Թամամ աշխարհ պտուտ եկա ու հաստատվեցի Արցախում
Գաղտնիք չէ, որ Արցախյան ազգային-ազատագրական Շարժումը քիչ ճանաչ, (կամ գրեթե անճանաչ) Արցախը մեկեն ճանաչելի դարձրեց աշխարհի չորս ծիրերում… Փոքրիկ Արցախը դարձավ գթասրտության էպիկենտրոն ու երազանք շատերի համար՝ գոնե մեկ անգամ լինել Մայր Հայրենիքից բռնազատված բիբլիական հողում։ Շատերն իրենց երազանքն իրականություն դարձրին, իսկ ավելի համարձակները, արցախցիների հետ կիսելով ի վերուստ տրված դառն ու անուշ օրերը, մնացին ու ի վերջո հաստատվեցին Երկրում։ Այս անգամ «Ազատ Արցախ»-ի հյուրը ՀՕՄ-ի Արցախի Սոսե մանկապարտեզների պատասխանատու, ավստրիալիահայ Արտեմիս ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ում հետ բացահայտելու ենք մեզ հայտնի ու անհայտ բազում էջեր…
-Որտեղի՞ց են սերում Ձեր արմատները ու ինչպե՞ս հաստատվեցիք Ավստրալիայում, ասել կուզեմ՝ աշխարհի ծերին։
— Ծնվել ու մեծացել եմ Պարսկաստանի Թեհրան քաղաքում… 1971թ. ընտանիքով տեղափոխվել և հաստատվել ենք Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Շատ ՙխառնածին՚ է իմ կենսագրությունը… Անունս հունական է, ծնվել եմ Թեհրանում, ապրել Ավստրալիայում ու, վերջապես, թամամ աշխարհ պտուտ գալով, երազանքներիս տուտը բռնած` հասել ու հաստատվել Արցախում։ 1985թ. առաջին անգամ եկա Հայաստան, ու սկսվեց, այլևս Հայաստան գալս պահանջ դարձավ, եկա 1989-ին, 90-ին, 91-ին ու այդպես շարունակ։
— Արցախի շուրջ իրադարձությունները որքան թեժանում էին, այնքան հաճախանում էին ձեր այցերը…
— Այդպես էլ պիտի լիներ…Ես դաստիարակվել եմ մի այնպիսի ընտանիքում, որտեղ հայրենասիրությունը չափվում է ոչ թե բառերով ու ճառերով, այլև գործով ու կոնկրետ քայլերով։ Հայրս դաշնակցական էր 18 տարեկան հասակից և ողջ կյանքում մնաց որպես նվիրյալ՝ ազգի ու գաղափարի։ Ապրելով մուսուլմանական երկրում, նա ապրեց հայկական հարգուկարգով, ավանդույթներով, նույնը և Սիդնեյում ապրելու տարիներին։ Հայերենը Պարսկաստանում բավականին հարգված էր, ինչպես որ հիմա է, նույնը և Սիդնեյում՝ Ավստրալիայի ամենամարդաշատ քաղաքում մենք (ես ու եղբայրս) շաբաթօրյա հայկական դպրոց էինք հաճախում և պատրաստվում մեծ կյանք մտնելու… Արդեն ասացի՝ հայրս կուսակցական էր, մայրս ՀՕՄ-վարչության անդամ դարձավ, ու այսպես մեր արևին ապրում էինք։ Հընթացս մենք սկսեցինք հարել սկաուտական ու տարբեր երիտասարդական կազմակերպությունների, հայրս ամեն ինչ անում էր, որ մենք հայ մեծանանք, հայեցի դաստիարակություն ստանանք։
— Դուք Արցախ եկաք թեժ 92-ին, մութ ու ցուրտ տարիներին, ինչպե՞ս դա ձեզ հաջողվեց։
— Նախ եկան ծնողներս ու մի կերպ ջոկատների հետ հասան Ստեփանակերտ… Դրանից ուղիղ վեց ամիս անց հայրս մահացավ, նա հանգավ Արցախը տեսնելու իր փափագը իրականություն դարձրած։ Նա շատ էր մտահոգված մեր ճակատագրով, սարսափում էր այն մտքից, որ կարող է հանկարծ օտար ազգի հետ ամուսնանանք, և իմ Հայաստան ու Արցախ գալու որոշումն ու հայերենս կատարելագործելը նա ողջունում էր։ Առիթը բաց չէր թողնում ասելու՝ թե օտարի հետ ամուսնացար, ուրեմն իմ աղջիկը չես։
