Տեղահանվածների կյանքում վերջին երկու ամսում չեղավ որևիցե շոշափելի դրական տեղաշարժ

Լիանա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ոչինչ չի փոխվում…
Տեղահանվածների շրջանում վերջին անգամ անցկացված հարցման արդյունքները թեպետ շատ մտահոգիչ են, բայց և՝ սպասելի էր։
Տեղահանվածների հետ շուրջօրյա շփումները, հանդիպումներն ու քննարկումները ցույց են տալիս, որ տեղահանվածների սոցիալական վիճակը գնալով վատանում է։
Աստիճանաբար նվազող բնակվարձի աջակցությունն արդեն տրամադրվելու է միայն խոցելի խմբերին, լրացուցիչ հրատապ աջակցության շահառուների շրջանակը բավականին փոքր է։
Փաստացի ունենք մի վիճակ, որ տեղահանվածների կյանքում վերջին երկու ամսում չեղավ որևիցե շոշափելի դրական տեղաշարժ, ՀՀ Կառավարությունը որեւէ գործուն քայլ չձեռնարկեց այս ընթացքում՝ ստեղծված վիճակից ելքեր գտնելու համար, միայն հմտորեն փորձեց «ձմռանը ձյունը վաճառել» և հակառակը՝ ապագայում փորձում է այնպես «լավարկել» որոշ ծրագրեր, որ ավելի խոր ճեղքվածք կառաջացնի փոքր կազմով ընտանիքների, մայրաքաղաքում և շրջակա խոշոր համայնքներում կենտրոնացած մեր տեղահանված հայրենակիցների միջև։
Փոքր կազմով ընտանիքները «դատապարտված են»՝ ընդլայնելու կազմերը, ոչ վարկունակ ընտանիքները՝ վարկունակ դառնալու, աշխատանք փնտրողները՝ աշխատատեղեր ստեղծելու…
Արդյունքում՝ տեղահանված մեր հայրենակիցների շրջանում տագնապն ավելի է խորանում, կանաչ լույս բացելով արտագաղթի համար, իսկ զուգահեռ իրականության մեջ ամեն ինչ պարզապես «իդեալական է և դրական»։