Թատրոնն անբացատրելի հույզեր ու վառ գույներ է բերում մեր կյանք՝ տանելով դեպի անհատական ու համազգային երազանքների կերտում

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Օրվա առթիվ ուղերձ է հղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը.
«Թատերարվեստի հարգարժան գործիչներ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոն օրվա կապակցությամբ:
Թատրոնը անձի և հասարակության գեղագիտական ու հոգևոր դաստիարակության անփոխարինելի միջոց է: Այն բոլոր ժամանակներում եղել ու մնում է վեհի, գեղեցիկի, բարոյականի հետ առնչվելու, իրական կյանքի արտացոլման, կենցաղայինից մինչև արժեհամակարգային խնդիրների վերհանման ու դրանց հնարավոր լուծումների առաջադրման հարթակ: Թատրոնն անբացատրելի հույզեր ու վառ գույներ է բերում մեր կյանք՝ տանելով դեպի անհատական ու համազգային երազանքների կերտում, վեհ գաղափարների իրագործում, մղում մարդասիրության ու հայրենասիրության:
Մեր հասարակությունը բոլոր ժամանակներում առանձնահատուկ վերաբերմունք է տածել թատրոնի և թատերական գործչի հանդեպ: Հետպատերազմյան ու շրջափակված Արցախում, ցավոք, թատրոնը պակասել է մեր կյանքում: Լիահույս եմ՝ մեր թատերական գործիչների նվիրումի, արվեստի ու հանդիսատեսի հանդեպ սիրո շնորհիվ և պետական հոգածության արդյունքում հնարավոր կլինի վերականգնել արցախյան թատրոնի երբեմնի շուքը:
Բեմարվեստի հարգարժան գործիչներ, թատրոնի նվիրյալներ, դուք եք թատրոնի անմար կրակի պահապանները: Մաղթում եմ ձեզ ստեղծագործական խիզախումներ, հավատարմություն բեմին ու հանդիսատեսին, լեփ-լեցուն դահլիճներ»: