Տարիներ առաջ փրկված կրոնական գրքերը փոխանցվեցին Արցախի թեմին

Փետրվարի 15-ին Արցախի թեմի առաջնորդարանում ազատմարտիկ, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել Արցախյան պատերազմի տարիներին իր մոտ հայտնված «ավարը»՝ աստվածապաշտական երեք գրքեր: Այն Արցախի թեմին է փոխանցվել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խորհրդով:
Սամվել Թադևոսյանի խոսքով՝ 1992թ., արդեն ազատագրված Շուշին, մի քանի օր կրակների մեջ էր: Դաշնակցության առաջին գումարտակի անդամները լուր տվեցին, որ այրվում է Շուշիի օրիորդաց գիմանզիայի շենքը:

«Այնտեղ հասնելով մի խումբ ընկերների հետ մոտ չորս հարյուր գիրք փրկեցինք՝ հայերեն, ռուսերեն գրականության, այդ թվում նաև՝ երկու հնագույն գրքեր: Այդ գրքերի արտաքին տեսքից հասկացա, որ այն իրենից մեծ արժեք է ներկայացնում»,- նշել է ազատամարտիկը կինոռեժիսորը:
Փրկված գրքերը նվիրել են Շուշիի նոր ձևավորվող վարժարանին, իսկ հնագույն երկու հոգևոր գրքերը, հրամանատար Պետոյի հետ խորհրդակցելով, որոշել են պահել: Մի քանի օր անց ազատագրված գյուղերից մեկում արժեքավոր «ավարին» ավելացել է ևս մեկ գիրք:

«Պետոն հանձնարարել է գրքերի հետագա ճակատագիրը որոշելու համար խորհրդակցել գումարտակի հրամանատար Դավիթ Իշխանյանի հետ: Որոշել էինք հանձնել հոգևոր դասին»,- վերհիշում է Սամվել Թադևոսյանը: Եվ ահա այդ օրերից 28 տարի անց արժեքավոր գրքերը հանձնել են Արցախի թեմին:
Գրքերից մեկը Հին կտակարան է, երկրորդը ժամագիրք է, իսկ երրորդը՝ Երեմիայի մարգարեությունն է:
