Տեղահանված արցախցի մի շարք երիտասարդներ արժանացել են դրամաշնորհի
Գլխավոր » Լրահոս » Տեղահանված արցախցի մի շարք երիտասարդներ արժանացել են դրամաշնորհի

Տեղահանված արցախցի մի շարք երիտասարդներ արժանացել են դրամաշնորհի

«Օփթիմայզ» խորհրդատվական ընկերությունը հաղորդում է «REVIVING DREAMS» ծրագրի հաջող ավարտի մասին։

«REVIVING DREAMS» ծրագիրը նախաձեռնվել է Bridge to Armenia հիմնադրամի կողմից՝ տեղահանված արցախցի երիտասարդների բիզնես գաղափարների իրականացմանն աջակցելու համար։ Ծրագրի իրականացման համար մեծ ներդրում ունի «Օփթիմայզ քոնսալթինգ» ընկերության գործադիր տնօրեն, Ֆինանսական ռիսկերի կառավարիչ Հրայր Պարսումեանը։

Շուրջ մեկ ամիս տեւած ծրագրի ընթացքում «Օփթիմայզ» խորհրդատվական ընկերությունը ծրագրի 50-ից ավել մասնակիցների համար կազմակերպել էր դասընթացներ՝ «Ֆինանսական պլանավորում», «Բիզնես մոդել ԿԱՆՎԱՍ» եւ «Ֆոնդհայթայթում և դրամաշնորհային մրցունակ ծրագրի կազմում» թեմաներով, որից ստացած գիտելիքները մասնակիցներն օգտագործել են իրենց բիզնես գաղափարները բիզնես ծրագրերի վերածելու համար։

Ծրագրի 2-րդ փուլի համար ընտրվել էին 12 մասնակիցներ, ովքեր իրենց բիզնես գաղափարները ներկայացրել են ժյուրիի դատին։

Ժյուրիի որոշմամբ 2-րդ փուլում հաղթել եւ դրամաշնորհի են արժանացել հետեւյալ 7 մասնակիցները.

1. Հովհաննեսյան Անի (SuHen — Հայկական նախշերով ասեղնագործություն)

2. Բալայան Լուիզա (AMARILIS — ծաղկային հրուշակագործությւոն)

3. Հովհաննիսյան Քաջիկ (SECURE Optics — կապի և անվտանգության համակարգերի

տեղադրման, մոնտաժման և սպասարկման ծառայություններ)

4. Գրիգորյան Ծովինար (Laura’s Artsakh — Կար և ասեղնագործություն)

5. Սարգսյան Գեղանուշ (ԳեղArt — Գեղանկարներով էկո պայուսակներ)

6. Մարտիրոսյան Սիրանուշ (HAPPY CHICKEN — Էկոձվերի արտադրություն)

7. Հակոբյան Աննա (ADANA — Հայկական հագուստի արտադրանք)

Շնորհավորելով դրամաշնորհ ստացած մասնակիցներին «Օփթիմայզ» խորհրդատվական ընկերությունը նրանց բիզնեսներին մաղթեց հաջողություններ, իսկ ծրագրի մյուս մասնակիցներին՝ չհուսահատվել եւ առաջ շարժվել։

Ընկերությունը լիահույս է, որ ծրագրից ստացած գիտելիքներն ու փորձը կօգնեն ապագայում էլ ավելի կատարելագործել արցախցի երիտասարդ գործարարների բիզնես գաղափարները։

1