Սյունիքի մի շարք հատվածներ ադրբեջանական դիրքերի մատույցներում են, ինչն այդ ուղղությամբ մշտական սպառնալիքներ է ստեղծում․Տ․ Աբրահամյան
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև՝ Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե պետք է պատրաստ լինել իրավիճակի զարգացման վատ սցենարներին, իրավիճակը պայթյունավտանգ է և այլն, ենթադրում է, որ ստեղծված իրադրությանը համահունչ միջոցացումներ պետք է իրականացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ««Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Մասնավորապես, Սյունիքի մարզի մի շարք հատվածներ ադրբեջանական դիրքերի անմիջական մատույցներում են, ինչն այդ ուղղությամբ մշտական սպառնալիքներ է ստեղծում։
Գորիս-Որոտան մայրուղու մի հատված առհասարակ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Որոտան-Դավիթ Բեկ գյուղերի մերձակա հատվածներում ադրբեջանական հենակետեր են տեղակայված։ Շատ դեպքերում գլխավոր մայրուղուց 50-100 մետրի վրա։
Դեռ չեմ խոսում Շուռնուխ գյուղի մասին, երբ այն բառացիորեն բաժանված է երկու հատվածի՝ հայկական և ադրբեջանական։
Նմանատիպ խնդիրներ ունենք Կապան քաղաքի հատվածում՝ քաղաքի մուտքի՝ օդանավակայանի հարակից մասում, ինչպես նաև՝ Կապան-Ճակատեն ճանապարհին։
Իշխանասարի, Կութի կամ Վերին Շորժայում ստեղծված իրադրության կամ դրա կտրուկ սրման պարագայում կարող են լուրջ զարգացումներ լինեն Հայաստանի հետ սահմանագծի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը առավելություններ է ստացել։
Նշածս հատվածներում նոր՝ լուրջ միջոցառումներ իրականացնելու, սահմանագծի անվտանգությունն ամրապնդելու, հարակից բնակավայրերի և մայրուղով երթևեկող մեր քաղաքացիների պաշտպանության ապահովման նոր սպառնալիքներ կան։
Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։