կեղծարարները փորձում են Հայաստանի Հանրապետության ղեկավարների, այդ թվում և բոլոր ժամանակների մեծագույն հայորդիներից մեկի՝ Հանրապետության Հիմնադիր Արամ Մանուկյանի կողմից ժողովրդական հերոս Անդրանիկի դեմ ուղղված փաստարկ ներկայացնել նաև 1918թ. երկրորդ կեսի հայ-թուրքական բանակցությունները։ Ի դեպ, այդ բանակցություններին Արամ Մանուկյանի մասնակցությունը նրա պետական մտածողությունը վեր հանելու բնութագրական կողմերից է։ Ամոթ է դրանում այլ բան փնտրելը։

Պետք  է ընդգծել, ի հեճուկս այդ փաստը հետին նպատակներով ուրացողների, որ Արամը խիստ կշռադատված և լիովին պետականամետ մոտեցում էր որդեգրել հայ-թուրքական հարաբերություններում: Ճիշտ է Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտության հարցը 1918 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կասկած չէր հարուցում, սակայն Արամը, գտնելով, որ այն դեռևս իրենից մեծ ուժ է ներկայացնում և կարող է վնասել մեր երկրին, առերևույթ բարեկամական վերաբերմունք էր ցուցաբերում այդ պետության նկատմամբ: Արամի այդ կեցվածքը նկատել և հատուկ կերպով շեշտել է Վրաստանում գերմանական առաքելության ղեկավար գեներալ Կրեսը, որը Խալիլի հետ ժամանել էր Երևան։ Նա Արամին դասել է Թուրքիայի նկատմամբ սպասողական, ձգձգումների քաղաքականության կողմնակիցների թվին: Դա էր պահանջում հայոց շահը, որը լիովին գիտակցում էր Արամը։  Չէ՞ որ նա հեռատես, սթափ քաղաքական գործիչ էր, ոչ թե պատեհապաշտ։ Մշտապես թուրքական բռնապետության դեմ պայքարի առաջին գծում գտնվող, այդ պահին նրա կողմից հրահրվող թաթարական /դրանք ներկայիս ադրբեջանցիներն են/ խռովությունները հետևողականորեն ճնշող Արամը ոչ միայն ձեռնպահ մնաց Թուրքիայի հանցագործ կեցվածքը դատապարտող՝ տվյալ պահին ժամանակավրեպ արտահայտություններից, այլև բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպեց 1918թ․ օգոստոսի 31-ին Երևան ժամանած թուրք զորավար, ոճրագործ Խալիլի համար: Ժամանակը չէր խրոխտ կեցվածքի, այն միայն կբարդացներ հայոց կացությունը:

Ի դեպ, այս կապակցությամբ շատ տեղին կլինի, որ բանակցությունների անհրաժեշտությունը մերժող կամ դրանում դավ փնտրողները պատմական զուգահեռներ անցկացնեն Հռոմեական կայսրության /Հանրապետության/ նկատմամբ Հայոց Տիգրան Մեծ արքայի և Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի որդեգրած քաղաքականությունների հետ։ Բայց որպեսզի շատ չդժվարանան, միանգամից նշեմ, որ Հռոմի նկատմամբ խրոխտ կեցվածք որդեգրած Միհրդատը կործանեց իր պետությունը, իսկ դիվանագիտական կեցվածք որդեգրած, իր և թշնամու ուժերը սթափ գնահատող, ոչ այնքան իր անձի, որքան Հայոց պետության ու ժողովրդի մասին մտածող Տիգրան Մեծը սերունդներին թողեց հզոր հայկական պետություն։ Այս տողերը գրում եմ մի փոքր վախը սրտումս ունենալով, որ հանկարծ ԱՐԱՄԻՆ անհիմն մեղադրանքներ առաջադրողները այս անգամ էլ Տիգրան Մեծին չմեղադրեն դավաճանության մեջ։ Նրանց ի՞նչ կա, ինչպես նշվում է նշանավոր մուլտֆիլմում՝ «ո՛չ խիղճ ունեն, ո՛չ հոգի»։

