TechWeek-ն Արցախում համախմբել է 42֊ից ավելի ՏՏ ընկերությունների՝ հայրենանվեր առաքելությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » TechWeek-ն Արցախում համախմբել է 42֊ից ավելի ՏՏ ընկերությունների՝ հայրենանվեր առաքելությամբ

TechWeek-ն Արցախում համախմբել է 42֊ից ավելի ՏՏ ընկերությունների՝ հայրենանվեր առաքելությամբ

TechWeek Armenia ամենամյա ծրագրի շրջանակում Instigate Mobile, gg և TCF ընկերությունները որոշել և Արցախում կազմակերպել են TechWeek Artsakh միջոցառումը: Ծրագրի մեկնարկը պետք է տրվեր 2020թ. Գորիսում, սակայն Կորոնավիրուսի և պատերազմի պատճառով  TechWeek Goris-ը չի կազմակերպվել, որից հետո որոշվել է ծրագրի մեկնարկը տալ Արցախում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Instigate Mobile ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն Արսեն Աբրահամյանը:

-Ինչպե՞ս որոշվեց կազմակերպվել TechWeek Artsakh միջոցառումը:

— Մի քանի ամիս առաջ մասնակցել ենք TCF ընկերության ծննդյան տարեդարձին, որը կազմակերպված էր թրեյնինգների, քննարկումների և կոնֆերանսների ձևաչափով։ Այդ ժամանակ հենց միտք առաջացավ կյանքի կոչել TechWeek միջոցառումը և այն առաջինը կազմակերպել Արցախում: Մեր կազմակերպչական թիմը, քննարկումներ և հանդիպումներ ունենալով Արցախի համապատասխան պետական մարմինների հետ, որոշեց որ TechWeek Artsakh միջոցառումը պետք է կազմակերպվի հուլիսի 3-5-ը:

Մենք որոշել էինք, որ անպայման Արցախից պետք է սկսենք, քանի որ Արցախն այս պահին մեծ ուշադրության և վերազարգացման կարիք ունի: Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, թե ինչ հնարավորություն ունի IT-ն աշխարհում և ինչպես կարող են Արցախի կամ այլ մարզերի ցանկացած կետից, ունենալով ինտերնետի հասանելիություն` ընդգրկվել IT ընկերություններում:

-Ի՞նչ  է  TechWeek-ը:

TechWeek-ը մի գաղափար է, որը պլանավորում ենք իրականացնել ամեն տարի: Այն իր մեջ ներառում է  IT միջոցառումների շարք, որի մեջ մտում են կոնֆերանսները, պանելային քննարկումները, gg Race, «Արմաթ» լաբորատորիաների բացումը և այլ միջոցառումներ, որոնք կնախատեսեն մասնակից ընկերությունները: Այն իրենից ներկայացնում է տեխնոլոգիական շաբաթ, թեև Արցախում այն տևել է 3 օր: Քանի որ սա առաջին փորձն էր, մենք փորձեցինք մեր գրաֆիկով տեղավորվել 3 օրվա մեջ: TechWeek-ի միջոցով մենք մարդկանց ներկայացնում ենք Հայաստանում IT հզորությունը: Բացի այդ, մենք ստեղծում ենք միասնական հարթակ, որտեղ  այն IT ընկերությունները, որոնք ցանկություն ունեն հայրենանվեր աշխատանքներ իրականացնել, կարողանան  իրականացնել TechWeek-ի միջոցով: Այսօր TechWeek-ը Արցախում լավ կապեր ունի տարբեր գերատեսչությունների հետ, որոնց հետ միասին աշխատելով կարող ենք ցանկալի արդյունքներ գրանցել, քան՝ եթե ամեն մեկս աշխատենք առանձին-առանձին:

Այս ծրագրի շնորհիվ մենք արցախահայության համար բացահայտեցինք IT ոլորտում բիզնես սկսելու հնարավորությունները: Այս ոլորտում ընդգրկվելու համար մենք  նրանց ներկայացրինք, թե IT ոլորտում ինչ ուղղվածություններ կան, ինչ ընկերություններ կան, ինչով են զբաղվում այդ ընկերությունները և այլն: Մենք հնարավորություն ստեղծեցինք, որպեսզի երեկոյան ժամերին ոչ ֆորմալ միջավայրում քննարկումներ կազմակերպվեն, որի ընթացքում հետաքրքրվողները անմիջապես կարողանան իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ անմիջապես IT ընկերությունների հիմնադիրներից և ներկայացուցիչներից, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, տարբեր հարթակներով ուղղակի կապ պահեն նրանց հետ, որպեսզի տարբեր ուղղություններով համագործակցություններ ստեղծեն:

-Մասնակցությունը սպասվածից շատ ավելի՞ն էր:

-Իրականում որպես մասնակից է գրանցվել՝ 1 500 հոգի: Սովորաբար նման դեպքերում, երբ մարդիկ գրանցվում են, բոլորը չեն ներկայանում: Այս դեպքում այդպես չէր: Հակառակը, մասնակցել են նաև մարդիկ, ովքեր չէին գրանցել: Սա մեզ համար պարզ դարձավ, երբ 1500 հոգու համար նախատեսված անվանաքարտերը սպառվել էին արդեն 2-րդ օրը:

Այստեղ ամենակարևորն այն է, որ Երևանից դուրս  սա առաջին ամենախոշոր միջոցառումն է, որին մասնակցում է 1500-ից ավելի մարդ և  այն կազմակերպվել է Արցախում:

-Ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպվել TechWeek-ի շրջանակում:

-3 օրվա ընթացքում ունեցել ենք բանախոսություններ, պանելային քննարկումներ և երեկոյան ժամերին հատուկ ընտրված թեմաների շուրջ ոչ ֆորմալ ձևաչափով քննարկումներ խարույկի շուրջ: Փորձել ենք արցախահայությանը անհրաժեշտ բոլոր նյութերը մատուցել, հասկացնել, որ նստել՝ սպասելով որևէ հաջողության հասնել հնարավոր չէ: Նրանց ցույց ենք տվել հաջողության հասած մարդկանց փորձը:

Այդ բոլոր 42 ընկերություններն Արցախում էին հայրենանվեր առաքելությամբ՝ իրենց ողջ թիմով պատրաստակամ ունեցած գիտելիքները փոխանցել արցախահայությանը, որը, կարծում եմ, մեզ հաջողվել է:

Միջոցառման հիմնական ուղղություններն էին՝ տեխնոլոգիաներ, բիզնես, մարքեթինգ և դիզայն:

-Արդյո՞ք արդարացվել էին այն ակնկալիքները, որոնք սպասում էիք: Ի՞նչ տվեց Արցախին TechWeek-ը:

Այո, կարող եմ ասել, որ արդարացվել են մեր սպասումները: Այսպես մտածելու համար մի քանի պատճառներ կան: Օրինակ, կան ընկերություններ, որոնք որպես գործընկեր պատրաստակամություն չեն հայտնել աջակցել միջոցառման իրականացմանը՝ մտածելով, որ իրենց համար շահավետ և արդյունավետ չի լինի: Սակայն միջոցառման ավարտից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում այդ ընկերություններից, որոնք իրենց ափսոսանքն են հայտում չմասնակցելու համար և ցանկություն են հայտնում հաջորդ TechWeek-ին մասնակցել: Մենք փորձելու ենք դիտարկել, թե Instigate Mobile Ստեփանակերտ մասնաճյուղում քանի դիմորդ կար 2018թ., 2019թ., 2020թ. և ինչքան կդառնա  2021-ին: Միջոցառումից հետո արդեն 5 հոգի դիմել են ինձ՝  դասընթացների կամ հարցազրույցի համար, որպեսզի անցնեն աշխատանքի: Սակայն, քանի որ դեռևս գտնվում ենք  TechWeek-ի արդյունքների ամփոփման փուլում, այդ հարցազրույցները մի քիչ հետաձգվել են: Այդ հարցազրույցների արդյունքում կտեսնենք՝ ով ինչ գիտելիքի է տիրապետում և ինչ կարող ենք առաջարկել:

Եթե չլիներ TechWeek-ը, ապա բազմաթիվ ընկերությունների հիմնադիրներ, տնօրեններ և աշխատողներ այդպես էլ Արցախ չէին գա, քանի որ պատերազմից հետո չէին ցանկանում ռիսկի դիմել: Սակայն նրանք եկան Արցախ, և բացի հոգու խորքում ափսոսանք հայտնելուց՝ ցանկություն հայտնեցին խոսքից անցնել գործնական քայլերի:

Կային IT ընկերությունների տնօրեններ, ովքեր ցանկություն հայտնեցին այստեղ բնակարաններ գնել և, եթե ոչ ամբողջ տարին, ապա տարվա մեծ մասն այստեղ ապրել և այստեղից աշխատել:

Բացի այդ, ցանկացած արցախցի, ով հնարավորություն ունի այստեղ մնալու և այստեղից աշխատելու, ապա IT ոլորտը մեծ հնարավորությւոն է տալիս, որպեսզի իր պրոդուկտը այստեղ ստեղծի և վաճառի՝ առանց բեռնափոխադրումների և լրացուցիչ ծախսերի, իսկ եթե այդ պրոդուկտը ստեղծվում է Արցախում, ապա հնարավորություն է նաև ամբողջ աշխարհից մեծ ներդրումներ բերել Արցախ, որը շատ ողջունելի է:

