Թե Փաշինյանը, թե Ալիևը Արցախի մասին խոսում են նույն լեզվով․ Արթուր Մոսիյան
Գլխավոր » Լրահոս » Թե Փաշինյանը, թե Ալիևը Արցախի մասին խոսում են նույն լեզվով․ Արթուր Մոսիյան

Թե Փաշինյանը, թե Ալիևը Արցախի մասին խոսում են նույն լեզվով․ Արթուր Մոսիյան

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի արտահերթ նիստում.

«Դեռ ամիսներ առաջ մենք մի շարք հանդիպումներ էինք ուզում ունենալ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափով, բայց ինչպես տեսանք միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը չէր կայանում, չնայած մենք ունեինք մտահգություններ, որոնք ցանկանում էինք բարձրացնել: Ինչևէ, հանձնաժողովը նիստը չկայացավ և մենք ԱՀ ԱԺ հինգ խմբակցությունների ղեկավարների և ԱՀ ԱԺ նախագահի հետ ուղևորվեցինք քաղաք Երևան, հանդիպեցինք Ալեն Սիմոնյանի և մի քանի այլ պատգամավորների հետ:

Մտահոգություններ ունենալով հարց ուղղեցի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով «կարգավիճակ» ասելով Ձեր իշխանությունն ի՞նչ է հասկանում և կարո՞ղ է մի օր ասեք «կարգավիճակ Ադրբեջանի կազմում»: Ալեն Սիմոնյանը վիրավորած ասաց՝ «մեզ ինչի՞ տեղ եք դնում, իհարկե խոսքը վերաբերում է անկախությանը կամ ՀՀ հետ միացմանը, հո չենք ասելու Ադրբեջանի կազմում»: Մեր ընկերներից մեկն ինձ անգամ կշտամբեց, թե ինչու այդ հարցը տվեցիր՝ մարդը վիրավորվեց: Ես պատասխանեցի՝ ճիշտ եմ արել, որովհետև ճանաչում եմ այդ տեսակը: Իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս պատասխանել Ալեն Սիմյանին, ես խնդրեի ինքն այդ հարցին պատասխաներ. իրենք իրենց ինչի՞ տեղ են դրել, որ մի խմբակով կամ մի քանի հոգով ուզում են որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, թե Արցախում, թե Հայաստանում:

Եթե որոշների համար պարզ չէր, այդ հարցը տվել ենք այսօրվա համար: Փաստորեն վարչապետի երեկվա ելույթից և իջեցված հրահանգից հետո պատգամավորների ելույթներից պարզ դարձավ մի ճշմարտություն. Այն, ինչ մենք մտածում էինք, դժբախտաբար իրականություն դարձավ: Այդ տեսակը, ես ձեզ հավատացնում եմ, մեր ժողովրդի մեջ շատ չէ, չնայած ժամանակավոր իշխանության է հասել կամ որոշակի խնդիրներ լուծելու համար իշխանության է բերվել: Այդ տեսակը մեծամասնություն չէ, չի կարող հայ ազգի մեջ այդ տեսակը մեծամասնություն լինել:

Բազմաթից ստերի, կեղծիքների, մանիպուլյացիաների հետևանքով ձգտում ենք չհավատալուն տալ, ասել ինչ-որ բան երևի ճիշտ չեն հասկացել մարդիկ, բայց ոչ ամեն ինչ պարզ է, ակնհայտ է: Վերջին պատերազմից հետո թե Փաշինյանը, թե Ալիևը Արցախի մասին խոսում են նույն լեզվով: Ես ՀՀ իշխանություններին հորդորում եմ պարզապես դադարեցնել այդ ահաբեկությունը, պատերազմով սպառնալը, վախեցնելը, թե Արցախին, թե Հայաստանին, թե աշխարհասփյուռ հայությանը: Հայ ժողովրդից առավել ոչ մեկը խաղաղության գինը չգիտի:

Նայելով Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին, տեսնում ենք, որ այդ աղետալի քայլով Նիկոլ Փաշինյանն ու վարչախումբը ոչ միայն զրոյացնում են մեր սերունդների, բազմահազար զոհերի թափած արյան գինը, ձեռք բերված անկախությունը, ազատ ու անկախ ապրելու մեր իրավունքը, այլ նաև գալիք սերունդների ապագան են վտանգում:

Տարիներ շարունակ, հատկապես վերջին ամիսներին «Արցախը բեռ է», «քանի Արցախը կա, լավ չենք ապրելու» և այլ թեզեր  կամաց-կամաց մարդկանց բնազդի, ենթագիտակցության մեջ են նստեցնում: Սիրելի հայրենակիցներ, Արցախը բեռ չէ, Արցախը զրահաբաճկոն է, որը միտումնավոր կամ դավադրաբար հանելով խոցելի դարձրեցիք և Արցախը, և Հայաստանը: Հետ կանգնեք այդ քայլից, քանի դեռ ուշ չէ»:

1