Թե մայր հայրենիքում ու թե սփյուռքում մինչև 2018թ. Արցախը չքննարկվող արժեք էր

Ինձ միշտ թվացել է, թե այն, ինչի մասին ուզում եմ բարձրաձայնել, այնքան պարզ է ու բոլոր հայերի աչքերի դիմաց, որ անհարմար է դրա մասին հաճախակի հիշեցնել: Սակայն հիմա, երբ 2020թ. աղետից հետո ամեն ինչ այլ կերպ է դիտվում, ցանկանում եմ կիսվել որոշ մտորումներով: Փետրվարի 20-ի՝ Արցախի վերածննդի օրվա հետ համընկնումը ընդունենք որպես ճիշտ ուղեցույ,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
1988-ի Ղարաբաղյան շարժումը բացառիկ շանս էր, եզակի հնարավորություն, որ տրվում է ազգերին՝ իրենց տեղն աշխարհում, աշխարհաքաղաքական ձևավորվող ու փոխվող դասավորություններում շտկելու, բարելավելու…, մի խոսքով՝ գործելու համար: Մեր դեպքում կարելի է ասել՝ հարյուր տարին մեկ բացվող պատուհան, դուռ, դարպաս: Մենք կարիք ունեինք հոգեբանորեն հաղթահարել տևական ժամկետով մեզնից կառչած զոհի կերպարը` 1915թ. եղեռնից, 1920 -ական թվականներին Արևելյան Հայաստանը բաժան-բաժան անելուց, 1941-45 թթ. Հայրենական պատերազմում ազգի գենոֆոնդը սպանելուց և մյուս այլ կորուստներից հետո:
Աշխարհի այլ հատվածներում տարբեր ժողովուրդների համար ղարաբաղյան շարժման ֆենոմենը դարձավ ուսումնասիրությունների նյութ, գուցե ոմանց համար՝ նախանձի թեմա. 20-րդ դարի վերջին հայը օրինակ էր ցույց տալիս աննախադեպ համազգային համախմբման, հուժկու ազատագրական պայքարի և հանուն նպատակի ցանկացած դժվարություն հաղթահարելու պատրաստակամության:
Դժվար կլինի մարդկանց հիշողությունից ջնջել 1988-91 և 1991-94թթ ծանր ապրումները. անձնագրային ռեժիմի ստուգումներն ու առաջին տեղահանումները, Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի ջարդերը, մութ ու ցուրտ տարիները… կարելի է երկար շարունակել: Ի հեճուկս այդ դժվարությունների և դրանք ստեղծող կենտրոնների՝ մենք անկոտրում կամք ու մինչև վերջ գնալու վճռականություն էինք ցուցաբերում:
Թե մայր հայրենիքում ու թե սփյուռքում մինչև 2018թ. Արցախը չքննարկվող արժեք էր, Արցախի ազատության համար պատերազմածը՝ հեղինակություն, Արցախում ծառայելը՝ հպարտություն: Ակնհայտ էր, որ այսպիսի կացությունը չէր կարող չանհանգստացնել այն կենտրոններին, որտեղ տարիներով գլուխ էին կոտրում, թե ինչ հնարք կիրառեն, որ այս ժողովրդի վերընթաց հոգեվիճակը թուլացնեն այնքան, որ մի հարվածով կարողանան կոտրել դիմադրությունը:
Ղարաբաղյան շարժման առաջին երեք տասնամյակներից հետո (օրացույցով՝ համարյա 2018թ. փետրվարից անմիջապես հետո) նույն այդ դրսի ազդեցության կենտրոններին հաջողվեց փոխել պայքարի բանաձևը՝ 88-ի համաժողովրդական օրակարգի համար պայքարը փոխարինվեց իրար դեմ ու ազգային միասնությունը ցեմենտող արժեքների դեմ պայքարով: Արդյունքը՝ մեր այսօրվա իրականությունն է…
Նախկինում էլ ենք վտանգներ ունեցել, երբ 88թ. համաժողովրդական շարժման ալիքի վրա իշխանության եկած գործիչները սկսել էին հեռանալ Արցախի ազատության գաղափարներից, բայց այդ դեպքում համազգային միտքը կարծես թույլ չէր տալիս շեղվել ընդհանուր գծից: Հիմա դժվարանում եմ ասել նույնիսկ, թե ինչ վիճակում ենք, երևի համազգային ընկճախտի՞:
Մինչև Արցախը չընդունեք մեր սրտի մեջ, մինչև չհասկանաք ղարաբաղյան շարժման նշանակությունը մեր անձնական կյանքում և ազգի պատմության համար, չի ստացվելու: Ազգը չի կարող ոգեշնչման աղբյուր և հաղթանակի հույս չունենալ:
Նոր Վերածննդի սպասումներով շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար թանկ է այդ տոնը: