Տեառնընդառաջի միջոցառումը միավորեց ՀՄԸՄ Արցախի և Երևանի շրջանի սկաուտներին
Գլխավոր » Երիտասարդական » Տեառնընդառաջի միջոցառումը միավորեց ՀՄԸՄ Արցախի և Երևանի շրջանի սկաուտներին

Տեառնընդառաջի միջոցառումը միավորեց ՀՄԸՄ Արցախի և Երևանի շրջանի սկաուտներին

Հայ ժողովրդի հազարամյակներ շարունակ նշվող ավանդական տոնը՝ Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և այլ անուններով), այսօր նշվեց Երևանում՝ ՀՄԸՄ Արցախի մեկուսի վարչության նախաձեռնությամբ:

Միջոցառումը միավորեց ՀՄԸՄ Արցախի և Երևանի շրջանի սկաուտներին, նրանց ծնողներին, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության, ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչության անդամներին: Միջոցառմանը ներկա էին նաեւ Արցախի թեմի քարտուղար Դավիթ ուրկ. Փաշայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, հյուրեր։ Տոնի առիթով կազմակերպված միջոցառումը սկսվեց Դավիթ ուրկ. Փաշայանի խոսքով, ով ներկայացրեց օրվա խորհուրդը և օրհնեց խարույկը: Նա ընդգծեց, որ Տեառնընդառաջը ոչ միայն հայկական ավանդական տոն է, այլև հոգևոր և մշակութային ժառանգության կարևոր մաս, որը հրավեր է Տիրոջն ընդառաջ գնալու: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նրա խոսքերը հիշեցրին ներկաներին տոնի խորը իմաստի և հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման համար ունեցած նշանակության մասին:

Ըստ հայկական ավանդույթի՝ ներկաները ցատկեցին կրակի վրայով, որը համարվում է մաքրության և հոգևոր վերածննդի խորհրդանիշ: Կրակը քրիստոնեության մեջ նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը: Այն ունի զտող, մաքրագործող հատկություն: Կրակի վրայով ցատկելուց հետո մասնակիցները միացան խարույկի շուրջ կազմակերպված ազգային երգ ու պարին՝ տոնը դարձնելով ուրախ և միասնական: ՀՄԸՄ Արցախի մեկուսի շրջանի անդամ քույր Լիլիթը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը ևս մեկ առիթ էր արցախցիներին միավորելու և միասին նշելու հայկական ավանդական տոնը: Նա կարևորեց ազգային տոների նշումը՝ ընդգծելով, որ հենց այս տոներն ու դրանց հետ կապված ավանդույթներն են հազարամյակներ շարունակ եղել հայկական ավանդական արժեհամակարգի պահպանման հիմքում: Տեառնընդառաջը Հայաստանում նշվում է հունվարի 13-14-ին և ունի հեթանոսական և քրիստոնեական արմատներ: Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո տոնը ստացավ կրոնական նշանակություն՝ կապված Հիսուս Քրիստոսի Մկրտության հետ:

Տեառնընդառաջը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգության մասն է, այլև հնարավորություն է տալիս ներկա սերնդին կապվել իր արմատների հետ և պահպանել ազգային ինքնությունը:

1