Թատրոնը պետք է ստիպի բացել աչքերը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 90-րդ թատերաշրջանը սկսել է նոր ներկայացմամբ: Պատերազմից հետո Երևանից Արցախ ժամանած ռեժիսոր Վահան Խաչատրյանի բեմադրության հիմքում սցենարիստ, բեմադրիչ Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսն է, որը պատմում է, թե ինչպես են մեր կողքին ապրող տղաներից շատերը հայրենիքն ու հայ ժողովրդի լինելիությունը պաշտպանելը բարձր դասել իրենց կյանքից: Ներկայացումը պատմում է երիտասարդ լրագրողի մասին, ով առաջնագիծ էր հասել ռեպորտաժ պատրաստելու, բայց սկսվում է պատերազմը, և այնտեղ անցկացրած մի քանի ժամվա ընթացքում Անահիտը հասկանում է, թե ինչ գնով է պահվում մեր անդորրը:
Ներկայացման առաջնախաղը կայացել է նոյեմբերի 4-ին, հաջորդող օրերի ցուցադրությունները շարունակվում են:
Ներկայացումը բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանի երրորդ աշխատանքն է Արցախյան բեմում: Նա բեմադրությանը չի նայում որպես սովորական գործի, այլ համարում է հոգու պարտք, խղճի առջև հաշվետվություն, քավարան, որտեղ արտահայտված է փափազյանցիների սերն ու նվիրումը:

«Բեմադրությանը ծանոթ էի 2017թ.-ից, ուղղակի ժամանակը պարտադրեց, որ այսօր այդ գործի նորովի մատուցման կարիք կա: Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսը ձևափոխել ենք և դարձրել «Անմահների դիրքը»: Ժամանակակից թատրոնում պետք է արտացոլվեն ժամանակակից հեղինակի մտածելակերպը, ժամանակակից խնդիրները: Այսօր թատրոնը շատ է կտրվել կոնտեքստից, թատրոնը իրականության հայելին է, իրականության արտացոլանքը: Ճիշտ է, մենք կուզենայինք փակ աչքերով ապրել, բայց թատրոնը պետք է ստիպի բացել աչքերը և ինչու ոչ թեկուզ անցկացնել դժոխքով, բայց ցույց տալ իրականությունը»,- նշում է ռեժիսորը:
Վահան Խաչատրյանի համար բեմադրությունն առանձնահատոկ կարևորություն ունի, քանի որ խոսում է այն մասին, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում: Նա փորձում է ներկայացմամբ մարդկանց բերել իրական գիտակցության. «Մարդու հիշողությունն է նրան կենդանուց տարանջատում: Ես կցանկանայի, որ այս ներկայացման կարիքը չլիներ, բայց տեսնում եմ, որ կարիքը կա, որովհետև մարդը սկսել է կենդանուց չտարբերվել ու ամեն ինչ մոռացության տալով՝ հիմարությամբ է փորձում զբաղվել: Մենք չենք ուզում նայել իրականությանը, հայելու մեջ: Մեծ մասը չի էլ գիտակցում՝ ինչ է կատարվում, մենք չենք գիտակցում, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում, տեղ-տեղ քթներս ցցել էինք, մենք չգիտեինք, որ աջից-ձախից թուրքն է. փակ աչքերով ապրելը ձեռնտու էր: Սա առաջին հերթին իմ բողոքն է հասարակության դեմ, սա ներկայացում չէ պատերազմի մասին: Սա պատերազմի հուշից բացի, նաև իմ հասարակության սխալների մասին է»:

Վահան Խաչատրյանը համոզված է՝ երբ երկնքում տղաների հետ հանդիպի, գլուխը կախ չի լինելու, կարողանալու է հանգիստ խղճով նայել նրանց աչքերի մեջ:
Թատրոնի արվեստագետ Կարինե Ալավերդյանի խոսքով՝ թատրոնն իր ժողովրդի հետ 4 պատերազմ է անցել և այդ պատերազմներն իրենց արձագանքն են գտել նաև նրանց ստեղծագործական աշխատանքում: Արցախյան երեք պատերազմների թեմաներով բեմադրվել են «Արցախյան բալլադ», «Պա՛պ, կրակում են», «Մենք մեր սարերն ենք», «Ես մնում եմ», «Լուսաբացից առաջ» ու բազում բեմադրություններ, որոնք սիրվել են հանդիսատեսի կողմից, որովհետև իր մասին են, իր ապրած օրերի մասին են: Անմահների դիրքը ևս այս շարքից է:
Լուսանկարները՝ Վահան Խաչատրյանի և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի ֆեյսբուքյան էջերից: