Թատրոնի միջազգային օրը Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թատրոնի միջազգային օրը Արցախում

Թատրոնի միջազգային օրը Արցախում

Մարտի 27-ին նշվում է թատրոնի միջազգային օրը: Ստեփանակերտում օրը նշանավորվեց Կ. Բուաչիձեի «Բակում կատաղած շուն կա» տոնական առաջնախաղով և «Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը 1932-2019 թվականներին», «Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն- 90» գրքերի շնորհանդեսով։

«Բազմաթիվ դժվարություններով մենք այնուամենայնիվ նոր բեմադրություն ենք պատրաստել՝ Կոնստանտին Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա» տրագիկոմեդիան: Այն մեզ մոտ բեմադրվել է նաև 1966թ.: Տարիներ հետո Քաջիկ Հարությունյանը ձեռք է մեկնել այդ տրագիկոմեդիային՝ նպատակ ունենալով փոքր ինչ ցրել այն ճնշող հոգեվիճակը, մթնոլորտը, որը բոլորիս մոտ է: Եկեք այդ դժվար ժամանակներում ժպտալու, ծիծաղելու ուժ գտնենք, որպեսզի կարողանանք ապրել»,- նշել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրական-գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանը:

Հրատարկված գրքերի և թատրոնի մասին մտքերով կիսվել են Քաջիկ Հարությունյանը, Արզիկ Մխիթարյանը, Սոկրատ Խանյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը կարևորել է գրքերի տպագրությունը: «Ահռելի, մեծածավալ աշխատանք է կատարվել. ամիս առ ամիս, օր առ օր թատրոնի ամբողջ պատմությունն է: Այն թատերական կյանքի հանրագիտարանն է, որը կարող է յուրաքանչյուրիս տանը լինել ամենատեսանելի վայրում»,- նշել է փոխնախարարը:

«Բակում կատաղած շուն կա» հաջորդ ներկայացումները կկայանան մարտի 28-ին, 29-ին և 30-ին, ժամը 19:00-ին։

1