Տաղանդաշատ մարդու միտքը միշտ պրպտում է
Շատ հայտնի խոսքեր ու թևավոր արտահայտություններ այդպես էլ վերացական կմնային, եթե իրական կյանքում չհանդիպեինք դրանց մարմնացումներին:
Ստեփանակերտցի Արամ Ավագյանին դժվար է մեկ կամ մի քանի մասնագիտությունների տեր համարել. ձեռնամարտի վարպետ, հետախույզ, ազատամարտիկ, քանդակագործ, նկարիչ, լուսանկարիչ, իսկ այժմ նաև՝ հոգեբան, բժիշկ, կոսմետոլոգ: Ինչպես ասում են՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում:
Թվում է, թե մի քանի ոլորտում արդեն մասնագիտացած ու հաջողությունների հասած մարդը կբավարարվի արդեն ձեռք բերած հմտություններով, բայց Արամ Ավագյանի միտքը միշտ պրպտում է. նոր տեսած ժայռը, գյուղի հին եկեղեցին, աղբյուրը՝ մի նոր ծավալուն ծրագրի հիմք են դառնում, ու նա արդեն մտածում է այդ նոր գաղափարները կյանքի կոչելու ուղիների մասին: Նա փոփոխությունների ու նորամուծությունների բազում գաղափարներ ունի, որոնց միայն մի մասին կփորձենք անդրադառնալ:
Մարզիկն ու մարզիչը
Դպրոցական տարիներից Արամ Ավագյանը զբաղվում էր թեթև ատլետիկայով, արժանացել է մի շարք մրցանակների:
Ավագ եղբայրն է իր մեջ սեր արթնացրել դեպի արևելյան մարտարվեստը: Արտերկրում Սև գոտու արժանացած եղբայրը սովորեցրել է Կարատե դո մարտարվեստի բոլոր նրբությունները: Այդ տարիներին արգելվում էր նման մարտարվեստով զբաղվել, այդ իսկ պատճառով գաղտնի էին պարապում: «Ծանոթացել եմ ոչ միայն ինքնապաշտպանության արվեստին, այլ նաև ճիշտ շնչելու, ինքնաբուժության, մարմինը երիտասարդ պահելու միջոցներին: Եղբայրս ամեն ինչը պրոֆեսիոնալ հիմքի վրա է դրել»,- պատմում է Արամը:
ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն ինքն էր սովորեցնում աշակերտներին, հմտանում մարտարվեստի այլ ճյուղերի մեջ ևս: Սակայն պատերազմը խանգարում է այս ուղղությամբ առավել մասնագիտացմանը: Հայրենիքի պաշտպանությունն առաջնային էր: Արամ Ավագյանը դառնում է Արցախյան պատերազմի առաջամարտիկներից, ինքնապաշտպանական առաջին ջոկատներից մեկի հրամանատարը, հատուկ ստորաբաժանումների մարտիկների հրահանգիչ:
Քանդակագործն ու ճարտարապետը
Արամը չի կողմնորոշվում, թե որն է իր հիմնական մասնագիտությունը. «Ինչ շոր էլ հագնեմ, դրա մասնագետը կդառնամ: Բայց ավելի սրտամոտ են ճարտարապետությունն ու զբոսաշրջությունը»:
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի խորհրդանիշ դարձած առյուծը քանդակել է Արամ Ավագյանը: Առյուծի ժայռաքանդակի ստեղծման մտահղացումը ծագել է 2006թ.։ Արամ Ավագյանն առյուծի քանդակի վրա սկսել է աշխատել 2007 թվականից։ Ժայռի վրա օգտագործելով բնական խոռոչները՝ փորել է առյուծի աչքերն ու քանդակել ունքերը, մարմարից ու գրանիտից պատրաստել ժանիքներն ու ճանկերը, բետոնից ու քարերից՝ մյուս մասերը, իսկ հատուկ աճեցված մոշի թփերն ամբողջացնում են անտառի արքայի բաշը: Հեռվից տպավորություն է, թե առյուծը պատրաստվում է թռիչքի:
Որպես լանդշաֆտի դիզայներ հրավիրված Արամը այնուհետև որպես ճարտարապետ է աշխատում Վանք գյուղում, իրագործում մի շարք նախագծեր, որոնցով մինչև հիմա հիանում են զբոսաշրջիկներն ու տեղացիները:
Ի դեպ, ժայռափոր առյուծի համար Արամը և բանվորները չեն վարձատրվել՝ տարաձայնությունների պատճառով:
Այժմ Արամը մտածում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի տարածքում հսկա ժայռի վրա ասպետ քանդակելու համարձակ նախագծի իրականացման շուրջ: Համոզված է, որ դրա իրագործման դեպքում գյուղը հայտնի զբոսաշրջային ուղղություն կդառնա:
Արցախից դուրս մի շարք վայրերում Արամը բազում աշխատանքներ ունի, բայց ուզում է իր միտքը Արցախի զարգացմանն ուղղել, չի ուզում այլ երկրում իր նպատակն իրագործել: Մի նպատակն իրագործելուց հետո անցնում է մյուս՝ ավելի ընդգրկուն ծրագրին: Ասում է՝ բոլոր գաղափարներս իրագործելու համար 20 Արամ է հարկավոր:
Հոգեբանն ու բժիշկը
Արամը գտնում է, որ յուրաքանչյուր հիվանդության բուժման համար պետք է հավատ ունենալ. այդ դեպքում այն չի խորանա ու լուրջ միջամտությունների կարիք չի լինի: Ասում է՝ սկզբից ուղեղն եմ բուժում, հետո մարմնի հիվանդ մասը:
Արդեն կան անբուժելի թվացող մի շարք հիվանդությունների բուժման օրինակներ: Այդպիսի օրինակներից է Ռուսաստանում բնակվող և գլխի ուռուցք ունեցող մի հույն կնոջ բուժման պատմությունը: Այդ կնոջ մարմինը պարալիզացվել է. երկու տարի համարյա անշարժ պառկած էր, միայն մի ձեռքի մատներն էին աշխատում: Սոցիալական ցանցերում Արամի գործերի մասին գրելիս Արամը ծանր զգացողություններ է ունենում, մարմինը կծկվում է, գլուխը սկսում ցավել: «Ինքը գովում էր իմ գործերը, բայց զգում էի, որ իմ զգացած ցավը ինքն էլ է զգում: Մի բան հուշում էր, որ հիվանդություն ունի: Տեղադրված նկարներում առողջ, գեղեցիկ աղջիկ էր երևում: Հարցնում եմ, թե ինչ որ հիվանդություն ունի: Պատասխանում է, որ մեկ տարի ութ ամիս ծանր հիվանդ է, չի կարողանում անկողնուց բարձրանալ ու մեծ քաշ է հավաքել»,- պատմում է Արամը:
Իմ մոտ վստահություն է առաջանում, որ կարող եմ բուժել: Արևելյան մարտարվեստից ինձ հայտնի շնչառական վարժությունների միջոցով սկզբում փորձում եմ բուժել ուղեղը, հետո արդեն՝ մարմինը: 11-րդ օրը գլխացավն անցնում է, ինքն էլ ինքնուրույն նստում է: Հիմա արդեն քայլում է, նիհարել է, մեջքի վերքերը էշի կաթից պատրաստած միջոցներով բուժել եմ: Խոստացել եմ՝ պայմաններ ստեղծելուց հետո Ռև բերել ու ձիերի օգնությամբ շարունակել բուժումը»,- ասում է Արամը:
Հատուկ շնչառական ու այլ վարժությունների միջոցով բուժել է նաև ընկերոջ որդուն, ում ոտքերը պարալիզացվել էին: Երկար տարիներ փորձել են Գերմանիայում, Իսրայելում բուժել, սակայն չի օգնել: Ընդամենը մի ամսում մի քանի սեանսով երիտասարդը սկսել է ոտքերը զգալ, շարժել: Հիմա արդեն՝ ճիշտ է հենակներով, բայց քայլում է:
Էշի կաթի բուժիչ ուժն օգտագործողը
Հայտնի է, որ Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին իր երիտասարդական գեղեցկությունը հնարավորինս երկար պահպանելու նպատակով օգտագործում էր ավանակի կաթը։ Այսօր, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, էշի կաթը կարող է օգտակար լինել ավելորդ քաշից ազատվելու և սրտի հիվանդությունները կանխարգելելու համար։
Արամը շատ լավ գիտի այս բոլորի մասին և համոզված է, որ Արցախի լեռներում պահվող ավանակի կաթն իր օգտակար հատկություններով գերազանցում է այլ վայրերում պահվածին:
Էշի կաթն ավելի քիչ ճարպեր է պարունակում և ավելի սննդարար է, քան կովինը։ Բացի այդ, էշի կաթը պարունակում է ճարպաթթուներ՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի պարունակությունը։ Ավանակի կաթն իր բաղադրությամբ ավելի մոտ է մայրական կաթին: Հետևաբար, այն կարելի է օգտագործել նորածին երեխաներին կերակրելու համար, ովքեր ալերգիա ունեն այլ տեսակի կաթնամթերքներից:
Արդեն մոտ երկու տարի է, ինչ Արամը Ասկերանի շրջանի Ռև գյուղում ավանակների ֆերմա է կառուցել: Ժամանակի ընթացքում ավանակների թիվը հասել է 30-ի, բայց նա մտադիր է ավելի շատացնել թիվը, նաև մեծ թվով ձիեր պահել: Այժմ ֆերմայում շինարարական աշխատանքներ են ընթանում: Ավանակի կաթից պատրաստված կրեմները, օճառները, շամպունները ժամանակի ընթացքում ավելի պահանջված են դառնում: Դրանք կարելի է օգտագործել մաշկային մի շարք հիվանդությունների, այրվածքների դեպքում, ծննդաբերությունից հետո մաշկի վրա մնացած բծերը վերացնելու համար: «Էշի կաթը նաև երիտասարդեցնող, խոնավեցնող հատկություն ունի: Եթե կին լինեի, ընդհանրապես կնճիռ չէի ունենա: Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից պատվերներ են տալիս: Խնդիրն իմանալուց հետո սկսում եմ պատրաստել»,- ասում է Արամը: Էշի կաթի հետ խառնում է տվյալ խնդրի լուծման համար անհրաժեշտ յուղերը, բույսերը:
Էշի կաթով պատրաստված պանիրը թանկարժեք դելիկատես է համարվում և օգտակար է արյան խնդիրների դեպքում: Ընդհանրապես, պանիր ստանալու համար էշի կաթը խառնում են այլ կենդանու կաթի հետ, բայց Արամը գտել է առանց խառնուրդների պանիր ստանալու երկու եղանակ ու առանց այլ հավելումների է պատրաստում:
Իմիջիայլոց, ավանակի կաթը ո՛չ սպեցիֆիկ համ ունի, ո՛չ էլ հոտ, ինչպես կարող է շատերին թվալ: Այդ կաթը մինչև խմելը չեն տաքացնում, որովհետև միակն է, որ բրուցելյոզի հարուցիչներ չի պարունակում:
Ավանակի կաթը լիտրը 30000 դրամով էր վաճառում, բայց նոր կորոնավիրուսի հետ կապված ապրիլի 2-ին հայտարարել է, որ փոքր երեխա ունեցողները կարող են անվճար ստանալ: Օրական 10-14 հոգու անվճար տրամադրում է 200-ական գրամ կաթ:
Հարազատ գյուղի զարգացման ծրագիրը
Արամի մանկությունն անցել է մորական կողմի պապի մոտ՝ Ասկերանի շրջանի Ռև գյուղում: Գյուղը հարազատ է դարձել, ու ցավ է ապրում՝ տեսնելով ներկայիս պատմական աղավաղված տեսքը, լքված տները, անտարբերության ու ավերի մատնված հուշարձանները, աղբյուրները: Ու հենց այս վիճակը վերացնելու համար է Արամը գյուղի զարգացման մի քանի ծրագիր առաջ քաշել:
Գյուղի զարգացման ծրագիրը երեք մասից է բաղկացած՝ իպպոտուրիզմ, էկոտուրիզմ և էթնոտուրիզմ:
Իպպոտուրիզմը ձիերի և այլ կենդանիների միջոցով բուժումներ անելն է: Այս ծրագրի իրականացման համար Արամն արդեն ձիեր է ձեռք բերել, սկսել ֆերմայի վերանորոգման ու համապատասխան պայմանների ստեղծման աշխատանքները: Ծրագրի էկոտուրիզմ ու էթնոտուրիզմ բաղադրիչների կյանքի կոչման համար միայն ֆինանսական միջոցներն են պակասում: Մնացած ամեն ինչը Արամը մանրակրկիտ ծրագրել ու հաշվարկել է:
Նպատակը Ռևը ազգագրական գյուղի օրինակով ներկայացնելն է: Նախաձեռնության իրագործման դեպքում գյուղը վերստանալու է հին տեսքը՝ սկսած բնակիչների նիստուկացից մինչև համապատասխան շինություններ: Այս ծրագրի իրագործման համար ևս նախնական քայլեր ձեռնարկել է. վերականգնում է պապական տունը, գնել է նաև հարևան տունը: Ըստ ծրագրի՝ դրանք ծառայելու են որպես հյուրատներ՝ ավանդական հայկական նիստուկացը համադրած ժամանակակից տեխնոլոգիաների հետ:
Ռևը հին հայկական բնակավայր է, ունի հին եկեղեցիներ, աղբյուրներ: Հենց այս պատմական կողմի վրա է ուզում շեշտադրել Արամը:
Գյուղի անվանումը «առու» բառից է առաջացել. բազում առուներ էին սկիզբ առնում գյուղը շրջապատող անտառապատ սարերից, ամեն ձորով առու էր հոսում: Սակայն անխնա անտառահատման հետևանքով երբեմնի ջրառատ գյուղն ամառային ամիսներին ջրի խնդրի է ունենում: Գյուղի զարգացմանը ջրի սակավությունն է նաև խանգարում:
Լեռնային անտառներով շրջապատված գյուղը նաև ինչ-որ կախարդական անբացատրելի ոգի ունի. մի յուրօրինակ հանգստություն է պատում՝ այդտեղ այցելելով: Գյուղացիներն ասում են, որ աշխարհի ամենամեծ աստղերն այստեղ են երևում. նույնիսկ հարևան գյուղում նույնչափ մեծ չեն երևում:
Տաթևիկ Աղաջանյան