Տեսանելի են Մոսկվա-Անկարա առանցքի թուլացման նախադրյայլներ

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
— Բրյուսելյան հարթակում բանակցությունների հերթական ռաունդից առաջ Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարը։ Հայկական կողմը կառուցողական դիրքորոշումը համառորեն պահպանում է։ Արդյո՞ք միջազգային հանրության համար տեսանելի է Հայաստանի դիրքավորումը, և որտե՞ղ է դրա արդյունավետությունը։
— Կարծում եմ՝ միջազգային հանրության համար ո՛չ կառուցողականությունը կամ համաձայնություններ հարգելը, ո՛չ էլ ապակառուցողականությունը կամ հրադադարի խախտումը էական նշանակություն չունեն։ Միջազգային ընտանիքը ի՛նքը չի ուզում պարտադրել իր դատական համակարգի պարտադիր որոշումները։ Այլապես կդիմեր քայլերի՝ պատժամիջոցներ, էմբարգո և այլ միջազգային պրակտիկաներ։ Ի վերջո, միջնորդի դեր վերցնողի համար թեժ կետեր պիտի լինեն, որպեսզի միջնորդությունն իմաստ ունենա․ իսկ միջնորդությունը ազդեցության գոտու ձևավորման աշխարհաքաղաքական պրակտիկա է։
— Բանակցությունների ֆոնին Արցախում անժամկետ համաժողովրդական շարժում է։ Պնդումներ կան, թե այդ շարժումը ռուսական պատվեր է և նպատակ ունի խանգարել գործընթացը։ Ինչպես կմեկնաբանեք դուք։
— Արցախի դրությունն այսօր այնպիսին է, որ պարզ տրամաբանությամբ հետևողն ընկալում է այն իրողությունը, որ ռուսական գործոնը մեծապես կազդի ինչպես պետության, այնպես էլ հասարակության վրա։ Այսօրվա համահայկական համապատկերում Արցախը միակ միջավայրն է, որը թէ՛ Ազգային ժողովի և թե՛ հասարակության հարթություններում դրսևորում է համախմբվածություն։ Սա եզակի երևույթ է, ցավոք։ Ապաշրջափակման դեմ բողոքի նման համախմբվածությունը չպետք է վերագրել ռուսական պատվերին։ Արցախը միշտ փաստել է, որ իր էքզիստենցիալ հարցերում ունեցել է հավաքական կամք՝ համախմբվելու և դրանով օրինակ դառնալու հայկական աշխարհին։
— Հատկապես վերջին շրջանում ռուսական կողմը կարծես ակտիվություն չի ցուցաբերում, և բանակցությունները ակտիվությամբ ընթանում են արևմտյան հարթակներում։ Սա կապ ունի՞ Ռուսաստանի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունների հետ։
— Ռուսաստանը տարածաշրջանում վերահաշվարկներ անելու պարտադրանքի առաջ է։ Տեսանելի են Մոսկվա -Անկարա առանցքի թուլացման նախադրյալներ։ Էրդողանը հիշեցնում է ռուսներին, որ նրանք երկուսուկես տարուց համաձայնել են հեռանալ Արցախից։ Առ այս պահը Մոսկվան չի արձագանքել, թեկուզ՝ անուղղակի։ Զուգահեռ, հավաքական Արևմուտքը խոսում է անվտանգության միջազգային երաշխիքների ներդրման անհրաժեշտության մասին։ Իսկ այստեղ կան հակադիր մոտեցումներ։ Անկարան և Բաքուն ուզում են, որ որևէ խաղաղապահ ուժ չլինի։ Չեն խոսում Աղդամում տեղակայված թուրքական զորախմբի մասին։ ԱՄՆ- և ԵՄ-ը առաջադրում են միջազգային անվտանգային գործիքակազմ․ ԵԽԽՎ-ում անգամ խոսվեց ՄԱԿ-ի հաստատությունների ներգրավման մասին։ Իսկ ՌԴ-ն, բնականաբար, ուզում է երկարաձել իր առաքելությունը։ Ահա, նման խայտաբղետ շահերի բախման կետի է վերածվել Արցախը։
— Այս համատեքստում նկատենք, որ Մարիա Զախարովան, անդրադառնալով Բրյուսելյան բանակցություններին, նշել էր, թե իրենք աջակցում են ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի հայ-ադրբեջանական խաղաղության։ Սա դեկլարատիվ հայտարարությունների շարքից չէ՞։
— Այո, Զախարովայի հայտարարությունները զուտ դեկլարատիվ են այս առումով։ Չմոռանանք, որ նա անգամ խոսեց այն մասին որ ՄԱԿ-ը կարող է նաև օժանդակել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Հասկանալի է, որ զուտ ռուսական միջնորդությունը միջազգայնացնելով՝ նա նկատի ունի այն, որ ՄԱԿ-ի ձևաչափում մյուս պետությունները ստիպված կլինեն համագործակցել ՌԴ-ի հետ՝ նկատի ունենալով, որ ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ անդամ է։
— Խաղաղության օրակարգի իրականացումը ձգձգելը դեռ կշարունակվի՞, և որքա՞ն։
— Կարծում եմ, որ կշարունակվի ձգումը։ Պաշտոնական Վաշինգտոնը խոսում է երկարատև աշխատանքի մասին՝ ակնարկելով այն մասին, որ կողմերը դեռևս շատ աշխատանք ունեն համաձայնելու։ Այս ձգումը չի բխում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից։ Նրանք շտապում են՝ իմանալով, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվում։
Հայկ Մագոյան