Սյունիք ներխուժման միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս իշխանությունները ոչնչի ունակ չեն, ու նրանց հեռացումը Հայաստանի փրկության միակ ելքն է. «Փաստ»
«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը նոր իրողությունների է բախվում։ Երկրի բազմաթիվ համայնքներ, որոնք առաջ սահմանակից չէին, հիմա սահմանակից են դարձել, ու դրանով ընդլայնվել է սահմանագծի երկարությունը։ Իհարկե, կենսական հարց է, որ սահմանամերձ համայնքների զարգացման խնդիրը միշտ պետության ուշադրության կենտրոնում լինի։ Բայց խնդիրն իր մասշտաբներով ավելի լայն է, քանի որ պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած շրջանները առավել խոցելի են դառնում հակառակորդի սադրանքների համար։ Վտանգը հատկապես սպառնալից է Սյունիքում, որի նկատմամբ Թուրքիան ու Ադրբեջանը բացահայտ հավակնություններ են տածում։ Թշնամական այդ երկրներն ամբողջ ուժով ձգտում են Նախիջևանի ու Սյունիքի միջոցով կապվել միմյանց հետ ու իրականություն դարձնել իրենց վաղեմի պանթուրքական երազանքները։
Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը պարբերաբար հոխորտում է Սյունիքի թեմայով, թե իբր Զանգեզուրն իրենց «պատմական» տարածքն է, վերադառնալու են այնտեղ, և սպառնում է Հայաստանին «Զանգեզուրի միջանցքի հարցը» լուծել ուժի միջոցով, եթե Երևանը դա կամավոր չանի: Այժմ տեսնում ենք Ալիևի սպառնալիքների կոնկրետ արդյունքները, երբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սահմանների ճշգրտման անվան տակ Սյունիքի հատվածից ներխուժել են Հայաստանի տարածք՝ խորանալով 3,5 կիլոմետրի չափով։ Նման փորձեր են ձեռնարկում նաև Գեղարքունիքում։ Այնպես չէ, որ հնարավոր չէր կանխատեսել այս ամենը։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո մամուլի, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև ընդդիմության կողմից ահազանգեր էին հնչում, որ Սյունիքը վտանգի տակ է, քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ է դրված, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն իշխանությունները հորդորում էին հանգստություն պահպանել՝ ձևացնելով, թե կարողանում են վերահսկել իրավիճակը։ Այդ ընթացքում, սակայն, հաճախ ավելի էին խորացնում տագնապները:
Օրինակ՝ հորդորում էին, որ քաղաքացիները Սյունիքի՝ թշնամու նշանառության տակ գտնվող հատվածն անցնելիս արագ վարեն մեքենան և ընդհանրապես չկանգնեն, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարեն ԱԱԾ իրենց տված հեռախոսահամարներով։ Իսկ երբ ադրբեջանցիները հարվածում էին մեր հովիվին կամ գողանում անասունները, իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե Սյունիքի սահմաններին սպառնացող վտանգ չկա, հովիվը չպետք է մոտենա սահմանային հենակետերին, պետք է փորձենք ադրբեջանցիների հետ համակեցության միջավայր ստեղծել և այլն։ Սահմանների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու փոխարեն, իշխանություններն այսպիսի հավաստիացումներով սկսեցին փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ այնքան ժամանակ, մինչև որ դանակը ոսկորին հասավ։
Նույնիսկ երբ մամուլն ահազանգեց, որ հակառակորդը մեծ ուժերով ներխուժել է Հայաստանի տարածք՝ հատելով սահմանը, իշխանական թիմի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հարձակվեցին մամուլի վրա, թե մեդիատեռոր է իրականացվում իրենց նկատմամբ, նման բան չկա և այլն։ Սակայն անվտանգության խորհրդի նիստերում Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ մամուլը խնդիրը շատ տեղին էր բարձրաձայնել, կամ, այլ կերպ ասած, բոլորը ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ։ Ու իշխանությունների այսպիսի ծայրաստիճան անողնաշարության ֆոնին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը համարձակվում է հայտարարել, թե պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններ են եղել և ձմռան պատճառով ուղղակի չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել: Չէ, հասկանում ենք, որ այս իշխանությունները պատճառներ միշտ էլ կարող են բերել, ու, ցավոք, նրանց դեռ հավատացողներ կան: Ավելին, որ շատ ավելի սարսափելի է մեր երկրի ապագայի առումով, նույնիսկ վստահողներ դեռ կան:
Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ Արցախի 75 տոկոսը կորցրած, հազարավոր զոհեր տված, Հայաստանի անվտանգությունը զրոյին հավասարեցրած Նիկոլ Փաշինյանը, թեկուզ քիչ, բայց, միևնույնն է, աջակիցներ դեռևս ունի: Այնինչ, ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժման միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս իշխանությունները, բառի ամենաիսկական իմաստով, ոչնչի ունակ չեն, ու նրանց հեռացումը Հայաստանի փրկության միակ ելքն է: Իսկ թե դա ինչ ճանապարհով կլինի, այլ հարց է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։