Ճանապարհի վրա որևէ անցակետ և զինյալ մարդ չպետք է լինի․ Վիտյա Յարամիշյան

«Ապառաժ»-ը շարունակում է ադրբեջանական ապօրինի անցակետի հատման իրավական, քաղաքական ու անվտանգային հետևանքների մասին Արցախի մտավորականների ու հասարակության ակտիվ անդամների հետ զրույցները։
Արցախի Պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանն այն կարծիքին է, որ այդ ճանապարհի վրա ընդհանրապես անցակետ չպետք է լինի, և որևէ պետության զինծառայող այնտեղ լինելու իրավունք չունի, սակայն այս պարագայում հատել անցակետը թե ոչ, դժվարանում է պատասխանել, որովհետև բազմաթիվ հումանիտար հարցեր կան, որոնք շտապ լուծումներ են պահանջում։
«Դժվար հարց է, չգիտեմ։ Ընդհանրապես պետք է բացվի ճանապարհը, և ոչ մի ադրբեջանցի այնտեղ չպետք է լինի, որովհետև Արցախն առաջին օրը կամ տարին չէ, որ հայտարարել է ի լուր ամբողջ աշխարհի իր անկախության մասին։ 1988թ․ ԼՂԻՄ Մարզխորհրդի հայտնի որոշումից հետո՝ 1991թ․ անկախության հռչակագրից և 30 տարվա պետականաշինությունից հետո, կրկին վերադառնալ ու զրոյական մակարդակից սկսել, ինչ-որ անցակետեր տեղադրել, բռնի ուժով փորձել Ադրբեջանին վերաենթարկեցնել Արցախի ժողովրդին, անընդունելի է։ Ճանապարհը միշտ պետք է բաց լինի, և որևէ զինյալ մարդ պետք է բացառվի այնտեղ՝ անկախ ազգությունից։ Սակայն այս պարագայում, եթե խոսքը վերաբերում է հիվանդի կյանքը փրկելուն, նրան կարելի է անգամ օդով, հավքի թևով էլ ուղարկել, որպեսզի նա բուժվի»,-ասել է Վ․ Յարամիշյանը։