Թող բարեխոս դառնան մեր սրբերը՝ մեր ապագայի և ինքնության համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թող բարեխոս դառնան մեր սրբերը՝ մեր ապագայի և ինքնության համար

Թող բարեխոս դառնան մեր սրբերը՝ մեր ապագայի և ինքնության համար

Ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կազմակերպած ավանդական ջահերով երթի ավարտին Ստեփանակերտի հուշահամալիրում ելույթ է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Ողջունում ենք ձեզ՝ բոլորիդ, ուխտի, երթի, խոնարհումի, պահանջատիրության այս երթին:

Մանուկ թե մեծահասակ, կին թե տղամարդ, զինվորական թե հոգևորական, բոլորս ի մի ենք հավաքվել Զանգակատան այս հիշարժան վայրում՝ ոգեկոչելու և մեր սրտի մեջ աղոթք բարձրացնելու առ Աստված ու խնդրելու բարեխոսությունը Սրբոց նահատակաց մեր հայրերի ու մայրերի:

Երջանկահիշատակ Վազգեն Վեհափառ հայրապետը մի առիթով ասել է. «Հայր ծնվելը պատիվ է, ապրելը՝ պայքար, իսկ մահանալը՝ հաղթանակ»: Ինչո՞ւ է հայի համար պատիվ՝ ծնվելը: Պատիվ, որովհետև, ի տարբերություն այլազգիների, մեր ճակատին դրոշմված է աստվածային կնիքը, օրհնությունը, այլ ոչ թե անեծքը: Պատիվ է, որովհետև ի ծնե մենք պայքարել ենք հանուն լույսի, հանուն հաղթանակի, հանուն Քրիստոսի հրաշափառ հարության: Ապրելը պայքար է, որովհետև Քրիստոսին հավատացող անձը նույն ճանապարհով է պայքարում, նույն ճանապարհով արարում և բարձրանում մինչև իսկ Գողգոթա: Այդ առումով, հայի  կենսակերպը և նրա ապրելակերպը համահունչ են Քրիստոսի չարչարանքներին ու ապրելակերպին, իսկ մահը՝ հաղթանակ, որովհետև Քրիստոսը հաղթեց մահին ու հարություն առավ:

Ուստի, սիրելիներս, եթե մենք աղոթքով ենք կապվում մեր նախնիների հետ, խոսում նրանց հետ և խնդրում բարեխոսությունը նրանց, որպեսզի տիրոջ առաջ մեր մասին բարեխոսեն, եթե առիթ լինի հանդիպելու և հարց տալու մեկս մյուսին, ի՞նչ կասեն նահատակները մեզ և ի՞նչ պիտի ասենք մենք իրենց:  Այդ երկխոսության մեջ մեկ ճշմարտություն կա՝ չհավատալ թուրքին: Եվ կարծում եմ, որ դրա մեջ մեծ ճշմարտություն է, որովհետև կյանքը ցույց է տալիս մեր ապրելակերպը: Եթե ուզում ենք հաղթանակ ունենանք, ուրեմն պետք է միաբանված լինենք մեկ և ճշմարիտ գաղափարախոսության շուրջ, որով կարողանանք պահպանել մեր ինքնությունը, մեր պետականությունը, մեր եկեղեցին ու սրբությունը: Կարևորագույն հարցերում մենք միշտ պիտի միասիրտ և միակամ լինենք, որովհետև դրանով է պայմանավորված մեր ապագան:

Հույսը երբեք չի ամաչեցնում: Ահա այս հույսով պետք է ապրենք, արարենք ու ստեղծագործենք: Այս առումով, կարծում եմ, ձեր աղոթքն առ Աստված այս պահին թող ընդունելի լինի մեր սրբերի կողմից և բարեխոս դառնա Տիրոջ առաջ, որ շշնջում և խնդրում ենք Տիրոջը, որ ընդունի մեր ցանկություններն ու մտածումները մեր վաղվա օրվա համար:

Եթե մենք իրապես աղոթող ազգ ենք, ճշմարտության և հաղթանակի համար բոլոր նշաձողերը դնում ենք մի կողմ, իսկ հաղթանակի համար զոհաբերում ենք անգամ մեր իսկ կյանքը, կնշանակի՝ Աստված ընդունում է մեր ճամփորդությունը:

Թող Տերն ընդունի մեր աղոթքները, և մեր աղոթքները բարձրանան առ Աստված ու բարեխոս դառնան մեր սրբերը մեր ապագայի և մեր ինքնության համար»:

1