Սուրբ Զատկի տոնը՝ Բերդաշենում
Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 17-ին նշել է Քրիստոսի hարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Այդ առիթով մշակութային մեծ միջոցառում էր կազմակերպվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում՝ Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի տարածքում:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, շրջանի պատասխանատուներ և հյուրեր:
Բերդաշեն փառատոնը ազգային եկեղեցական տոնի շուրջ էր համախմբել մեծ ու փոքրին: Կազմակերպիչները ազգային շեշտադրմամբ ներկայացրել են ժենգյալով հացի պատրաստման ցուցադրություն, տեղական գինիների հյուրասիրություն և վաճառք, գյուղի երեխաների կողմից պատրաստված ձեռագործ հուշանվերների ցուցադրություն-վաճառք, ինչպես նաև ազգային ուտեստների, քաղցրավենիքների, ինքնաեռով թեյի, զատկական փլավի ու ներկած ձվերի հյուրասիրություն:
Միջոցառման գեղարվեստական մասն ապահովել են դպրոցականները: Միջոցառումն ուղեկցվել է արտասանություններով, երգերով, ազգային խաղերով և պարերով:
«Ապառաժ»-ի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհանիսյանը նշեց,որ սա նույնպես մշակութային քաղաքականության ապակենտրոնացման ձևերից մեկն է:
«Այս կերպ է համայնքը ինքնադրսևորվում և իրականացնում մշակութի հանրային ընկալումը, որովհետև ի վերջո մեր ժողովուրդը և հատկապես արցախահայությունը խորհրդային ժամանակաշրջանում զրկված է եղել եկեղեցական տոներ նշելու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով նորից ավանդույթների վերականգնումը և նշումը անհրաժեշտ են, իսկ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տաղավար տոներից մեկն է: Բերդաշեն համայնքն էլ նպատակահարմար է գտել այս ձևով իր տոնածիսական մշակույթը և մշակույթի հանրային ընկալումը տոնի ժամանակ այս կերպ իրականացնի,- ասել է նա:
Միջոցառման նախաձեռնողներից Շուշանիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Բերդաշեն փառատոնի միտքը ոչ թե իր, այլ աշակերտների մոտ է ծագել:
«Անցած տարի, երբ մենք «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հնարավորությունը օգտագործելով՝ սովորում էինք նախագծային ուսումնառություն, այդ ժամանակ երեխաների մոտ միտք առաջացավ կազմակերպելու փառատոն, որտեղ կվաճառվեն իրենց ձեռագործ աշխատանքները: Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ նախաձեռնության իրականացման համար օգնել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ամբողջ կազմը, ինչպես նաև տրամադրել են նախաձեռնության դրամաշնորհային մասը: Դրանից բացի՝ մեծ աջակցություն է եղել համայնքի կողմից, քանի որ առանց նրանց ես ոչինչ չէի կարող անել: Բայց ամենագլխավոր օգնությունը ես ստացել եմ երեխաներից, քանի որ ամեն ինչ իրենք են արել, իսկ ես եղել եմ նրանց կողքին:
«Նման միջոցառումներ կազմակերպելով՝ ուզում ենք ասել, որ մենք ապրում ենք և շարունակելու ենք ապրել, իսկ միջոցառման ավարտին նախատեսում են ունենալ խաղաղության պատ, որի վրա կլինեն խաղաղության բարեմաղթանքներ:
Այդ բարեմաղթանքներն աշխարհին ցույց են տալու, որ խաղաղ ապրելու դեպքում մենք հենց այսպես ենք ապրելու»,-ասել է Շուշանիկ Մանուկյանը: