Թշնամու տիրապետության տակ է անցել շուրջ 20 զբոսաշրջավայր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թշնամու տիրապետության տակ է անցել շուրջ 20 զբոսաշրջավայր

Թշնամու տիրապետության տակ է անցել շուրջ 20 զբոսաշրջավայր

Մայիսի 25-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Ներկայացվել են արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության ոլորտի, հանրային հեռուստառադիոընկերության և «Ազատ Արցախ» թերթի 2020 թվականի բյուջեների կատարողականները:

Արցախի էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարի տեղակալ Նորայր Մուսայելյանը, ներկայացնելով զբոսաշրջության զարգացման ծրագրի ուղղությունները, նշել է, որ անցած տարվա ընթացքում ծրագրին հատկացվել է 5մլն 32 հազար դրամ, որից ծախսվել է 4 մլն 831,7 հազար դրամ:

Նա տեղեկացրել է, որ 2020թ. Արցախի Հանրապետություն է այցելել 3016 օտարերկրյա զբոսաշրջիկ, նրանցից 1935 հոգի ԱՊՀ երկրներից, 1081 հոգի՝ այլ երկրներից: 2019թ. Արցախ այցելողների թիվը կազմել էր շուրջ 42000 զբոսաշրջիկ:

«Պատերազմական գործողությունների հետևանքով թշնամու տիրապետության տակ է անցել շուրջ 20 զբոսաշրջավայր, իսկ մեր վերահսկողության տակ մնացած զբոսաշրջավայրերի թիվը 13 է»,- ասել է փոխնախարարը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված Ամարաս այցելությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կազմակերպելը, քանի որ վանքը գտնվում է մեր վերահսկողության տակ:

Նորայր Մուսայելյանն ի պատասխան նշել է, որ անվտանգությունից ելնելով է նաև ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում, որպեսզի սահմանամերձ բնակավայր այցելության ընթացքում զբոսաշրջիկների մոտ անվտանգության վստահություն լինի:

1