Այո՛, ամբողջ կյանքը թուրքերի դեմ պայքարած Արամի գլխավորությամբ պատշաճ ընդունելություն կազմակերպվեց (1918թ. օգոստոսի 31-ին, այլ տվյալներով 1918թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Արարայի ճակատամարտից հետո) Երևան ժամանած թուրք զորավար Խալիլին: Արամն անձամբ ժամանեց երկաթուղային կայարան թուրք գործչին դիմավորելու համար ու գրկախառնվեց, անգամ համբուրվեց նրա հետ: Այս իրողությունից շատ ոգևորվածներին տեղեկացնենք, որ Արամն ամենևին ոգևորված չէր, դա նրա համար չափազանց ծանր էր ու տհաճ։ Դա է փաստում թեկուզ այն, որ նույն օրը երեկոյան Արամը հառաչանքով իր գործընկերներին ասաց հետևյալը․ «Այո՛, այս ժողովրդի /նկատի ուներ Երևանում զգալի թիվ կազմող սովահար և անուժ ժողովրդին-Ա․Ա․/ փրկության համար համբուրեցինք մինչև իսկ Խալիլին»։ Այո՛, հայրենիքի ու հայ ժողովրդի փրկության համար նա պատրաստ էր ցանկացած զոհողության։ Ինչևէ, 1918թ. Վրաստանում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալյանի վկայությամբ, Խալիլի հետ «պաշտոնական խոսակցությունը», այսինքն՝ հայ-թուրքական բանակցությունն ընթացավ Արամի բնակարանում:

Ելնելով հենց այն այն բանից, որ բանակցություններում քննարկվել է նաև Անդրանիկի հարցը, որին թուրքերը ձգտում էին վերացնել ասպարեզից, երբեմն, բնականաբար գերազանցապես փողոցային մակարդակով, պատմագիտությունից շատ հեռու, փոխարենը, կարծում եմ թուրքերին շատ մոտ կանգնած որոշ մարդիկ փորձել են, իսկ մեր օրերում պարզապես գերագույն ճիգեր են գործադրում բանակցությունները ներկայացնելու որպես ազգային շահերի և Անդրանիկի դեմ ուղղված ձեռնարկ:

Պետք է ասել, որ արխիվային նյութերի և գրականության ուսումնասիրությունից միանշանակորեն հետևում է, որ Անդրանիկի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցի քննարկումը ՀՀ կառավարության համար եղել է սոսկ դիվանագիտական, բանակցային քայլ, ոչ ավելին, քան զրույցի թեմա։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը երբեք չէր ընդունի Զանգեզուրում գտնվող Անդրանիկի դեմ զուտ հայկական զորք ուղարկելու ՀՀ վարչապետ Հ. Քաջազնունու՝ Խալիլին արված առաջարկությունը։ Պատճառը շատ պարզ է, Ադրբեջանն անշեղորեն ձգտում էր նվաճել Զանգեզուրը և ամեն ինչ անում էր երկրամասից Ժողովրդական հերոս Անդրանիկին և ցանկացած հայկական զինուժ հեռացնելու համար՝ ունենալով նախ թուրքերի, ապա անգլիացիների աջակցությունը:  Մյուս կողմից, Անդրանիկի հեղինակությունը (նաև զինուժը) այնքան մեծ էր, որ հանրապետության կառավարությունը չէր փորձի նրա դեմ զորք ուղարկել և սկսել եղբայրասպան պատերազմ, մի բան, որը կործանարար կլիներ երկուստեք: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը չճանաչող հերոսի գոյությունը ստեղծված պայմաններում, բացասական հետևանքներով հանդերձ, ավելի շատ ձեռնտու էր երկրին, քան վնաս, որովհետև իր գտնվելու շրջաններում հերոսը հանդիսանում էր զսպող ուժ թուրքերի դեմ: Առհասարակ, Անդրանիկը մեծապես խանգարում էր թուրքերի հայակուլ ծրագրերի իրագործմանը:

Բանակցությունների ընթացքում հարցի քննարկումը նպատակ է ունեցել կանխել ՀՀ վրա թուրքական ճնշումն Անդրանիկի ջոկատի զինաթափման հարցում, ինչն առկա էր Բաթումի պայմանագրի կնքման պահից: Դա են փաստում հարցին առնչվող հարակից արխիվային վավերագրերը և ժամանակակիցների, այդ թվում և Ժողովրդական հերոսի հուշերը, նրա հուշերը գրառած հեղինակները, որոնց մի մասը բազմաթիվ առումներով քննադատում է ՀՅԴ-ին:

Ինչևէ, բանակցությունների ընթացքում փորձելով օգտվել Խալիլի հետ ծանոթությունից, բայց ոչ երբեք բարեկամությունից, ինչպես փորձում են չարակամորեն ներկայացնել ոմանք, Արամն առաջ քաշեց Հայաստանի Հանրապետության տարածքի ընդարձակման հարցը, սակայն թուրք գործիչն առաջադրեց անընդունելի պայմաններ, այն է՝ Մեղրին փոխանակել Ջիվանշիրի և Վարանդայի շրջանների հետ, որոնց նկատմամբ հավակնություններ ուներ Ադրբեջանը: Խալիլ-Արամ  կապի շնորհիվ սովի ճիրաններում գտնվող Հայաստանը Խալիլից ստացավ 25000 փութ ցորեն: Բացի այդ, թուրք գործիչը հրահանգեց Բաշ-Գառնիի շրջանի Միլլի ձորի թաթարներին հեռանալ թուրքական տարածք՝ այն հայ փախստականությանը զիջելու նպատակով: Ինչպես և սպասելի էր, թաթարները չանսացին Խալիլի ձայնին, որի անկեղծությունը հույժ կասկածելի էր, և հայկական կողմը նշված տարածքն այդ թշնամական տարրից մաքրեց ուժով:

Ժամանակի փաստաթղթերի, գրականության և մամուլի, Ժողովրդական հերոս Անդրանիկի հուշերի, նրա մասին գրված տասնյակ աշխատությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության և նրա ազդեցիկ անդամներից մեկի՝ Արամ Մանուկյանի կողմից երբեք որևէ իրական քայլ թուրքերի հետ ընդդեմ Անդրանիկի չի կատարվել, որքան էլ որ առկա են եղել հակասություններ կողմերի միջև: Ընդհակառակը, որտեղ էլ որ ՀՀ ստեղծումից հետո եղել է Անդրանիկը՝ Սյունիքում թե Նախիջևանում, ՀՀ կառավարությունը և հայկական զինված ուժերի հրամանատարությունը, այդ թվում և Հայկական դիվիզիայի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանը, Անդրանիկին տրամադրել են ռազմական ու հետախուզական բնույթի տեղեկություններ՝ տեղեկություններ թուրքական զորքերի տեղաշարժերի և քանակի մասին, ինչպես նաև ցուցաբերել են որոշակի դրամական աջակցություն /ՀՀ ֆինանսական հնարավորությունները թույլ չտվեցին մեծ օժանդակություն ցուցաբերել ո՛չ Անդրանիկին և ո՛չ էլ այլ գործիչների կամ կառույցների/։ Իր հերթին Անդրանիկը, երբեք չի գործել ՀՀ դեմ, այլ հնարավորության սահմաններում թիկունք է կանգնել նրան, համագործակցել է ՀՀ կառավարության կողմից իր հաստատված վայրերում նշանակված լիազոր ներկայացուցիչների հետ։ Ո՛չ Անդրանիկի և ո՛չ էլ ՀՀ ստեղծողների ու ղեկավարների հայրենասիրությունն ու նվիրվածությունը հայ ժողովրդին սահմաններ չի ճանաչել։ Ձախողման են դատապարտված նրանց հասցեին ուղղված բոլոր կեղծ մեղադրանքները։ Չնայած, կարծում եմ, ներկայումս Հայոց պատմությունը կեղծողների հիմնական նպատակը դպրոցական առարկայական չափորոշիչներից հայ հասարակության ուշադրությունը շեղելն ու դրանց նկատմամբ առկա համաժողովրդական միասնությունը սասանելն է։ Չի հաջողվելու։ Պետք է ընդունվեն դպրոցական առարկայական այնպիսի չափորոշիչներ ու հայեցակարգեր, որոնք ամուր հենք կհանդիսանան հայրենասեր ու պետականասեր սերունդ դաստիարակելու և կրթելու համար և, դրանով իսկ, մեծապես կխթանեն հզոր Հայաստանի Հանրապետություն կերտելու գործընթացը։

Արմեն Ասրյան

yerkir.am

1