Տեղի է ունեցել հայկական որմնանկարչությանը նվիրված գրքերի շնորհանդեսը
Գլխավոր » Լրահոս » Տեղի է ունեցել հայկական որմնանկարչությանը նվիրված գրքերի շնորհանդեսը

Տեղի է ունեցել հայկական որմնանկարչությանը նվիրված գրքերի շնորհանդեսը

Դեկտեմբերի 9-ին Արցախի թեմի առաջնորդարանի կոնֆերենց սրահում տեղի է ունեցել «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի աշխատանքների տարեկան հաշվետվությունը եւ հայ մշակույթի պատմության մեջ առաջին անգամ հրատարկված «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների եւ նյութերի ժողովածու» եւ «Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում» գրքերի շնորհանդեսները։

Շնորհանդեսին ներկա են եղել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանը, նախարարներ, հասարակական գործիչներ:

Միջոցառմանն օրհնության խոսքով հանդես է եկել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա նշել է, որ միջազգային ասպարեզում մշակույթը լավագույն դիվանագիտությունն է, որը փակ դարպասներ չունի: Ըստ նրա՝ դրանով կարող են որոշ փականներ բացել եւ խոչընդոտներ ճեղքել, ինչի կարիքն Արցախը միշտ ունեցել է:

«Վիկտորիա» հիմնադրամն իր մեկ տարվա գործունեության ընթացքում բեղմնավոր շատ աշխատանքներ է տարել: Այսօր եւս Հիմնադրամը մեծագույն նվիրումով առաքելություն է նախաձեռնել, որի համար շնորհակալություն ենք հայտնում››,- հավելել է նա:

Լինելով հայ արվեստի հնագույն եւ ինքնատիպ բնագավառներից մեկը՝ որմնանկարչությունն անհամեմատ վատ է պահպանվել եւ սակավ ուսումնասիրվել: «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Գայանե Գեորգյանը նշել է, որ հրատարակության հիմնական նպատակը հայկական որմնանկարչության ուսումնասիրության խորացումն ու այդ բնագավառում նոր հետազոտությունների համար ճանապարհ հարթելն է: Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ պատմամշակութային արժեքների պահպանման միջոցով փորձում են նպաստել քաղաքական, սոցիալական եւ տնտեսական հարցերի լուծմանը:

‹‹Հիմնադրամի աշխատանքները բավականին դժվար են, որովհետեւ խոչընդոտներն ավելի շատ են, քան աջակցող հանգամանքները: Սակայն տարբեր դիվանագիտական իրավաբանական եւ մշակութային գեղեցիկ ծրագրերի միջոցով հասնում ենք որոշակի նպատակների››,- հավելել է նա:

Հասմիկ Հակոբյան

1