Ս․ Բաբայանի աջակիցները համբերելուց, քայլելուց, զրուցելուց հետո ուղարկվեցին տուն
Գլխավոր » Լրահոս » Ս․ Բաբայանի աջակիցները համբերելուց, քայլելուց, զրուցելուց հետո ուղարկվեցին տուն

Ս․ Բաբայանի աջակիցները համբերելուց, քայլելուց, զրուցելուց հետո ուղարկվեցին տուն

Այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի կողմից հրավիրված հանրահավաք։

Հանրահավաքի հիմնական նպատակը Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջն է եղել։

Սամվել Բաբայանի հասցեին բազում գովաբանական ելույթներից մոտ 2 ժամ անց նախաձեռնող Սամվել Բաբայանը իր աջակիցներին առաջարկել է «կես ժամ համբերել, հանգիստ քայլել, զրուցել իրար հետ, իրենց հարևաններին, բարեկամներին և ինչ-ունեն հրավիրել հրապարակ, քանի որ իշխանությունները տեսնում են հավաքվածների քչությունը, որից հետո ցանկության դեպքում անցնել վճռական քայլերի՝ փակել պետական շենքերի մուտքերն ու ստիպել կատարել իրենց պահանջները»։

Այդ հայտարարությունից շուրջ 45 րոպե հետո նա իր աջակիցներին ուղարկել է տուն՝ ասելով, որ արդեն իշխանություններից պատասխան է ստացել և սկսում է կոնսուլտացիաների փուլ։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հանրահավաքի ընթացքում մի քանի ժամ էր տվել ԱՀ իշխանություններին՝ իրեն պետնախարար նշանակելու համար, հակառակ դեպքում սպառնացել է փակել բոլոր պետական շենքերի մուտքերը։

Հանրահավաքը ավարտվելուց հետո հայտարարությամբ հանդես է եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով պատրաստակամություն է հայտնել սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ՝ նրանց կողմից առաջարկված ծրագրերի շուրջ և հատկապես ընդգծել․

«Այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»:

Նշենք նաև, որ հանրահավաքին մասնակցել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ով նշել է, որ ինքը մասնակցում է տեղի ունեցող բոլոր հանրահավաքներին և պատրաստակամություն է հայտնել դառնալու միջնորդ՝ իշխանությունների հետ երկխոսելու համար։

1