Համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար

Համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար

Հունվարի 28-ին Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի է ունեցել սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհայտ կորած զինծառայողների:

Պատարագից հետո իր խոսքում Հակոբավանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը նշել է, ոչ եթե Արցախի ղեկավարությունը և Արցախի պաշտպաները, զինվորները այսօր գտնվում են գերության մեջ, ուրեմն Արցախը գերության մեջ է, ուրեմն արցախահայությունը գերության մեջ է, ուրեմն հայ ժողովուրդը գերության մեջ է:

Նա նշել է, որ 1723 տարվա պատմություն ունի մեր հավատքը, իսկ այսօր մենք դավ ենք կազմակերպում եկեղեցու դեմ: «Էլ ինչ քրիստոնյան, եթե մենք քրիստոյա ենք ու հարձակվում ենք եկեղեցու վրա, քարկոծում ենք եկեղեցին, դա՞ է մեր հավատը»,-նշել է նա:

Այնուհետև ներկաները համատեղ աղոթք են հղել՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար:

Աղոթքից հետո արցախցիների անունից ծաղկեպսակ է տեղադրվել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Բանակը շատ մեծ ուղի է անցել 90-ական թվականներից մինչև այսօր, ունեցել ենք հաղթական շրջաններ, ցավոք սրտի, նաեւ պարտություն, բայց  չպետք է դրանով կոտրվենք, մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ աղերսելով չես կարող խաղաղության հասնել: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

«Մենք պետք է ուժեղացնենք մեր բանակը, իսկ դրա համար պետք են կտրուկ, գործուն քայլեր, հավատք, համախմբվածություն ժողովրդի, և իհարկե, հզոր տնտեսություն: Նաեւ մենք չպետք է մոռանանք մեր բանակի ակունքներում կանգնած հայորդիների, որոնց մի մասը ինչպես գիտենք գտնվում է գերության մեջ:

Այս հարցը եւս պետք է ժողովրդի ուշադրության կենտրոնում պահենք, չպետք է ասենք, թե այդ մարդիկ արժանի են եղել իրենց սխալների համար, եթե կան սխալներ, ապա մեզ մոտ պետք է պատասխանատվության ենթարկվեն, ոչ թե Բաքվի բանտերում, սա նույնպես համարում եմ հայ ժողովրդի արժանապատվությանը կպնող իրավիճակ»,-շեշտել է՝ ավելացնելով, իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլեր չի տեսնում նրանց վերադարձնելու ուղղությամբ:

1