TechWeek-ը նաև մոտիվացիայի մեծ աղբյուր էր արցախցիների համար, որպեսզի մնան և այստեղից աշխատեն, ցույց տալով, որ այս ոլորտում աշխատելու համար պարտադիր չէ լինել ծայրահեղ շատ խելացի կամ տարիքային ինչ-որ շեմի համար սահմանափակված է այդտեղ աշխատելը:

Աշխատելով և ստեղծելով նոր աշխատատեղեր, մենք կկարողանանք մեր ունեցածը ավելի ամուր պահել, նաև մեր տնտեսությանը զարկ տանք: Չի բացառվում, որ տեղական ռազմաարդյունաբերական ընկերություններ ստեղծվեն:

Ընդհանուր առմամբ, թե ինչ տվեց Արցախին TechWeek-ը, ցույց կտա ապագայում գրանցված արդյունքները:

-Սա լավ հնարավորություն էր արցախում աշխատող դասախոսների և ուսուցիչների համար, որպեսզի իրենք ևս ծանոթանան ոլորտի հեռանկարին ու հնարավորություններին: Արդյո՞ք ապահովվել է նրանց ներկայությունը:

-Այս հարցում մեզ շատ աջակցել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս տիկին Լուսինե Ղարախանյանի: Ես շատ ուրախ եմ, որ մեր նախարարներից մեկը հասկացել էր մեր նպատակներն ու պատկերացրել միջոցառման կարևորությունը: Հենց առաջին օրը զանգ եմ ստացել տիկին Ղարախանյանից, ով ցանկացել է իմանալ, թե մեր դասախոսների և ուսուցիչների մասնակցությունը հատկապես ինչում է կարևոր: Քանի որ ես չէի կարող բոլորի փոխարեն որոշել, ես նրան տրամադրել եմ օրակարգը, որպեսզի նրանք որոշեն, թե իրենց դասավանդմանն ինչն ավելի օգտակար կլինի:

Տիկին Ղարախանյանի և նրա աշխատակազմի շնորհիվ բոլոր բուհերն ու ուսումնական հաստատությունները տեղեկացված էին միջոցառման մասին: Մասնակիցների մեծ թիվը ցույց է տալիս այն, որ մեր նախարարությունն իր աշխատանքը լավ է կատարել:

Կարծում եմ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության խնդիրն է՝ հետագայում հասկանալ, թե մասնագետների որ մասն է մասնակցել և ինչ է տվել մասնակցությունն իրենց: 

-Արցախում կա՞ն նախադրյալներ IT ոլորտի հեռանկարային զարգացման համար: Ապագայում Արցախի IT ոլորտում հնարավոր է ստեղծել նոր աշխատատեղեր, որը կազդի աշխատաշուկայի վրա:

-Այո, հաշվի առնելով, որ մեր ընկերությունն Արցախում գործում է 2012-ից և առաջիններից էր, իսկ այս պահին կան տարբեր ընկերություններ, այդ թվում՝ նաև տեղական ընկերություններ, օրինակ «Կապիտալ Սոֆթ» ընկերությունը, որն ամեն տարի ավելի զարգանում, ավելի լուրջ աշխատանքներ է անում և համագործակցում լուրջ ընկերությունների հետ:

Մենք որևէ պահի իրավունք չունենք մտածելու, որ Արցախում չկան նախադրյալներ ոլորտի զարգացման համար:

Մենք փորձելու ենք ամեն ինչ անել ոլորտի զարգացման համար՝ մեր աշխատողների համար ապահովելով շահավետ պայմաններ, ինչպես նաև մարդկանց տեղեկացնել ոլորտի ընձեռած հնարավորությունների մասին: Աշխատասիրությամբ և մեծ ցանկությամբ կարելի է դառնալ լավ մասնագետ, իսկ արցախցիներն ունեն այդ հնարավորությունը:

IT ոլորտում աշխատատեղերի սահմանափակում չկա, որը պայմանավորված է ոլորտի անընդհատ զարգացմամբ, նոր տեխնոլոգիաների ի հայտ գալով, որը մեծացնում է ծրագրավորողների պահանջարկը: Քանի որ Արցախում գիտելիքներով օժտված ընկերություններ կան արդեն, որոնք և կարող են այդ գիտելիքները փոխանցել ուրիշներին, ինչքան այդ ընկերությունները շատ լինեն, այնքան շատ մարդ կարող են իրենց շուրջը հավաքել:

