Տատիկ, ես իմ հայրիկին եմ ուզում, երբ է տուն գալու․․․
Չգիտեմ՝ ինչպես եմ ապրում, ոնց եմ դիմանում այս ցավերին։ Ինքս ինձ հարց եմ տալիս ու պատասխանը չեմ գտնում,- ասում է 2023-ի սեպտեմբերի 19-ին զոհված Նվեր Ավանեսյանի մայրը՝ տիկին Մարիետտան․․․
Կյանքի առաջին դառնությունն այս կինն զգացել է դեռևս Արցախյան առաջին պատերազմում, երբ 1994 թվականի մայիսի 12-ին՝ պատերազմի զինադադարի օրը, ծանր վիրավորվել է ամուսինը ու 10 օր հետո հեռացել երկրային կյանքից՝ կնոջ փխրուն ուսերին թողնելով 3 անչափահաս երեխաների խնամքը։

-Անհայր պահեցի երեխաներիս, ոտքի կանգնեցրի՝ կրելով զրկանքներ, ապրելով շատ դժվար օրեր։ Նվերը 6 տարեկան էր, Նաիրին՝ 5, իսկ դուստրս՝ Նարինեն՝ 3։ 1994-ի մայիսի 12-ին ամուսինս Սեյսուլանում էր։ Հմուտ նռնականետ էր, սակայն թշնամու գնդակն անողոք գտնվեց։ Ճակատագրի հեգնանք էր, թե ինչ՝ չգիտեմ։ Նույն օրը, երբ արդեն զինադադարի պայմանագիր էր կնքվում, նա շատ ծանր վիրավորվեց։ Բժիշկներն անզոր էին փրկելու նրա կյանքը։ Մեծ դժվարությամբ մեծացրի երեխաներիս, սակայն ճակատագիրը շարունակում էր հետապնդել մեզ․ 22 տարեկանում հիվանդացավ կրտսեր որդիս, ու այդ օրվանից նա հիվանդանոցում է։ Ես համոզված եմ, որ նրա մոտ ամեն ինչ սկսվել է 5 տարեկանում, երբ տեսավ հորը դագաղի մեջ։ Տարիներ հետո այդ վախը զգացնել տվեց, ու տղաս հայտնվեց հիվանդանոցում։ Մյուս հարվածը ստացա 2020-ի 44-օրյա պատերազմում, երբ ավագ որդիս ծանր վիրավորվեց ու հրաշքով փրկվեց, սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը կրկին սևով պատեց սիրտս։ Ես կորցրի որդուս՝ Նվերիս․․․

Նվեր Ավանեսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին, Ստեփանակերտում։ 1995-2005 թվականներին նա սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան հ․ 1 դպրոցում։ 2000 թվականին ընդունվել է Ա. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի գեղարվեստական բաժինը։ Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո 2007 թվականին ԱՀ ՊԲ-ում անցել է պայմանագրային զինվորական ծառայության, որը համատեղել է ուսման հետ։ 2009-2013 թվականներին սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» բաժնում։
Նվերը մասնակցել է 2016-ի քառօրյա պատերազմին։
2017 թվականին վերապատրաստման է մեկնել Երևան և ավագ լեյտենանտի կոչումով, որպես կապավոր, վերադարձել Արցախ ու ծառայությունը շարունակել Հադրութում։
Այնուհետև նա տեղափոխվել է ԱՀ ՊԲ Ցոր զորամաս։
2020 թվականի սեպտեմբերի 27—ի առավոտյան նա արդեն ռազմաճակատ էր։ Մարտական դիրքը Հադրութում էր։ Ընկերնեը պատմում են, թե ինչպիսի անձնվիրությամբ էր կռվում Նվերը։ Նա պատրաստ էր հանուն հայրենիքի տալ անգամ կյանքը։ Հոկտեմբերի 13—ը ճակատագրական օր էր նրա համար։ Վաղ առավոտյան ողնաշարի գոտկային հատվածում ծանր վիրավորում ստացավ։ Իսկ այդ նույն օրը, Երևանում ծնվեց նրա առաջին դուստրը՝ Մարիամը։
Երկար ապաքինվելուց նա վերադարձավ շարքեր, թեև ողնաշարում բեկորներ էին մնացել։ Նվերը շարունակում էր իր ծառայությունն անմնացորդ նվիրումով, անտեսելով մարմնի բեկորները։ Նա երազում էր, որ իր երեխաները ապրեն ու մեծանան անվտանգ Արցախում։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ի աղետալի պատերազմը ներխուժեց նաև Ավանեսյանների ընտանիքը։ Նվերը 35-րդ դիրքում էր՝ Շուշիի տակ։ Զոհվեց հայրենիքի պաշտպանը, լավագույն հրամանատարը, սիրասուն հայրն ու որդին․․․
Հայրենիքի նվիրյալն արժանացել է մի շարք մեդալների ու պատվոգրերի, ինչպես հետմահու, այնպես էլ կենդանության օրոք։

