Սզնեքը նրա համար ամեն ինչ էր․գյուղի ապագան ավելի շատ էր մտահոգում նրան,քան իր սեփական ցավը
Գլխավոր » Լրահոս » Սզնեքը նրա համար ամեն ինչ էր․գյուղի ապագան ավելի շատ էր մտահոգում նրան,քան իր սեփական ցավը

Սզնեքը նրա համար ամեն ինչ էր․գյուղի ապագան ավելի շատ էր մտահոգում նրան,քան իր սեփական ցավը

Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղից էր Արտյուշա Գրիգորիի Միքայելյանը։ 42 տարի շարունակ, որպես ռուսաց լեզվի ուսուցիչ, աշխատել է տեղի դպրոցում, որը կրում էր Արցախյան առաջին պատերազմում նահատակված նրա որդու՝ Գրիշա Միքայելյանի անունը։ Առանց Արտյուշա Միքայելյանի մասնակցության ոչինչ չէր կատարվում Սզնեքում։ Գյուղ այցելող ամեն մի հյուրի նա դիմավորում էր իր խոսուն ժպիտով և ճանապարհում օրհնանքներով ու խորհուրդներով։ Այդպիսին էր նա՝ Մեծատառով մարդը։ Սզնեքը նրա համար ամեն ինչ էր։ Գյուղի ապագան ավելի շատ էր մտահոգում նրան, քան իր սեփական ցավը։ Նա երիտասարդներին պատգամում էր չլքել գյուղը, հայրական տները չվերածել արմատախիլ ծառերի։ Նա խնդրում էր պահել ու պահպանել հայրենի գյուղը, ինչպես կպահեին ծերացած ծնողին: Սակայն Արտյուշա Միքայելյանը չէր պատկերացնում, որ մի օր կդատարկվի ոչ միայն փոքրիկ Սզնեքը, այլ նաև ողջ Արցախը, և օր ծերության ինքը կդառնա թշնամու զոհը։ 

․․․Արտյուշա Միքայելյանի դիակը փրկարարները գտել են սեպտեմբերի 27-ին՝ անտառում։

Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հրանուշ Աղաբեկյանը հուզմունքով է հիշում

-Մարդկային և հայրենասիրական վեհ գաղափարներով օժտված, ուղնուծուծով հայրենի եզերքին կպած սզնեքցի, որի համար հայրենի գյուղի շենացումը և հարատևումը գերնպատակ էր․ այսպես կբնութագրեի ընկեր Միքայելյանին։ Նրա ամեն մի քայլը, գործը, խոսքը ուսուցողական էր։ Չնայած իր պատկառելի տարիքին` մասնակցում էր գյուղում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Չափից դուրս աշխատասեր էր։ Մեկ տեսնում էիր` ծառ էր տնկում (Անմահների ծառուղի էր ստեղծել` ի պատիվ Արցախյան պատերազմում նահատակված սզնեքցիների), խնամում, մեկ` աղբյուրի քանդված մասն էր վերանորոգում, մեկ այգու ծառերն էր էտում և իր փորձը փոխանցում երիտասարդներին։ Հասցնում էր նաև մեկ-մեկ դպրոց այցելել, և հանդիպումը կարծես մանկխորհի էր վերածվում։ Ապրում էր բոլորիս հոգսերով, իր խորհուրդներով օգնում յուրաքանչյուրիս։ Մեր վերջին հանդիպումը 2023-ի սեպտեմբերի 19-ին էր։ Այդ հսկա մարդը կուչ էր եկել անարդարության, վշտի, վիրավորանքի ծանրությունից և ամբողջովին լսողություն դարձած, հոգու աչքերով տեսնում էր Հայրենիքի, սրբությունների կորուստը։ Եվ իմ հիշողության մեջ դաջվեցին նրա խոսքերը․«Պա ստի անդար երկիր կինի՞»։ Ընկեր Միքայելյանը բոլորիս մեջ մնաց Հավերժ ուսուցիչ։ Եվ երևի պատահական չէ, որ ես իմ այնքան սիրելի գրքերից Արցախից բերեցի միայն իր իսկ հեղինակած և Մելիքսեթ Սահակյանի գերդաստանին նվիրած «Ներքե Սզնեք» գիրքը, որը պահում եմ ամենայն սրբությամբ։

Համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանը, ով նաև Միքայելյանի աշակերտն էր, երբեք չի մոռանում ուսուցչի տված խորհուրդները

