Տեխնիկական խափանումներ Արցախի հեռուստաեթերում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Տեխնիկական խափանումներ Արցախի հեռուստաեթերում

Տեխնիկական խափանումներ Արցախի հեռուստաեթերում

Վերջին օրերին տեղեկություն է տարածվել, որ հունիսի 1-ից Արցախում դադարեցվել է 5 ալիքի հեռարձակումը, որոնց թվում են «5-րդ ալիքը», «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունը և «Футбол 1», «MTV Dance» հեռուստաալիքները: Տեղեկությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Այդ առթիվ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նախաձեռնությունը հույս է հայտնել, որ  Արցախի տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցումը քաղաքական որևէ նպատակ չի հետապնդում և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ չէ։ «Ցավալի կլինի, եթե Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը մեկնարկի լրատվամիջոցների ազատ գործունեության և խոսքի ազատության դեմ ուղղված քայլերով»,- ասվում է հայտարարության մեջ։ 

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեք օր փորձել են հասկանալ Ստեփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները: «Այն, ինչ փաստեցինք, տհաճ է, ավելին չեմ բարձրաձայնի: Արցախը, իմ երակների արյունն է, և ափսոսում եմ, որ այդպես ստացվեց»,- գրել է Հարություն Հարությունյանը: Tert.am-ի հետ զրույցում «5-րդ ալիք» ՀԸ տնօրենն ասել է,
որ հունիսի 1-ից ինտենսիվ շփվում է Արցախի պատկան մարմինների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչն է պատճառը և բոլորն իրեն հավաստիացնում էին, որ դա տեխնիկական է և մի քանի օրից կկարգավորվի:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը ևս անդրադարձել է թեմային՝ հայտնելով, որ «Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, ուղղակի տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է»:

«Արցախկապ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալեքսեյ Ալեքսանյանը հունիսի 3-ին «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է, որ հեռարձակումների փախանման պատճառը տեխնիկական է. «Սարքավորում ունենք վառված: Ուժեղ կայծակ է եղել, այդ սարքավորումը փչացել է: Պատվիրել ենք, խոսք են տվել, որ Ֆրանսիայից պետք է շուտ հասնի այստեղ»:

«Ապառաժ»-ի հետ զրույցում «Արցախկապ» ՓԲԸ գործադիր տնօրենը նշել է, որ անհրաժեշտ սարքավորումն արդեն Երևանի մաքսատանն է: Նրա խոսքով՝ սարքավորումը տեղ հասցնելու համար 10-15 օր է պահանջվում, դրա հետ կապված աշխատանքները կապված են այլ գերատեսչությունների հետ և կաշխատեն հնարավորիս շուտ տեղ հասցնել:

Արցախի հեռուստադիտողները «Ապառաժ»-ից հետաքրքրվել են, թե արդյո՞ք հնարավոր է, որ Արցախում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հեռարձակման հետ կապված  ևս խնդիրներ առաջանան: Մեր հարցմանն ի պատասխան, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից հայտնել են, որ Արցախի պատկան մարմինները հեռարձակման դադարեցման մասին որևէ տեղեկություն չեն փոխանցել:

Ի դեպ, ինչպես նշված է «Հրապարակ»-ի հրապարակման մեջ, «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրինությունը իրենցից է տեղեկացել «Շողակաթի» հեռարձակումը Արցախում ընդհատելու մասին:

1