-Միշտ տղայիս ասում էի՝ 18 տարի ծառայել ես, հերիք է։ Մի տեսակ վախ էր մտել իմ մեջ, առանձնապես 2020-ից հետո։ Սակայն նրան հնարավոր չէր մտափոխել, բնավորությամբ սկզբունքային էր, վճռական էր։

Սեպտեմբերի 26-ին հարսիս, աղջկաս ու թոռներիս հետ դուրս եկանք Ստեփանակերտից, հաջորդ օրը հասանք Հայաստան, մեզ ուղղորդեցին Գյումրի։ Տղայիս աճյունը շտապօգնության մեքենայով էին տարել։ Նախ ասացին Գորիսում է, հետո զանգեցին ու ասացին, որ որդիս Վանաձորում է։ Հարսս ու աղջիկս 4 փոքրիկների հետ շատ վատ ապրումների մեջ էին, ես պարտավոր էի հավաքել ուժերս։ Մենակ հասա Վանաձոր ու տեսա որդուս․ միթե աշխարհում դրանից ավելի դաժան իրողություն կարող է լինել, երբ մայրը տեսնում է զավակի անկենդան մարմինը։ Չեմ կարծում։ Այդ պահին ես միայն իմ դատարկված հոգին էի զգում․․․
Որդուս հուղարկավորությունը կազմակերպվեց հոկտեմբերի 6-ին՝ Եռաբլուրում։ Գյումրիում մեկ տարի ապրելուց հետո տեղափոխվեցինք Երևան։ Չէի կարող որդիներիցս այդքան հեռու լինել․ Նվերը՝ Եռաբլուրում, Նաիրին՝ հիվանդանոցում․․․
Ու նորից ինձ կեղեքում է հարցը՝ ինչպե՞ս եմ դիմանում․․․


Զոհվածի մայրն ապրում է վարձակալած բնակարանում, աղջկա ու նրա երեխաների հետ։ Տանտերը խղճմտանքով մարդ է, վարձավճարը աստղաբաշխական չէ, սակայն այնպես է ստացվել, որ տիկին Մարիետտան նոր տան փնտրտուքի մեջ է․ տանտերը որոշել է ինքն ապրել իր տանը։
-Արցախի կորստից հետո բոլորս հայտնվել ենք ծանր իրավիճակում։ Ոչ տուն ունենք, ոչ աշխատանք։ Համոզված չէմ, որ երբևէ սեփական տանիք կունենանք։ Որովհետև բնակաապահովման ծրագրից չենք կարող օգտվել, քանի որ այդ գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել։ Մենք 4 հոգի ենք, նույնիսկ մարզերում չենք կարող տուն գնել։ Աղջիկս առողջական խնդիրներ ունի և չի կարող աշխատանքի գնալ։ Նա ձեռքի աշխատանքներ է անում, երբեմն մասնակցում ցուցահանդես-վաճառքների՝ փորձելով հոգալ երեխաների կարիքները։ Շուտով մեր բնակվարձերի աջակցությունը ևս կկտրվի։ Միայն երեխաներին հատկացվող գումարով անգամ տան վարձը չենք կարող վճարել։ Մեր ընտանիքին, ինչպես նաև արցախահայության զգալի մասին անելանելի վիճակ է սպասվում։ Արդեն հասկացել ենք, որ պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունենք՝ չնայած ես մեզ Հայաստանի քաղաքցի եմ համարում։ Հետո գուցե դիմենք ու բնակարան ձեռք բերելու հավաստագիր ստանանք, բայց կասկածում եմ, որ կհաջողվի։ Այս պահին մտահոգված եմ տուն վարձակալելու և տեղափոխվելու համար,-ասում է տիկին Մարիետտան, ապա երկար լռում ու շարունակում,-շատ ծանր է, երբեմն մտածում եմ, որ իմ ապրելն ում է պետք, սակայն կրկին ուշքի եմ գալիս․ չէ՞ որ թոռնիկներիս դեռ պետք եմ։ Փորձում եմ նրանց օրը սիրառատ դարձնել, օգնել հարսիս ու աղջկաս։ Միայն Նվերիս ավագ դստեր՝ Մարիամի ցանկությունը չեմ կարողանում կատարել, երբ ամեն անգամ, մեր տուն գալուց ականջիս շշնջում է՝ տատի՛կ ես իմ հայրիկին եմ ուզում, ե՞րբ է տուն գալու․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
