Թեկուզ այրված, թեկուզ քանդված ես իմ տունն եմ ուզում դառնալ․․․
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թեկուզ այրված, թեկուզ քանդված ես իմ տունն եմ ուզում դառնալ․․․

Թեկուզ այրված, թեկուզ քանդված ես իմ տունն եմ ուզում դառնալ․․․

Նիկոլայ Չաքմազյանն է։ Նա ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 17-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Կրթությունը ստացել է տեղի մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցի ակտիվ սաներից էր։ Տոն օրերին հայրենի սարերում տարածվում էին Նիկոլայի երգի ղողանջները։

«Հայո՛ց բանակ հաղթական, մնա միշտ կանգուն,

Որդիներով  առնական հաղթենք թշնամուն»։  

Ինտելեկտուալ, սպորտային թե երաժշտական մրցույթներում Նիկոլայի անունն առաջինն էին գրում՝ առանց նրա կարծիքը հարցնելու։ «Եթե քու անմդ կիրիմ վեչ, պա հուրնմ  կիրիլան»,- ամենանգամյա հնչող պատասխան էր։

-Երբ Կոլիկը մրցույթներին մեզ հետ էր լինում, մենք դրանից արդեն ոգեշնչվում էինք։ Եթե անգամ չհաղթեինք(ինչը հազվադեպ էր լինում ), նա այնպես կաներ, որ մենք հաղթողի տրամադրությամբ վերադառնայինք  տուն։ Մի քանի օր իր կատակների ազդեցության տակ էինք  մնում ու հրճված դեմքով  պատմում մյուսներին,- դասընկերն է հիշում։

Նիկոլայը հայոց բանակի շարքերը համալրել է 2020 թվականի հունվարի 8-ին։ Պաշտպանում էր Արցախի հարավարևելյան թևը։ Ընդամենը 10 ամսվա զինծառայող էր, երբ ճաշակեց պատերազմն  ու զգաց ոտքերի տակ դղրդացող հողը։

 Սեպտեմբերի 27-ի առավոտյան Նիկոլայը հերթապահության  էր, դիտակետն էր ստուգում, երբ առաջին անօդաչուն «հյուր» եկավ, հետո երկրորդն ու մյուսները։

-Երբ լսեցի անօդաչուների ձայնը, ուզում էի «տապիկով» կապի դուրս գալ, բայց  երկրորդ պտույտի ժամանակ անօդաչուն ընկավ ուղիղ դիտակետի վրա։ Իրենք տանկերով էին, մենք՝ ականանետերով ու ավտոմատով,- ասում է Նիկոլայը։

Զինընկերներից Կարեն Բալայանը պատմում է, որ փամփուշտները գրեթե վերջացել  էին, ու ստիպված էին  նահանջել։ Եվ միայն դիտակետից դուրս նկատեցին Նիկոլայի բացակայությունն ու ետ դարձան խրամատ։ 

— Մի քանի հոգով հետ վազեցինք ու տեսանք՝ Կոլյան խրամատում մենակ կանգնած է՝ հրաժեշտի նամակը մի ձեռքում, նռնակն էլ՝ մյուսում։ Սպասում էր՝ թշնամին մտնի դիտակետ՝ «կոլցոն» հանի։ Լավ է՝ ժամանակին էինք հասել։

Երբ խրամատում մենակ էր մնացել, մի պահ մտովի անցել էր հայրենի գյուղի տուն տանող ճանապարհով, պոկել հարևանի խնձորենուց, իջել աղբյուրի մոտ ու տուն հասնելով՝ գրկել ծնողներին, հրաժեշտ տվել սիրելիին․ Նիկոլայն է կիսվում վայրկենական պատկերացումներով։

-Այնքան էին մոտեցել, որ կրակելիս պարկուճը ընկնում էր մոտս։ Արդեն գրանատը ուզում էի քաշել, երբ լսեցի  դասակի հրամանատարի ձայնը։ Դիրքից որ  կանչեց, գետնից վեր կացա՝ մատս դեռ «կոլցոյի» մեջ, ու վազեցի  իրենց  ուղղությամբ։ Նրանք ինձ համոզում էին դուրս գալ խրամատից՝ նորից վերադառնալու պայմանով։ Մի քանի օրից մենք նույն վայրում էինք։ Հարձակվեցինք ու գրավեցինք նաև իրենց  դիրքը։

Նիկոլայի խոսքով՝ թշնամուն առաջ մղող ուժը ոչ թե հայրենիքի փրկության գաղափարն էր, այլ ուժեղ դեղերի ազդեցությունը։ Երբ իրենց խրամատում էին, քարտեզ, դեղերի սրվակ ու դրոշ էին գտել։

-Հայրս արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներից էր ու մեր դպրոցի զինղեկը։ Երբ տղաներով հավաքվում էինք, սկսում էր պատերազմից պատմել, մենք էլ ծիծաղում էինք, մտածում էինք՝ ֆիլմ է պատմում։ Բայց, երբ մի քանի կմ հեռավորության վրա թշնամուն տեսա, հայրենիքս  կորցնելու վախը գիտակցեցի, այդ պահին հորս պատմած «ֆիլմը» իմ իրականությունն էր դարձել։

Նիկոլայը պատերազմի ընթացքում «ճամփորդություն» էր ունեցել Արցախի տարածքում՝ Ջաբրայիլից Հադրութ, Հադրութից Ճարտար, Մարտունի, ու նորից Հադրութ էր գնացել։ Վերջին անգամ Հադրութի դիրքի պաշտպանության ժամանակ էլ մեկ շաբաթ շրջափակման մեջ է հայտնվել։

Մենք քարտեզ էինք գծում, հնարավոր ու անհնար ելքերը քննարկում։ Մեկ շաբաթից հաջող դուրս եկանք շրջափակումից ու տեղափոխվեցինք համեմատաբար ապահով դիրք, — պատմում է զրուցակիցս։

Քույրը՝ Ժուլյան, «Սպասումի օրեր» է անվանել այդ շաբաթը. այդ ընթացքում եղել է հեռախոսը ձեռքին, ականջն էլ՝ եղբոր ձայնին կարոտ։

-Մենք տեղեկություն չունեինք Կոլիկից։ Մինչև  կապվեցինք հետը, կես մարդ էինք դարձել։ Անհանգստացած, մի քիչ էլ բարկացած տոնով հարցնում էի՝ ինչո՞ւ չէիր զանգում, ինքը հանգիստ տոնով պատասխանում էր.

Ժո՛ւլ,  անհանգստանալու բան չկար, մի քանի օրով շրջափակման մեջ էինք, հիմա ամեն ինչ լավ է, — մեզ ուրախացնելու համար էլ ոգևորված ասում  է,- համ էլ «Արիության մեդալ»-ի համար իմ անունն էլ են գրել»։

Հայրենասիրությունը մայրական կաթով էր փոխանցվել հերոսին։ Պատերազմի անսպասելի հանգուցալուծումը կոտրեց նրա պայքարող ոգին, բայց հույսը՝ նորից հայրենի տուն տանող, վիրակապում է  սերժանտի դեռ  չսպիացող վերքն ու պատրաստում հաղթական վերադարձին։

Թեկուզ այրված, թեկուզ քանդված ես իմ տունն եմ ուզում դառնալ։

Անի Աբաղյան

1