Թշնամու զորքը հետ չի գնացել, սարերին իրենք են, դաշտում հայ գյուղացին. Վերին Շորժայի ղեկավար
Ադրբեջանցիները հետ չեն գնացել, նույն դիրքերում կանգնած են, իրավիճակը ոնց կար, նույնն է մնում, ոչ մի փոփոխություն, ինչ կար նույն ձեւ մնում է, իրենք սարերում են, գյուղացիները ներքեւի դաշտերում. Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
Նշենք, որ թշնամու զորքն արդեն մի քանի օր է, առանց դիմադրության, ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր: Երանոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական զորքը, Վարդենիսի ուղղությամբ, մոտավոր հաշվարկենրով 300-400 մետր առաջ է եկել: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ որեւէ փոփոխություն չկա, թշնամին նույն տեղում կանգնած է: Հայաստանի սարերում թշնամու զորքն է նստած, ներքեւում գյուղացին է՝ բաց դաշտում գարնան աշխատանք է անում:
«Հենց հիմա գյուղացիները դաշտում գործ են անում, վտանգի մասին չեն մտածում»,-նշեց նա:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի այցից հետաքրքրվեցին, ի՞նչ է ասում, ի՞նչ աշխատանքներ են տարվում: «Ես չգիտեմ, իրեն հարցրեք՝ ի՞նչ է ասում, ես չգիտեմ»,-կծկտուր պատասխանեց Վերին Շորժայի ղեկավարը՝ հորդորելով մարզպետի այցի մասին հետաքրքրվել անձամբ Սանոսյանից:
Ի դեպ, երեկվանից փորձում ենք կապ հաստատել մարզպետի հետ, վերջինս չի պատասխանում մեր զանգերին:
Հարցին՝ այն սարերում, որտեղ այս պահին ադրբեջանական զորքն է, մեր բանակից դիրքապահ տղերք կա՞ն, պաշտպանություն կա, Երանոսյանն ասաց. «Անպայման, բա ո՞նց չկան, տղերքը իրենց տեղում են, դրա համար էլ հանգիստ աշխատանքներ ենք կատարում»:
Այդ դեպքում ինչպե՞ս են ադրբեջանցիները առանց մեկ կրակոցի 300-400 մետր առաջ եկել, եթե դիրքերում զինվորներ կան, հարցին ի պատասխան՝ Երանոսյանը զայրացավ.
«Դե հիմա էնքան հարցեր եք տալիս, ես իրենց տեղը ո՞նց կարող եմ պատասխանել: Հիմա մեկ ուրիշ Ձեզ էդ հարցը, որ տա ո՞նց կպատասխանեք, կարա՞ք պատասխանեք»:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են ասում պաշտպանության նախարարությունից, ձայն բարբառո անապատի. «Ես չգիտեմ՝ ինչ են ասում»:
Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն երկու օր է՝ ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ հակառակորդի զորքը Վարդենիսի շրջանում սարի գլխի դիրքերից 3 կմ իջել է ներքեւ, խրամատներ է փորում։ Դիրքապահ զինվորներն են հայտնել էին, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաեւ Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։
Լիանա Սարգսյան