-Սզնեքում Արտյուշա Միքայելյանին մեծ ու փոքր ընկեր Միքայելյան էին դիմում, անկախ այն հանգամանքից, դասավանդել էր իրեն, թե ոչ։ Ավելի քան չորս տասնամյակ դասավանդելով դպրոցում՝ ընկեր Միքայելյանը բազում սերունդներ է կրթել ու դաստիարակել, նրանց մեջ սերմանել նախ և առաջ սեր հայրենիքի, հարազատ գյուղի հանդեպ։ Ինձ նույնպես բախտ է վիճակվել լինել ընկեր Միքայելյանի աշակերտը։ Նա խստապահանջ ուսուցիչ էր, միաժամանակ շատ հոգատար, ջերմ, կատակասեր անձնավորություն էր։ Թոշակի անցնելուց հետո, մինչև իր կյանքի վերջին պահն ապրել է հարազատ Սզնեքում։ Չնայած պատկառելի տարիքին՝ մեծ եռանդով աշխատում և բարիքներ էր ստեղծում։  Երիտասարդներին մշտապես խորհուրդներ ու խրատներ էր տալիս՝ հայրենասիրական վեհ գաղափարներ սերմանելով։ Արցախյան առաջին պատերազմում՝ Քարին տակի հայտնի հերոսամարտի ժամանակ, զոհվեց նրա ավագ որդին՝ Գրիշան։ Նա գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր, հետագայում Սզնեքի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց նրա անվամբ։ Ընկեր Միքայելյանը, ունենալով մեծ ուժ ու կորով, կարողացավ իր վրա վերցնել մեծ ընտանիքի հոգսը, Գրիշայի երեք անչափահաս զավակներին մեծացնելու, դաստիարակելու հարցերը։ Ընկեր Միքայելյանը հետագայում նախաձեռնեց ու իրականացրեց արցախյան բոլոր պատերազմներում զոհված սզնեքցիների հիշատակին ծառուղու կառուցումը։ Հիշում եմ՝ դեռևս դպրոցական տարիներին նա իր աշակերտներին հաճախ էր կրկնում հայտնի գրողի խոսքերը․ «Ապրիր այնպես, որ մահից հետո էլ մնաս անմեռ»։ Արտյուշա Միքայելյանն իր խոր հետքն է թողել Սզնեքի պատմության մեջ․․․

ԼՂՀ վաստակավոր ուսուցիչ Շահեն Մարգարյանը երկար ճանապարհ է անցել Արտյուշա Միքայելյանի հետ հիշում է ամեն մի օրը

-Արտյուշա Միքայելյանի հետ միասին աշխատել ենք 1978-ից Սզնեքի 8-ամյա դպրոցում, իսկ այնուհետև Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում՝ մինչև 1992-ը։ 12 տարի դպրոցի տնօրենն էի․ ընկեր Միքայելյանը մասնագիտական կարողություններով, մանկավարժական հմտություններով առանձնանում էր միշտ, մեթոդապես պատրաստ ուսուցիչ էր։

Նա դասվում էր այն ուսուցիչների շարքին, որոնց մոտ դասի րոպեն դառնում էր ավելի տարողունակ ու ավելի բեռնաբարձ։ Դասի արդյունավետության բարձրացման համար հմտորեն օգտագործում էր իր կաբինետում եղած ուսումնատեխնիկական միջոցները։ Ամեն ինչ անում էր, որ բարձրաձայնի դասի րոպեի օգտակար գործողության գործակիցը։ Յուրաքանչյուր րոպեի կորուստ խիստ անթույլատրելի էր նրա համար։ Պահանջկոտ էր․ առաջինը՝ իր նկատմամբ, հետո՝ աշակերտների։ Սիրում էր կրկնել․ «Աշխատասիրությունը չի ծնվում երեխայի հետ, այն պատվաստվում է ընտանիքում՝ դաստիարակության միջոցով, նրա վաղ հասակից»։

Նա ոչ միայն աշխատասիրություն էր դաստիարակում, այլ ինքը ևս աշխատասեր էր՝ իր էությամբ ու բնույթով։ Սիրում էր մասնակցել գյուղին բարիք բերող օգտակար, հանրօգուտ աշխատանքներին։ Մասնակցում էր ամեն մի աշխատանքի։ Գյուղից գերեզմանոց տանող ճանապարհին ամեն մի զոհված սզնեքցու հիշատակին ընկուզենի էր տնկել և խնամում էր մինչև կյանքի վերջին օրը։

Արտյուշա Միքայելյանն անցել է գիտակցված ու շնորհակալության արժանի ճանապարհ։ Որպես որդեկորույս հայր՝ սրտանց օգնում էր իր բախտակից ընտանիքներին։ Լավ ընկեր ու խորհրդատու էր։ Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է զոհված տղայի ընտանիքին բարեկեցիկ կյանք ապահովելու գործին։

87-ամյա Արտյուշա Միքայելյանը դարձավ 2023-ի սեպտեմբերի 19-ի զոհը՝ չիրականացնելով իր սուրբ պարտականությունը մինչև վերջ։ Որպես տեղանքին քաջածանոթ ու փորձված մարդ՝ նա մի քանի հոգու անտառի միջով առաջնորդում էր դեպի Ստեփանակերտ։ Ցավոք, սեպտեմբերի 20-ը նրանց համար ողբերգական եղավ։ Մինչև օրս անհայտ են մնում Ռոբերտ Մուսայելյանի և Շուրա Մանասյանի ճակատագրերը։

Արտյուշա Միքայելյան մանկավարժի, գյուղին անմնացորդ նվիրյալ մարդու հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ․․․

2021-ին լույս է տեսել նրա գիրքը հայրենի գյուղի պատմության մասին, որի մեջ հայրենի հողի նվիրյալը ներդրել է իր ողջ էությունը, հոգու ցավը, ապագայի հանդեպ հույսն ու հավատը։ Կիսատ է մնացել նրա տոհմածառի պատմությունը, որի աշխատանքները սկսել էր վերջին շրջանում․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1