1985 թ. Եվրոպայում պտտվելուց հետո, ընկերուհուս հետ եկա Հայաստան, դեռևս Խորհրդային Հայաստան, մի տեսակ Երկիրը կրակվեց իմ հոգում, ես հասկացա, որ այն իմն է շատ ավելի, քան իմ ծննդավայրն է, կամ երկիրը որտեղ ապրում եմ։ Ընկերուհուս՝ Նելիի հետ, արդեն սկսեցինք ուղիներ որոնել կրկին Հայաստան ու Արցախ հասնելու համար, պատրվակ էինք բերում, թե գալիս ենք մեր հայերեն խոսքը կատարելագործելու, սակայն իրականում հույս էինք փայփայում որևէ կերպ օգտակար լինել մեր հայրենակիցներին։ Այսօրվա պես հիշում եմ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, մենք ոտք դրինք Երևան, և առաջին տեղը, որ գնացինք, Հայ Օգնության Միության գրասենյակն էր, որտեղ մեզ ընդունեցին սիրով։
— Եկաք ժամանակավոր ու մնացիք անժամկետ։
— Մենք կամավորներ դարձանք ժամանակի թելադրանքով, վիրավոր ազատամարտիկներին, ֆիդայիներին ՀՕՄ-ի խողովակներով օգնություն էինք հասցնում, այցելում էինք հիվանդանոցներ, գրի էինք առնում` ինչի կարիք ունեն, ինչով կարող ենք օգտակար լինել։ Հոգում էինք նրանց կարիքները՝ տարբեր աղբյուրներից ստանալով առաջին անհրաժեշտության պարագաներ։ Մեր այցերից նրանք ոգևորվում էին, սիրում էին, երբ թերթեր կամ տարբեր խաղեր էինք տանում, իսկ ամենից շատ ոգևորվում էին մեր ներկայությունից, որ թողել ենք մեր ապահով երկրներն ու բարեկեցիկ կյանքը և եկել իրենց հետ դժվարությունները կիսելու… Այդ տարիներին շատերի հետ մտերմացանք, լավ ընկերներ ձեռք բերեցինք, հնարավորինս կիսեցինք նրանց հոգսն ու ցավը, հաճախ էլ սպեղանի եղանք մեր խոսք ու վերաբերմունքով. դժվար տարիներ էին, գոյատևում էինք իրար ոգևորելով։
Երևանում մի գրասենյակ կար, որը ղեկավարում էր Աբո Պողիկյանը: Մի օր այդ գրասենյակից զանգեցին և հարցրին՝ ուզու՞մ եք գնալ Ղարաբաղ: Մենք իսկույն տվեցինք մեր համաձայնությունը։ Արցախ եկանք` որպես թարգմանիչներ, Էրեբունի օդակայանում ծանոթացանք բարոնուհի Քերոլայն Կոքսի հետ… Առաջին թռիչքը դեպի Արցախ ինձ համար շատ տպավորիչ էր, թռչում էինք բեռնատար ուղղաթիռով, բնականաբար՝ նստատեղեր չկային, ու հետևելով Կոքսի օրինակին, նստեցինք տուփերի վրա։ Ամաչում էինք, որ մենք հայեր ենք, բայց անգլիացի բարոնուհին է մեզ բացատրում, թե որտեղ ենք ու երբ ենք տեղ հասնելու: Եղավ մի պահ, երբ ուղղաթիռն սկսեց պտտվել պարույրաձև, ճոճվում էին բոլոր տուփերը, հետն էլ՝ մենք, խոստովանեմ, որ մենք շատ վախեցանք, բայց բարոնուհին մեզ հանգստացրեց` ասելով, որ դա արվում է մեր անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեսնելով, որ վախենում ենք, ասաց՝ եկեք աղոթենք, ու Աստված մեզ կփրկի…
