Տեղի է ունեցել Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորում
Գլխավոր » Երիտասարդական » Տեղի է ունեցել Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորում

Տեղի է ունեցել Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորում

Նոյեմբերի 12-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորում, որին մասնակցել են Հայաստանի և Արցախի ընդդիմադիր քաղաքական ուժերի երիտթևերի, Արցախի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսխորհուրդների և Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆորումը նախաձեռնվել է «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևի կողմից, որի նպատակը Արցախի և Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների քննարկումն էր և հետագա համագործակցության հնարավորությունների դիտարկումը։

Ֆորումի մասնակիցները ևս մեկ անգամ արձանագրեցին, որ հայկական զույգ պետությունների մարտահրավերների լուծումները հնարավոր է դիտարկել միայն Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդմամբ։ Ֆորումի ավարտին մասնակիցների համաձայնությամբ քննարկվել և ընդունվել է հայտարարության նախագիծը։

Ֆորումին մասնակցում էին նաև ՀՅԴ Արցախի և Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները, ովքեր հանդես են եկել համատեղ առաջարկներով։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը։

«Մեզ համար ողջունելի և ընդունելի է երիտասարդությանը համախմբող ցանկացած միջոցառում, որը նպատակ ունի մեր ժողովրդի խնդիրների համար լուծումներ փնտրել։ ՀՅԴ Արցախի և Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչներս նախապես քննարկել և հանդես ենք եկել հայտարարության նախագծի մեջ մի շարք փոփոխություններ կատարելու առաջարկներով, որոնք ընդունվել են մասնակիցների կողմից և ներառվել հայտարարության վերջնական տեքստի մեջ»-ասել է․ Տ․ Գասպարյանը։

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ հայտարարությունը հիմնականում ուղղված է ՀՀ իշխանությունների հակահայ գործողությունների դեմ։

«Հայտարարությունն ինքնին բխում է ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի և հոկտեմբերի 30-ի կարևորագույն հայտարարություններից, որոնք պաշտպանվել են Արցախի ժողովրդի կողմից հոկտեմբերի 30-ի աննախադեպ բազմահազարանոց հանրահավաքում։ Արցախում հիմա ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ քաղաքական բոլոր ուժերը համախմբվել են Արցախի պետականության պաշտպանության գաղափարի շուրջ և ՀՀ իշխանություններին ներկայացրել այն կարմիր գծերը, որոնք անընդունելի են Արցախի ժողովրդի կողմից։ Մենք չենք կարող անտեսել ժողովրդի կարծիքը, ուստի այս հայտարարությամբ շարունակում ենք այն որդեգրած քաղաքականությունը, որով առաջնորդվում են մեր քաղաքական ուժերն ու ժողովուրդը»,-նշել է Վ․ Խաչատրյանը։

1