Թշնամու դատարանում դատվողը ոչ միայն պատանդառվածներն են, այլեւ յուրաքանչյուր հայ, ով ցանկանում է Հայրենիք ունենալ
Հայտարարություն. Հունվարի 17-ից մեկնարկելու է Ադրբեջանում պահվող 23-ից 16 հայ պատանդների, ներառյալ՝ Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների ապօրինի դատավարությունը։ Բոլորի համար պարզ է, որ այդ շինծու դատավարության հիմնական նպատակը քաղաքական է, որի միջոցով Ադրբեջանի բռնակալ պետությունը փորձելու է ճնշում բանեցնել Հայաստանի Հանրապետության վրա, վարկաբեկել Արցախի պետականությունը։
Դատավարության ապօրինի ընթացքը եւ մարդու տարրական իրավունքների խախտումն ու անտեսումը անվիճարկելի են։ Մեզ համար պարզ է, որ բազմաբնույթ ճնշումների ներքո կորզված հավանական ցուցմունքները չեն կարող հանդիսանալ որեւէ փաստական հիմք՝ Արցախի պետականությունն ու նրա գոյության փաստը հարցականի տակ դնելու համար։
Հստակ է, որ թշնամու կողմից պատանդառված գերիներն ու ռազմաքաղաքական ղեկավարները եղել են Արցախի պետականության պահապանն ու կերտողը։
2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններն ապացուցեցին ռազմաքաղական ղեկավարների հանձնառու կեցվածքը Արցախի ժողովրդի անվտանգության նկատմամբ։ Այդ արժանապատվորեն իրացված պատասխանատու կեցվածքն ապացուցվեց մինչեւ վերջին պահը ժողովրդի կողքին մնալով եւ անձնական ազատությունը ստորադասելով, ինչի հետեւանքով նրանք հայտնվեցին Բաքվի բանտում։
Արցախի պետականությունը հիմնվել է հայ ժողովրդի կամքի թելադրանքով եւ հազարավոր ազատատենչ հայորդիների պայքարի ու արյան գնով։ Հետեւաբար, թշնամու դատարանում դատվողը ոչ միայն պատանդառվածներն են, այլեւ յուրաքանչյուր հայ, ով ցանկանում է Հայրենիք ունենալ եւ ազատության համար մաքառել։
ՀՅԴ Արցախի ԿԿ
15 հունվար, 2025թ․