Տեղեկությունների արտահոսք

Արցախի խորհրդարանի հերթական նիստի ժամանակ 13 պատգամավորի կողմից 24 հարց է հնչեցվել: Հարցերը հիմնականում վերաբերում էին շրջափակմանը, Ադրբեջանի վերջին սադրանքներին:
Պատգամավոր Դավիթ Գալստյանը հարց է ուղղել Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների վարկառուների ցանկի մասին:
«Որպես հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ դիմել եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին, նա մակագրել է գյուղհիմնադրամին և Արցախի ներդրումային հիմնադրամին, մայիսի 12-ին պատճենը ուղարկել են ինձ: Սակայն առ այսօր գյուղհիմնադրամը չի պատասխանել, իսկ ներդրումային հիմնադրամը ցանկ է տրամադրել, բայց առանց անունների ու այլ հստակ տեղեկությունների: Ցանկում 67 հոգի են՝ «x, y, z» անվան տակ, որոնց 2020թ. նոյեմբերի 1-ից հետո առ այսօր 69 մլրդ դրամ վարկ է տրամադրվել: ԱՀ ԱԺ պատգամավորին, ով օժտված է ժողովրդի մանդատով, չեք տրամադրում ցանկը, բայց այդ ցուցակը հայտնվում է նման մանդատով չօժտված այլ շրջանակների մոտ: Սա խտրական մոտեցում է: Հայտարարում եք, թե պատգամավորը կարող է ունենալ այդ ցուցակը, բայց իրականում չեք տրամադրում»,-պետնախարարին ուղղված իր հարցում ասել է Դավիթ Գալստյանը:
Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ այդ տեղեկությունը կարող են տրամադրել այնքանով, որքանով չեն խախտելու բանկային կամ առևտրային գաղտնիքը. «Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կա հիմնադրամների հետ կապված, որով շեշտվել է՝ այդ տեղեկությունները կարող են տրամադրվել առանց տնտեսվարող սուբյեկտին անհատականացնող տվյալներ հրապարակելու: Գյուղհիմնադրամի հետ կապված տեղեկությունները չեք ստացել, ես տեղեկացված եմ, որ այդ դրանք պատրաստվել և ուղարկվել են, ամենայն հավանականությամբ տեխնիկական խնդիր է»:
Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտել է, որ որոշ անձանց մոտ են հայտնվում այդ տվյալները, իսկ պատգամավորը չի ստանում: «Արցախի ներդրումային հիմնադրամն իմ հերթական հարցմանը պաշտոնական տվել է հետևյալ պատասխանը՝ 2020թ. նոյեմբերի 1-ից կնքված պայմանագրերի շրջանակներում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (67 շահառու) 69 մլրդ 986 մլն 36 հազար դրամ գումար է տրամադրվել, իսկ երեք ֆիզիկական անձի՝ 576 մլն դրամ: Ես այս ցուցակն էի ուզում: Պետք է հասկանալ, թե ինչ նպատակով են այս գումարները օգտագործվել»,- հարցրել է պատգամավորը:
Որպես նշված հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ Ներդրումային հիմնադրամի կողմից բացի պաշտոնական արված հարցումներից որևէ անձի տեղեկություն չի տրամադրվել: Նրա խոսքով՝ եթե գաղտնիք պարունակող տեղեկությունները հանրայնացվեն, ապա կունենա իրավական խնդիր: «Մեր կողմից որևէ տեղեկություն որևէ այլ անձի չի տրամադրվել, չգիտեմ՝ միգուցե ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել»:
Փաստն այն է, որ այդ ցուցակները հայտնվել են ֆեյսբուքյան էջերում, իսկ այդ երևույթը «արտահոսք» է որակել պետնախարարը, մնում է իրավապահ մարմինները «մադե ին ադրբեջան» օպերացիայի նմանօրինակ գործողությամբ պարզեն արտահոսքի աղբյուրն ու ֆեյսբուքում հրապարակողին: