«Տան ձայնը հեռվից». Ես փորձել եմ պահպանել իմ հայրենի Արցախի պատմությունը, ինչպես տեսել եմ այն իմ տեսախցիկից
Գլխավոր » Լրահոս » «Տան ձայնը հեռվից». Ես փորձել եմ պահպանել իմ հայրենի Արցախի պատմությունը, ինչպես տեսել եմ այն իմ տեսախցիկից

«Տան ձայնը հեռվից». Ես փորձել եմ պահպանել իմ հայրենի Արցախի պատմությունը, ինչպես տեսել եմ այն իմ տեսախցիկից

«Kooyrigs» («Քույրիկս») կազմակերպության ֆինանսավորմամբ մայրաքաղաքի «Դալան» պատկերասրահում բացվեց AMAA-ի Երեւանի Ավետիսյան դպրոցի 12-րդ «ա» դասարանի աշակերտուհի արցախցի Նարե Առուշանյանի լուսանկարչական աշխատանքների առաջին անհատական բարեգործական ցուցահանդեսը:

Դեռ երկու-երեք տարի առաջ ի՜նչ իմանար Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի աշակերտուհի Նարեն, որ մանկությունից իր այնքան սիրած եւ Արցախի Թումո կենտրոնում կատարելագործված լուսանկարչական արվեստով մի օր իր հարազատ եզերքի տարեգրությունն է ստեղծելու եւ դառնալու է այդ հայրենի տան ու նրա հերոսական մարդկանց նորօրյա վավերագիրը:

Նարեի ցուցահանդեսը հիշեցում է Արցախից՝ այնպիսին, ինչպիսին այն էր պատերազմից եւ շրջափակումից առաջ, ինչպիսին դարձավ պատերազմի եւ շրջափակման ընթացքում։ Յուրաքանչյուր լուսանկար հուշ է՝ մի պահ, մի տուն, մի հայացք, որոնք մնացին հեռվում, բայց անդարձ չջնջվեցին հիշողությունից։

— Ես փորձել եմ պահպանել իմ հայրենի եզերքի պատմությունը, ինչպես տեսել եմ այն իմ տեսախցիկից,- ասում է Նարեն:

Սա պատանի վավերագրողի առաջին անհատական ցուցահանդեսն է: Այն շարունակվելու է մինչեւ մայիսի 20-ը ներառյալ: Ներկայացված է 35 լուսանկար: Ի դեպ, դրանց վաճառքից գոյացած հասույթը տրամադրվում է «Հայորդի» բարեգործական կազմակերպությանը, որն աջակցում է զոհված ազատամարտիկների երեխաներին: Ի դեպ, ցուցահանդեսում լուսանկարներ ձեռք բերող այցելուներին, ինչպես նաեւ բարերարներին Նարեն նվիրեց Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի վերջին՝ «Սեր իմ Արցախ» ժողովածուն:

Մինչ այս Նարեն մասնակցել էր լուսանկարչական խմբային ցուցահանդեսների Հայաստանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում (Նյու Յորք), ներկայումս համագործակցում է լրատվամիջոցների հետ:

Այս պահին պատանի լուսանկարչուհին պատրաստվում է ավարտական քննությունների:

1