«Թևանիկ»-ը շարունակում է Ամանորին ուրախացնել արցախցի փոքրիկներին
Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակերպությունը շարունակում է լինել տեղահանված, պատերազմ ու զրկանքներ տեսած արցախցիների կողքին։
Կազմակերպության պատասխանատու Իվետ Դանիելյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է Ամանորին՝ արցախցի փոքրիկներին ուրախացնելու հերթական նախաձեռնության մասին։
«Ամեն տարվա նման «Թևանիկ»-ը շարունակում է Ամանորին նվերներ մատուցել այս անգամ Սյունիքի սահմանամերձ համայնքներում հաստատված արցախցի բալիկներին։ Այս տարի մոտ 300 քաղցրավենիքներով կապոցներ ենք պատրաստել «Թևանիկ»-ի խմբով միասին։
Կապոցներից 50-ը Արցախի ղեկավարության միջոցով՝ փոխանցել ենք վառելիքի պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների զավակներին։
250 հատ ուղարկել ենք Սյունիքի շրջան, որը բաժանվել է Սյունիքում՝ Քարահունջի Հարճիս գյուղի, Գորիսի մեկ մանկապարտեզների, Կոռնիձորի, ինչպես նաև Սիսիանի և Կապանի շրջաններում հաստատված արցախցի անապահով ընտանիքների փոքրիկներին։
Նաեւ Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան ուղարկած 40 կապոցները հանձնել ենք Վայքի շրջանում և տարբեր համայնքներում բնակվող անապահով ընտանիքների։ Սա նվազագույնն է, որ կարողանում ենք անել մեր խմբով՝ ամեն տարի ուրախություն պարգևելով մեր փոքրիկներին»,- նշել է խմբի ղեկավար Իվետ Դանիելյանը, խոստանալով, որ «Թևանիկ»-ը շարունակելու է լինել արցախցիների կողքին։








