Թաղավարդ-Կալերի ասֆալտը, գյուղապետի նոր մեքենան ու անթիվ խնդիրները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թաղավարդ-Կալերի ասֆալտը, գյուղապետի նոր մեքենան ու անթիվ խնդիրները

Թաղավարդ-Կալերի ասֆալտը, գյուղապետի նոր մեքենան ու անթիվ խնդիրները

Պատերազմից հետո բաժանված Թաղավարդի երկու մասերից էլ այս օրերին կարելի է լսել շինարարական տեխնիկայի ձայներ: Թշնամու տիրապետության տակ անցած Թաղավարդում ադրբեջանցիները բնակելի տներ են հողին հավասարեցնում և նոր ճանապարհ բացում, իսկ հայերով բնակեցված Թաղավարդ-Կալերում գյուղամիջյան ճանապարհն են ասֆալտապատում ու նոր ջրագիծ անցկացնում, քանի որ նախկին ջրագծի ակունքները վերևում են՝ օկուպացված Թաղավարդում:

Սակայն թաղավարդցիներին այնքան էլ չեն գոհացնում ասֆալտապատման աշխատանքները. այսքան տարի ավազի վրայով քայլել են, հիմա էլ կքայլեն, այժմ ավելի քան անհրաժեշտ է անվտանգության ապահովման մասին մտածել, բնակիչների կենսապայմաններն ապահովել: Թաղավարդցիներից Արմինեն, ում տունը երկու անգամ վնասվել է պատերազմի օրերին ու դեռևս վերջնականապես չի վերանորոգվել, «Ապառաժ»-ի հետ զրույցում նշում է՝ ասֆալտն ո՞ւմ է պետք, թող տունը սարքեն, երեխաս ապահով ապրի:

Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանի  կարծիքով էլ՝ գյուղի անվտանգության հարցերը լուծված են, իսկ ասֆալտն անվտանգության հետ կապ չունի: Նրա խոսքով՝ ասֆալտապատումը նախագահի նախընտրական ծրագրով էր նախատեսված: Իսկ ինչ վերաբերում է ավերված տների վերանորոգմանը, ապա,  ըստ Օ. Հարությունյանի, առաջին հերթին զոհվածների, վիրավորների տներն են ավարտել, մյուսներինն էլ ժամանակի խնդիր է:

Ի դեպ, թաղավարդցիները դժգոհություն են հայտնել գործող համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանից, ով ԱՀ նախագահից վերջերս նվեր ստացած «Ուազ Պատրիոտ»-ով պտույտներ է կատարում գյուղում, բայց չի հետաքրքրվում բազում խնդիրներ ունեցող համագյուղացիների հոգսերով:

3 պատերազմների մասնակցած, շատ անգամ խիզախությամբ աչքի ընկած 74-ամյա Ժորա Քոչարյանը հազիվ է զսպում արցունքները, երբ խոսում է ներկա վիճակի մասին: Նրա տունը կիսավեր է դարձել, արկերից մեկն էլ հենց իր մահճակալի վրա է ընկել (այդ պահին դիրքում էր), բայց այժմ միայն իր թոռնիկներին պաշտպանելու մասին է մտածում: 7 հոգով են ապրում այդ ավերված տանը, որի միայն տանիքն է վերականգնվել:  Նախկինում գոմեշներ էին պահում, հող մշակում, հիմա եկամուտի այդ աղբյուրները կրճատվել են: Որպես հայր ու պապիկ՝ ոգեշնչում է փոքրերին. «Գիշերները չեմ քնում, թոռներիս համար եմ վախենում: Բայց թուրքից չեմ վախենում, թուրքն ո՞վ է, որ վախենանք, ինձ միայն զենք է հարկավոր: Այդ մասին մեր մեծամեծերին, Արայիկին ասացեք: Գյուղ էլ չի գալիս, որ ասենք: Եկել են՝ թաքուն ժողով արել, գնալուց հետո ենք իմացել»:

Իսկ Ալավերդյանների ընտանիքը, ովքեր Թաղավարդում թողել են իրենց տունը և հաստատվել ամառանոցի վայր ծառայող Թաղավարդ-Կալերում գտնվող իրենց տանը, սպասում են ընդհատված շինարարական աշխատանքների վերսկսվելուն: Տանը, որտեղ նաև անչափահասներ են բնակվում, չկան նորմալ կենցաղային պայմաններ, իսկ արկերից վնասված տանիքի վերականգնումը մնացել է կիսատ:

Թշնամու դիրքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բանջարանոց մշակող Իդա Գաբրիելյանը նշում է, որ միայն դա է հիմա հնարավոր. անասուն պահել, հող մշակել չեն կարող: Արձագանքելով գյուղամիջյան ճանապարհի կառուցման մասին հարցին, ասում է. «Ինձ ասֆալտ է՞ պետք, դրա տեղը դիրքերը սարքեն, որ զինվորներն ապահով լինեն»:

Պատերազմում հարազատ եղբորը՝ Արմեն Բադասյանին կորցրած Մինարա Գաբրիելյանն էլ Արայիկ Հարությունյանին է մեղավոր համարում այս վիճակի համար: «Ինքը լավ էլ գիտեր, որ ծախված է: Հադրութի շրջանի բնակիչներն են վկայում, որ պատերազմից մի քանի օր առաջ գիշերները իր անասունները, տեխնիկան հանել է այնտեղից: Եթե գիտեիր, ինչո՞ւ ժողովրդիդ չես փրկել: Առաջին դասալիքը հենց Արայիկ Հարությունյանն է, ինչո՞ւ սահմանը չի փակել, որ ամեն մարդ իր ընտանիքի համար կանգներ: Հիմա սա ի՞նչ է: Ո՞վ է տեսել, որ թուրքը գա հասնի Հադրութ, Թաղավարդ: Հադրութը 5-րդ դարից հայկական էր»,- նշում է Մ. Գաբրիելյանը:

Նա տարակուսում է, թե ինչու չի դատում փախչողներին. «Իմ եղբայրը 44 օր կռվել է, զինվորներին փրկել, ինչի՞ համար է զոհվել, եթե բոլոր հողերը տալու եք: Անիծում եմ Փաշինյանին ու Հարությունյանին: Հարությունյանի ու Փաշինյանի ընտրվելով՝ գծվել է մեր սև օրը: Դիրքերում ոտքը ոտքին գցելով սուրճ է խմում, իսկ ազատագրված դիրքերից զինվորներին նահանջի հրաման տալիս: Սպասում եմ, որ այստեղ ժողովի գա, ինչ մտածում եմ՝ ասեմ: Այն ճարտարեցի մարդը ճիշտ էր, որ ասում էր՝ ով քեզ ընտրի, առաջին հերթին իր, ու հետո՝ ողջ ազգի թշնամին է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1