Ճանաչե՛նք Հայաստանը․ ՀՅԴ Արցախի ապտանեկան միությունը կյանքի է կոչել հերթական հագեցած ծրագիրը
ՀՅԴ Արցախի պատանեկան միության ծրագրերը իրենց շարունակությունն են գտնում Հայաստանում։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի պատանեկան միության Կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանը։
Օրերս միության անդամներն այցելել էին Սարդարապատի հուշահամալիր և Դրոյի գերեզման, որի նպատակն ըստ Վահագն Խաչատրյանի Հայաստանն ավելի լավ ճանաչելն է։
«ՀՅԴ Արցախի պատանեկան միության շուրջ 80 պատանիներ երկօրյա ծրագրի շրջանակում հնարավորություն են ունեցել այցելելու Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան, Դրաստամատ Կանայանի գերեզման։ Այնտեղ նրանց համար ԱՀ ԿԳՄՍՆ փոխնախարար, ՀՅԴ ԲԵԳ երիտասարդական խորհրդի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը պատանիների առջև հանդես եկավ դասախոսությամբ, անդրադառնալով մայիսյան հերոսամարտերին, հերոսամարտերին արցախցիների մասնակցությանը, Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծմանը, և այդ օրերին հայ ժողովրդին առաջնորդող հերոսական դեմքերին»,-նշել է Վ․ Խաչատրյանը։
Ծրագրին մասնակից պատաներիները գիշերել են ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում, որտեղ օրվա 2-րդ կեսին նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու և զրուցելու դաշնակցական ընկերների հետ։
«Երեկոյան պատանիները առիթ ունեցան ավելի մոտիկից ծանոթանալու ընկեր Համբիկ Սասունյանի հետ և զրուցելու անմիջապես նրա հետ։ Պատանիները լսեցին նաև ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ ընկեր Անդրանիկ Չավուշյանին և այլ կուսակցական ընկերների։ Օրն ավարտվեցինք, բացահայտելով ապտանիների տաղանդները։ Նրանք երգեցին, պարեցին, արտասանեցին, նվագեցին իրենց հոգեհարազատ ստեղծագործությունները, որոնք բոլորը կապված էին Արցախի հետ»,-ասել է Վ․ Խաչատրյանը։
Ծրագրի 2-րդ օրը պատանիներն անցկացրին ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության ընկերների հետ, ովքեր «Դեպի երկիր» ծրագրի շրջանակում ժամանել էին Հայաստան։
«Պատանիները սփյուռքի մեր ընկերների և հրավիրված երգիչների հետ կարողացան լավ ժամանակ անցկացնել, միասին երգել, ճաշել։ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությունը պատանիների համար պատրաստել էր նաև նվերներ, ինչն ավելի ամբողջական դարձրեց երկօրյա ծրագիրն ու ուրախություն պարգևեց պատանիներին»,-ասել է Վ․Խաչատրյանը։
Նրա խոսքով սա պատանիների նմանատիպ 2-րդ հավաքն է, որոնք կյանքի են կոչվում ՀՅԴ Աշխահասփյուռ երիտասարդական միությունների հետ համատեղ․
«Առաջին ծրագիրը կյանքի է կոչվել ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի երիտասարդական միության հետ միասին, իսկ վերջին ծրագիրը ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության հետ համատեղ»։
Վահագն Խաչատրյանը կարևորեց այս պայմաններում արցախի պատանիների համախմբումն ու հայեցի դաստիարակությունը։
«Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից, այդ իսկ պատճառով մենք ուշադրություն ենք դարձնելու և առաջիկայում ևս կազմակերպելու ենք նմանատիծ ծրագրեր՝ Հայաստանն ավելի լավ ճանաչելու համար։ Հայաստանում մեր գործունեությունը էլ ավելի պատասխանատու և կարևոր է դարձել, որովհետև այսօր ՀՅԴ Արցախի պատանեկան միությունն այն միակ հարթակն է, որտեղ արցախցի պատանիները կարողանում են հավաքվել, շփվել միմիանց հետ, միասին ժամանակ անցկացնել, պահել այն կապը, որոնք տարիներ շարունակ ստեղծվել էր նրանց միջև Արցախում, իսկ դրան զուգահեռ կրթվել, դաստիարակվել, ծանոթանալ հեղինակավոր մարդկանց հետ, շփվել նրանց հետ։ Մեր նպատակը այսօր արցախցի պատանիների մեջ Արցախ վերադառնալու հավատը վերականգնել է, իսկ մինչ այդ նրանց սրտերում Արցախն ապրեցնելը։ Վերջին իրադարձություններից հետո, մենք նկատում ենք արդեն, որ նմանատիպ ծրագրերի շնորհիվ պատանիների դեմքին ժպիտ ու հույս է հայտնվում», եզրափակել է Վ․ Խաչատրյանը։