Թիրախային խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանված անձանց եւս երկու ամիս կտրամադրվի սոցիալական աջակցություն

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագիրը երկարաձգվում է 2 ամսով։
«ՀՀ կառավարությունը 2024 թվականի նոյեմբերի 21-ին ընդունել է N 1833-Լ որոշումը, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ին ընդունվել է N 417-Լ որոշումը, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում 2025 թվականի ապրիլի 1-ից շահառուներ են դիտարկվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 63 և ավելի տարեկան կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք և մինչև 18 տարեկան երեխաները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախային խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։