Այստեղ կարևոր է, որ մարդիկ տեղեկացված լինեն, նպատակասլաց ու աշխատասեր և միասին ձեռք ձեռքի տված քայլենք միասին, որը շահավետ կլինի և՛ տվյալ անհատի, և՛ կազմակերպության, և՛ մեր պետության համար:

-Այս ընթացքում կազմակերպվեց նաև gg Race և «Կորիզ» մրցույթները: Ի՞նչ մրցույթներ էին դրանք:

— gg Race-ը համախմբել է տարբեր մարդկանց, որի արդյունքում ցանկացած վարորդ նշված օրերին վարելով ggRace՝ իր վաստակած գումարը նվիրաբերվում էր ֆոնդին և հավաքագրված գումարները կրկնապատկելով հատկացվում էր բարեգործության:

Այս ընթացքում այստեղ ժամանած մարդիկ ևս կատարելով նման պատվերներ, հավաքվել է մոտ 750 000 դրամ, որին ավելացրել է նաև Արդշինբանկը և շուրջ 1 մլն դրամ հատկացվել է «Հայաստանի երեխաների առողջական խնդիրների բուժման» նորաստեղծ հիմնադրամին:

«Կորիզ» գաղափարների մրցույթը հնարավորություն է տվել մարդկանց կյանքի կոչել իրենց գաղափարները: Հուլիսի 3-ին և 4-ին նրանք լսելով ստարտափ ոլորտում հաջողության հասած մարդկանց, որից հետո նրանք ունեցել են  առանձին դասընթացներ, որտեղ սովորել են իրենց գաղափարի ճիշտ ներկայացումը:

Ժյուրիին ներկայացնելով իրենց գաղափարները, մասնակից 7 թիմերից ընտրվել են 3 լավագույնները՝ ստանալով 1-ին մրցանակային տեղի համար  1500, 2-րդ՝ 1000 և 3-րդ՝ 500 դոլար դրամական պարգևներ:

-Լինելով չճանաչված պետություն, ունե՞նք հնարավորություն միջազգային ներուժն օգտագործել Արցախում:

-Այո, քանի որ ցանկացած մարդ, ով ուզում է ստեղծել պրոդուկտ, իր համար կարևորը  որակյալ պրոդուկտի ստեղծումն է և նրանց համար տարբերություն չկա այդ պրոդուկտ ստեղծողն Արցախում է ապրում, թե Ամերիկայում: Այս ոլորտը քաղաքականություն չի ճանաչում:

Արցախի Երիտասարդության պալատում ստորագրվեց եռակողմ փոխգործակցության հուշագիր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, TechWeekի և Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջև՝ «Հայքն Աշխարհին» խորագրի մեկնարկի մասին: Ի՞նչ է այն իրենից ենթադրում:

-Այն սկիզբ է առնելու Արցախում և լինելու է Մարտունի, Ասկերան և Մարտակերտ շրջկենտրոններում, որտեղ ստեղծելու ենք СoWorking տարածքներ, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն տնից աշխատել, քանի որ նման աշխատելաոճի անհարմարությունները մենք զգացինք կարանտինի ժամանակ: Մենք ստեղծելու ենք աշխատանքային միջավայր, որտեղ մարդիկ առանց մեծ ծախսերի կկարողանան ունենալ գրասենյակային պայմաններ, կենտրոնանալ աշխատանքի վրա և ավելի արդյունավետ աշխատել:

-Որո՞նք են ոլորտի զարգացման համար հիմնական խոչընդոտները:

— Հիմնական խնդիրը մարդկանց անտեղյակությունն է: Ոչ բոլորն են տեղեկացված, թե ինչպես կարելի է ներգրավվել այս ոլորտում և ինչպես կարելի է աշխատել: Փորձառու մասնագետների խնդիր կա նաև համալսարաններում ու դպրոցներում: Սա լուծելի խնդիր է, եթե ստեղծվի համալսարան-բիզնես կապ և ստեղծվի այնպիսի մեխանիզմ, որով մասնագետները կկարողանան դասավանդել նաև համալսարաններում, որի արդյունքում ուսանողն ավելի շուտ կարող է հասնել այն մակարդակին, որով կկարողանան համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել աշխատանքի: Ցավոք, այսօր մենք առանց լրացուցիչ դասընթացների չենք կարողանում մարդկանց ընդունել աշխատանքի: Մենք ներդրում ենք անում մարդկային կապիտալում՝ գիտելիքներ տալով, որպեսզի նրանք դառնան շահութաբեր աշխատողներ: Այս խնդիրների լուծման համար մեծ ցանկություն ու ժամանակ է հարկավոր: Մենք մեր մեծ ցանկությունն ապացուցեցինք TechWeek-ը կազմակերպելով:

1