Թշնամին ինտենսիվ կրակել է Սոթքի եւ Կութի ուղղությամբ
Գիշերը ինտենսիվ կրակել են, իրիկունը 10-ից սկսած՝ մինչեւ գիշերը 2-3-ը կրակել են։ Կրակոցները եղել են Սոթքի եւ Կութի ուղղությամբ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված բնակավայրի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Կրակոցներից, բարեբախտաբար, տուժածներ չկան։
«Ծանր տեխնիկա չի աշխատել, հիմնականում կրակել են ԱԿ-74-ից եւ ականանետից։ Հիմա՝ էս պահի դրությամբ վիճակը հանգիստ է։ Առաջխաղացում չկա, չի գրանցվել։ Մեր կողմից կրակոցներ չեն եղել, պահում են կանոնները, բայց իրենք լկտիություն են ցուցաբերում»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Նա հայտնեց, որ անհանգստություն կա, բայց մարդիկ զբաղված են իրենց առօրյայով։
Հիշեցնենք, որ թշնամին երկու ամսից ավելի է՝ Հայաստանի սահմանների ներսում է, իսկ կրակոցներն այս հատվածում շատ հաճախակի են։ Կութի վարչական ղեկավար Սիմա Թիտչյանն էլ Yerkir.am-ին հայտնեց, որ կրակոցներից հետո գիշերը համեմատաբար հանգիստ է լուսացել։
«Իրիկունը կրակոցներ եղել են մինչեւ 0 ժամ 30-ը։ Գիշերը նորմալ անցել է, առավոտյան եղել է նորմալ։ Գիշերը՝ 9-ն անց կես, սկսել են՝ ընդմիջումներով, բայց՝ հիմնականում երկար տեւողությամբ՝ դիրքերում։ Գյուղի ուղղությամբ չի եղել»,-հայտնեց Կութի ղեկավարը։
Սիմա Չիտչյանը հայտնեց՝ կրակոցներ եղել են նաեւ երեկ չէ առաջին օրը, բայց՝ ոչ ինտենսիվ։ Տեխնիկայի տեղաշարժ չի եղել։
«Խոտհարքները մնացել են նրանց տարածքներում, գյուղի աջ կողմում՝ «Երեք քար» ենք ասում, էնտեղ ժողովուրդը ձեռքով քաղ է անում։ Առավոտվանից հանգիստ է, ոչինչ չի եղել»,-Yerkir.am-ին ասաց Սիմա Չիտչյանը։