Թուղթ ստորագրելով՝ խաղաղություն չի լինի մեր տարածաշրջանում, դա ինքնախաբեություն է. Ռուբեն Վարդանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ես հոգնում էի բոլորին բացատրել, որ մարդն ուղղակի կարող է հայրենասեր լինել: Գալ ու Արցախի ժողովրդի կողքին կանգնելը միակ ճիշտ քայլն է այն մարդկանց համար, ովքեր որոշել էին, որ հայրենիքն ամենակարևորն է:
- Արդեն 6 ամիս ես այստեղ եմ՝ իմ երկրի, իմ հայրենիքի համար, որքան էլ որ որոշ մարդիկ չհավատան, ու որքան էլ որ դա պաթետիկ հնչի:
- Ես եկել եմ որպես զինվոր ու կանգնած եմ իմ հայրենակիցների կողքը: Արցախն ունի ընտրված նախագահ, որը կատարում է գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Դա դո՞ւր է գալիս մարդկանց, թե՞ ոչ, այդ պարտականությունն ու պատասխանատվությունը նրա վրա է: Ես այդ մոդելով եմ նայում այս ամենին: Ինքը որոշել է, որ Արցախի համար ավելի ճիշտ կլինի, որ ես այդ պաշտոնը չզբաղեցնեմ, շատ բարի… Նույն կերպ ընդունեցի, երբ ինքը որոշեց, որ լավ կլինի՝ ես այդ պաշտոնը ստանձնեմ:
- Ես չէի պատրաստվում դառնալ պետական պաշտոնյա, ես եկել էի աշխատելու և Արցախին օգնելու, բայց որոշումները կայացվում են, և եթե դու գտնում ես, որ սա պայքար է, ու դու պայքարելու ես, պետք է որոշում կայացնես: Ես ամեն ինչ անում եմ, որ Արցախը մնա անկախ, հայկական ու արժանապատիվ, և այն տեղը, որ այդ համատեքստում ես պետք է զբաղեցնեմ, կորոշվի ընդհանուր հրամանատարի կողմից:
- Արայիկ Հարությունյանն իր ելույթում փակագծերը բացեց այնքան, որքան կարողացավ: Ինձ պաշտոնից ազատելը ես համարում էի սխալ որոշում, որովհետև վստահ էի, որ իմ պաշտոնանկությունից հետո անգամ Ադրբեջանը չի փոխի իր վերաբերմունքն Արցախի նկատմամբ: Ես համարել և համարում եմ, որ դրսից որևէ ճնշման ենթարկվել պետք չէ, որովհետև կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որ կամ պետք է կորցնենք մեր հայրենիքը, կամ մինչև վերջ պայքարենք:
- Մենք տեսանք, որ ինձ պաշտոնից ազատելուց հետո էլ ոչինչ չփոխվեց, իրավիճակն ավելի սրվեց, մենք ունեցանք զոհեր, Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի ագրեսիվ դարձավ:
- Այնպես չէ, որ Արցախի շրջափակումն անցյալ տարվա աշնանից է սկսվել: Մեկ տարի առաջ այս օրերին էլ էր Ադրբեջանը երկու շաբաթով Արցախում դադարեցրել գազամատակարարումը, երբ ահավոր ցուրտ էր:
- Ադրբեջանի մոտեցումը Արցախյան հարցին միակն է՝ Արցախում հայեր չպետք է ապրեն:
- Բոլորը տեսան, որ միայն Ռուբեն Վարդանյանը չէ, որ չի ընդունում Ադրբեջանի հռետորաբանությունը, այլ ամբողջ Արցախի ժողովուրդը: Իսկ այն մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն, նրանք դավաճաններ են ու իրավունք չունեն Արցախում մնալու:
- Մենք ավելի համախմբվեցինք, հասկացանք, որ միակ ճանապարհը պայքարն է, որ մենք ապրենք մեր հողի վրա՝ որպես ազատ, արժանապատիվ քաղաքացիներ, մեր օրենքներով և մեր ձևերով:
- Վերջին մի քանի ամսվա ընթացքում ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ դա ոչ թե անձի հետ է կապված, այլ դիրքորոշման:
- Ադրբեջանի օգտագործած ամենաուժեղ զենքը քաղաքական զենքն է, երբ մեզ փորձում են տարանջատել ու մեր միջև սեպ խրել: Երբեմն դա նրան հաջողվում է, բայց ընդհանուր առմամբ մարդիկ հասկանում են դրա վտանգը:
- Մենք ունենք ղեկավար, ով ընտրված է Արցախի ժողովրդի կողմից և լեգիտիմ դեմք է Արցախում: Եվ եթե նա ոչ թե որպես ղեկավար, այլ առաջնորդ՝ պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը՝ տանելով և՛ պարտության, և՛ իր մի քանի տարվա աշխատանքի ընթացքում կատարած սխալների բեռը, եթե ինքը պատրաստ է լինել առաջնորդ, որը պայքարելու է և ժողովրդին միավորելու է իր կողքը՝ այն գաղափարի շուրջ, որ մենք պայքարում ենք ոչ թե անձի, այլ անկախ, արժանապատիվ հայեր Արցախում ունենալու համար, բոլորը պետք է մի կողմ թողնեն իրենց և դժգոհությունը, և թերահավատությունը: Արցախի նախագահը պետք է ապացուցի, որ դրանք զուտ խոսքեր չեն, կենացներ չեն, այլ իսկապես քայլեր, որ ամեն օր նա պետք է անի: Եթե ինքը ապացուցի, որ դա այդպես է, մենք, այո, պետք է իր կողքը կանգնենք, եթե ոչ, դա արդեն ուրիշ տարբերակ է, որը բերելու է ցավալի իրավիճակի, որովհետև մենք ունենալու ենք իրավիճակ, երբ ունենք ղեկավար, որ պատրաստ չէ լինել առաջնորդ:
- Մենք պետք է շարունակենք մեր պայքարն այնպես, ինչպես եղել է 1988թ., երբ, օրինակ, Հենրիխ Պողոսյանը, դառնալով շրջկոմի ղեկավար, ուզում էր Արցախը տանել փափուկ ինտեգրացիայի, ինչը չընդունվեց ժողովրդի կողմից:
- Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում: Ընտրելու է Արցախի ժողովուրդը: Ղեկավարները պետք է հասկանան այդ պատասխանատվությունը:
168.am