Մի խոսքով՝ հասանք Ստեփանակերտ: Քաղաքի փողոցներում շատ քիչ մարդիկ կային, եղածներն էլ պատերի տակով էին քայլում՝ հրթիռահրետակոծությունից պաշտպանվելու համար։ Դա 92-ի սեպտեմբերին էր, իսկ 93-ին եկանք Սուրբ ծննդյան տոներին ու 48 ժամ մնացինք Զանգերում՝ ձյան, բուք ու բորանի տակ՝ կրկին Կոքսի ու նրա թիմի հետ։ Այսպես ստեղծվեց մեր կապն Արցախի հետ, որը գնալով խորացավ, մենք ակամայից դարձանք թարգմանիչներ, միակ դժվարությունն այն էր, որ ղեկավարներից շատերը խոսում էին ռուսերեն, ինչը մեզ համար լուրջ խոչընդոտ էր։ Ապրելու տեղ չունեինք, լուսահոգի Վալերի Մարությանի աջակցությամբ հոսպիտալում մեզ մի փոքր սենյակ տրամադրեցին։ Սկսեցինք այցելել տեղի հիվանդանոցներ, օգնում էինք ինչով ու ինչպես կարող էինք, երիտասարդական կազմակերպությունների հետ էինք համագործակցում, ճամբարներ կազմակերպում, անում էինք, ինչ ձեռքներովս գալիս էր։
— Եկաք որպես տուրիստ ու արդեն 28 տարի է Արցախում եք… Երկընտրանքի պահեր ունեցե՞լ եք։
— Ունեցել ենք, բայց հողը ձգում էր, ու անիմաստ էր դիմադրելը, Սիդնեյից Ստեփանակերտ շատ մեծ քայլ էր, և ես դա արեցի ու արեցի գիտակցված՝ որտե՞ղ եմ գալիս, ինչու՞ եմ գալիս և ինչի՞ համար։ Դպրոցական տարիներին դասերից հետո գումար եմ վաստակել, որ աշխարհը պտտեմ, ու պտտեցի թամամ աշխարհը՝ ի վերջո խարիսխ ձգեցի Արցախում։ Ես հոգեպես բավարարված եմ, որ կարողացա թեկուզ մի հյուլեաչափ օգնել ժողովրդիս։ Մեկ-մեկ մտերիմներս ինձ ասում են՝ դու շաշ ես, թողել ես բարեկեցիկ կյանքդ ու եկել պատերազմող երկիր, իսկ ես գտնում եմ, որ ճիշտ եմ վարվել և ինձ չէի ների, եթե չգայի… Հիասթափություններ էլ եմ ունեցել, բայց հավատն ու դրականն ավելի շատ էր։ Նույնը և ամուսինս, որ Թեհրանից է Արցախ եկել որպես կամավոր, օգնեց, միավորեցինք մեր ուժերը, արդեն փոքրիկ ՙՆռենի՚ խանութ էլ ունենք՝ ծառ էլ ենք տնկել, զավակներ էլ ունենք։ Ուրախ եմ, որ մեր զավակները՝ Նարեն ու Դերիկը իրենց մանկությունը վայելեցին Արցախում, մեծացան հենց այստեղ, այս մաքուր հայկական միջավայրում։ Ասացեք՝ աշխարհի որ երկրում հարևան տատիկը քո երեխային հարազատի պես կվերաբերվի, ասելով՝ ցուրտ է, գնա տաք շոր հագիր, մի բան էր պատահում, կամ մատը քերծվում էր՝ ձեռքը բռնած բերում էին… Արցախցու հոգատարությունը, նրա մոտեցումներն ուրիշ են։ Ք. Կոքսն ասում է. ՙՈվ մեկ անգամ գալիս է Ղարաբաղ՝ վերջինը չի լինում՚, ինձ շատ է դուր գալիս ղարաբաղցիների ավանդապաշտությունը, նրանք զուսպ են, բարձր կուլտուրայի տեր ու կռվազան, ինձ ճիշտ հասկացեք, սա վիրավորելու համար չեմ ասում, նրանք անհաշտ ու անհանդուրժող են ու լավ կռվողներ են, գուցե դա գալիս է նրանց մեծ ցավից, որ կրում են իրենց հոգում և այն դժվարություններից, որ հաղթահարում են գրեթե երեք տասնամյակ։
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
artsakhtert.com