Թուղթ ստորագրելով՝ խաղաղություն չի լինի մեր տարածաշրջանում, դա ինքնախաբեություն է. Ռուբեն Վարդանյան
Գլխավոր » Լրահոս » Թուղթ ստորագրելով՝ խաղաղություն չի լինի մեր տարածաշրջանում, դա ինքնախաբեություն է. Ռուբեն Վարդանյան

Թուղթ ստորագրելով՝ խաղաղություն չի լինի մեր տարածաշրջանում, դա ինքնախաբեություն է. Ռուբեն Վարդանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ես հոգնում էի բոլորին բացատրել, որ մարդն ուղղակի կարող է հայրենասեր լինել: Գալ ու Արցախի ժողովրդի կողքին կանգնելը միակ ճիշտ քայլն է այն մարդկանց համար, ովքեր որոշել էին, որ հայրենիքն ամենակարևորն է:
  • Արդեն 6 ամիս ես այստեղ եմ՝ իմ երկրի, իմ հայրենիքի համար, որքան էլ որ որոշ մարդիկ չհավատան, ու որքան էլ որ դա պաթետիկ հնչի:
  • Ես եկել եմ որպես զինվոր ու կանգնած եմ իմ հայրենակիցների կողքը: Արցախն ունի ընտրված նախագահ, որը կատարում է գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Դա դո՞ւր է գալիս մարդկանց, թե՞ ոչ, այդ պարտականությունն ու պատասխանատվությունը նրա վրա է: Ես այդ մոդելով եմ նայում այս ամենին: Ինքը որոշել է, որ Արցախի համար ավելի ճիշտ կլինի, որ ես այդ պաշտոնը չզբաղեցնեմ, շատ բարի… Նույն կերպ ընդունեցի, երբ ինքը որոշեց, որ լավ կլինի՝ ես այդ պաշտոնը ստանձնեմ:
  • Ես չէի պատրաստվում դառնալ պետական պաշտոնյա, ես եկել էի աշխատելու և Արցախին օգնելու, բայց որոշումները կայացվում են, և եթե դու գտնում ես, որ սա պայքար է, ու դու պայքարելու ես, պետք է որոշում կայացնես: Ես ամեն ինչ անում եմ, որ Արցախը մնա անկախ, հայկական ու արժանապատիվ, և այն տեղը, որ այդ համատեքստում ես պետք է զբաղեցնեմ, կորոշվի ընդհանուր հրամանատարի կողմից:
  • Արայիկ Հարությունյանն իր ելույթում փակագծերը բացեց այնքան, որքան կարողացավ: Ինձ պաշտոնից ազատելը ես համարում էի սխալ որոշում, որովհետև վստահ էի, որ իմ պաշտոնանկությունից հետո անգամ Ադրբեջանը չի փոխի իր վերաբերմունքն Արցախի նկատմամբ: Ես համարել և համարում եմ, որ դրսից որևէ ճնշման ենթարկվել պետք չէ, որովհետև կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որ կամ պետք է կորցնենք մեր հայրենիքը, կամ մինչև վերջ պայքարենք:
  • Մենք տեսանք, որ ինձ պաշտոնից ազատելուց հետո էլ ոչինչ չփոխվեց, իրավիճակն ավելի սրվեց, մենք ունեցանք զոհեր, Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի ագրեսիվ դարձավ:
  • Այնպես չէ, որ Արցախի շրջափակումն անցյալ տարվա աշնանից է սկսվել: Մեկ տարի առաջ այս օրերին էլ էր Ադրբեջանը երկու շաբաթով Արցախում դադարեցրել գազամատակարարումը, երբ ահավոր ցուրտ էր:
  • Ադրբեջանի մոտեցումը Արցախյան հարցին միակն է՝ Արցախում հայեր չպետք է ապրեն:
  • Բոլորը տեսան, որ միայն Ռուբեն Վարդանյանը չէ, որ չի ընդունում Ադրբեջանի հռետորաբանությունը, այլ ամբողջ Արցախի ժողովուրդը: Իսկ այն մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն, նրանք դավաճաններ են ու իրավունք չունեն Արցախում մնալու:
  • Մենք ավելի համախմբվեցինք, հասկացանք, որ միակ ճանապարհը պայքարն է, որ մենք ապրենք մեր հողի վրա՝ որպես ազատ, արժանապատիվ քաղաքացիներ, մեր օրենքներով և մեր ձևերով:
  • Վերջին մի քանի ամսվա ընթացքում ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ դա ոչ թե անձի հետ է կապված, այլ դիրքորոշման:
  • Ադրբեջանի օգտագործած ամենաուժեղ զենքը քաղաքական զենքն է, երբ մեզ փորձում են տարանջատել ու մեր միջև սեպ խրել: Երբեմն դա նրան հաջողվում է, բայց ընդհանուր առմամբ մարդիկ հասկանում են դրա վտանգը:
  • Մենք ունենք ղեկավար, ով ընտրված է Արցախի ժողովրդի կողմից և լեգիտիմ դեմք է Արցախում: Եվ եթե նա ոչ թե որպես ղեկավար, այլ առաջնորդ՝ պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը՝ տանելով և՛ պարտության, և՛ իր մի քանի տարվա աշխատանքի ընթացքում կատարած սխալների բեռը, եթե ինքը պատրաստ է լինել առաջնորդ, որը պայքարելու է և ժողովրդին միավորելու է իր կողքը՝ այն գաղափարի շուրջ, որ մենք պայքարում ենք ոչ թե անձի, այլ անկախ, արժանապատիվ հայեր Արցախում ունենալու համար, բոլորը պետք է մի կողմ թողնեն իրենց և դժգոհությունը, և թերահավատությունը: Արցախի նախագահը պետք է ապացուցի, որ դրանք զուտ խոսքեր չեն, կենացներ չեն, այլ իսկապես քայլեր, որ ամեն օր նա պետք է անի: Եթե ինքը ապացուցի, որ դա այդպես է, մենք, այո, պետք է իր կողքը կանգնենք, եթե ոչ, դա արդեն ուրիշ տարբերակ է, որը բերելու է ցավալի իրավիճակի, որովհետև մենք ունենալու ենք իրավիճակ, երբ ունենք ղեկավար, որ պատրաստ չէ լինել առաջնորդ:
  • Մենք պետք է շարունակենք մեր պայքարն այնպես, ինչպես եղել է 1988թ., երբ, օրինակ, Հենրիխ Պողոսյանը, դառնալով շրջկոմի ղեկավար, ուզում էր Արցախը տանել փափուկ ինտեգրացիայի, ինչը չընդունվեց ժողովրդի կողմից:
  • Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում: Ընտրելու է Արցախի ժողովուրդը: Ղեկավարները պետք է հասկանան այդ պատասխանատվությունը:

168.am

1