Տեղի է ունեցել «Արցախի փրկություն» շարժման հիմնադիր համաժողովը
Գլխավոր » Լրահոս » Տեղի է ունեցել «Արցախի փրկություն» շարժման հիմնադիր համաժողովը

Տեղի է ունեցել «Արցախի փրկություն» շարժման հիմնադիր համաժողովը

Դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել «Արցախի փրկություն» շարժման հիմնադիր համաժողովը, որին մասնակցում էին Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Արցախի Հանրապետությանը պարտադրված մարտահրավերները հաղթահարելու համար վերջին ամիսներին Արցախի ճակատագրով մտահոգ «Հայրենիքի ձայն», «Արցախի կանչ» և «Արցախի ազգային շարժում» նախաձեռնող խմբերին են միացել «Հայ ընտանիք», «Երկխոսության կամուրջ», «Ռազմաճակատային լրագրողների լիգա» ՀԿ-ները, և մի քանի այլ խմբեր։ Համախմբվելով Արցախի փրկության գաղափարի շուրջ` սկիզբ է դրվել «Արցախի փրկություն» շարժմանը։

Շարժման հիմնադիր համաժողովին ելույթ ունեցավ շարժման խորհրդի անդամներից Մարատ Ստեփանյանը

«44-օրյա պատերազմից հետո մենք ապրում ենք նոր իրողության մեջ։ Մենք կորցրինք մեր հանրապետության տարածքի 3/4-ը, ունեցանք հազարավոր զոհեր, իրենց մշտական բնակավայրերից տեղահանվեցին Արցախի հազարավոր քաղաքացիներ։

Պատերազմում կրած պարտությունից հետո խաթարվել է հանրապետության անվտանգային համակարգը։ Բնակչության անվտանգության ապահովման գործում վճռական դեր ունեցավ ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան։

Պատերազմի դադարից հետո անցել է մեկ տարի, ամենածանր տարին Արցախի պատմության մեջ։ Դեռևս չեն տրվել շատ հարցերի պատասխաններ․ արդյո՞ք հնարավոր էր խուսափել ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայից, արդյո՞ք ամեն ինչ արվել է այդ ագրեսիային դիմակայելու և մեր կորուստները նվազագույնի հասցնելու համար։ Մենք հուսով ենք, որ այդ հարցերի պատասխանները կստանանք ապագայում, որն իրատեսական կդառնա պարտված իշխանությունների հեռացումից հետո։

Պատերազմի արդյունքում Արցախում ավելի հրատապ դարձավ անվատանգության խնդիրը։ Ռուս խաղաղապահների ներկայությունը արգելք չհանդիսացավ ադրբեջանական կողմի նոր սադրանքների համար, որի պատճառներից մեկը խաղաղապահ զորակազմի կարգավիճակի հստակության բացակայության հարցն է։

ՀՀ գործող իշխանությունները խուսափում են Արցախի աբվտանգության երաշխավորը լինելու հարցում հստակ դիրքորոշում արտահայտելուց։ Միաժամանակ արցախի բնակչության համար առաջնային մտահոգություն է դարձել նաև արցախի ժողովրդի ապագայի անորոշությունը և այդ ապագայի նկատմամբ հավատի կորուստը։

Հետպատերազմյան շրջանում առանձին սրություն է ստացել նաև հանրապետությունում սոցիալական արդարության հաստատման խնդիրը։ Այդ առումով գործող իշխանությունների կողմից արվող հավաստիացումները հաճախ կրում են դեկլարատիվ բնույթ և չեն համապատասխանում բնակչության իրական սպասումներին։

Լրջագույն անհանգստության առիթ է դարձել նաև պատերազմի հետևանքով նկատվող արտագաղթի տեմպերը, որը կարող է բնակչության ժողովրդագրական իրավիճակի վրա կործանարար ազդեցություն ունենալ և օրակարգից հանել Արցախի հարցը։

Վերը նշված խնդիրները արցախցիների ամենօրյա քննարկումների կենտրոնում են։ Ի՞նչ անել, այս հարցը բոլորիս ուղեղներում է։

44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված ռազմաքաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակը պարտադրում էր դիմել կոնկրետ քայլերի․ ոչ միայն համախմբել ազգի ճակատագրով մտահոգ անձանց, այլև մտածել այն վճռական ու հավասարակշռված քայլերի մասին, որոնք անհրաժեշտ էին մեզ՝ հաղթահարելու մեր առջև դրված մարտահրավերները՝ Արցախի փրկության համար։ Նման իրավիճակում շատ կարևոր է հասարակության անդամների ակտիվ պահվածքն ու նրանց անմիջական մասնակցությունը իրենց իրավունքների՝ մասնավորապես իրենց ապրելու իրավունքի պաշտպանությանը։ Միաժամանակ զգալի աշխատանք պետք է տարվի հաղթահարելու հուսալքության հաղթահարման, ստեղծված իրավիճակին հարմարվելու ուղղությամբ։ Ակնհայտ է, որ մենք առաջին հերթին պետք է ապավինենք մեր ուժերին։»,-ասել է Մ․ Ստեփանյանը։

Շարժման անդամներից Աշոտ Սարգսյանը ևս հանդես եկավ ելույթի խոսքով, որի ընթացքում նա ներկայացրեց շարժման նպատակն ու խնդիրները։ Ըստ նրա՝ շարժման նպատակն է՝

ա) Համախմբել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի՝ Արցախով մտահոգ և համախոհ մարդկանց, ստեղծել պայքարի արդյունավետ միջոցներ։

բ) Հայաստանի Հանրապետության հետ Արցախի հանրապետության վերամիավորման ապահովում։

գ)Նպաստել ազգային-պետական անվտանգության համակարգերի ստեղծմանը և Արցախի բանակի արդիականացմանը։ Ռազմական անվանգության և պատական սահմանների ամրապնդում, ԶՈՒ հզորոցում, ռազմակրթություն և ռազմագիտություն, ռազմական արդյունաբերություն։

դ) Վերականգնել ժողովրդի բարոյահոգեբանական, փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտ՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։

ե) Նպաստել հավատի և հոգևորի դերի բարձրացմանը՝ ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթները իրագործելու համար։

Դահլիճում ներկաներին ևս առիթ տրվեց ելույթների, հարցերի ու առաջարկությունների համար։ Ներկաները նախ ողջունեցին շարժման հիմնադրումը և հույս հայտնեցին, որ այն կծառայի իր նպատակներին։ Ներկաները նաև առաջարկեցին կազմակերպիչներին, հանրությանը ներկայացնել գործնական քայլերի քարտեզ, որովհետև ժողովուրդը հոգնել է անդադար ստեղծվող կազմակերպություններից և թղթի վրա մնացող ծրագրերից։

Շարժման կազմակերպիչները, ի գիտություն առնելով առաջարկություններն ու դիտողությունները, ներկաներին ներկայացրին նաև շարժման անդրանիկ հայտարարությունը՝ կապված Ն․ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ին արված հակաարցախյան և հակահայկական հայտարարությունների հետ։

Շարժման կազմակերպիչները խոստացան հայտարարության խմբագրված տարբերակը ներկայացնել հանրության դատին, իսկ գործադիր խորհուրդը պայմանավորվեց առաջիկայում հանդիպել և քննարկել առաջարկություններն ու դիտողությունները։

Շարժումը կոչ է արել Արցախի հարցով մտահոգ քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին միանալու այս նախաձեռնությանը։

1