Տեղի ունեցավ Պոլսո Հայոց նոր պատրիարքի գահակալության արարողությունը
Գլխավոր » Լրահոս » Տեղի ունեցավ Պոլսո Հայոց նոր պատրիարքի գահակալության արարողությունը

Տեղի ունեցավ Պոլսո Հայոց նոր պատրիարքի գահակալության արարողությունը

Կ. Պոլսի Հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին ընտրված Պոլսի նոր Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի (Սահակ Մաշալյանի) գահակալության արարողությունը:

Գահակալման արարողությանը մասնակցել են Ամենայն Հայոց ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների եւ Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները: Ներկա են եղել և ողջունել են կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը։

Նախատեսված է, որ գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել երկարարատև ներհամայնքային ճգնաժամից հետո: Երկար տարիներ թուրքական իշխանությունները խոչընդոտում էին պատրիարքական ընտրության անցկացումը՝ պատճառաբանելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն գործող պատրիարքի մահից հետո: Մինչդեռ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անգիտակից վիճակում էր եւ չէր կարող կատարել իր պարտականությունները: Այդ պատճառով էլ 2010 թվականին պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Իսկ 2019 թ. մարտի 8-ին երջանկահիշատակ Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո սկսվեց նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը, չնայած բազմաթիվ քննադատություններին ու հակասություններին, տեղի ունեցավ՝ վերջ դնելով նոր պատրիարքի ընտրության թնջուկին։

1