Սումգայիթում տեղի ունեցած արյունոտ բեմադրությունը ոչ այլ ինչ էր, քան նախապես ծրագրած ցեղասպանություն․ Սումգայիթյան դեպքերն ականատեսի աչքերով
1988թ․ Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը թշնամու արձագանքն անմարդկային դաժան էր։ Թշնամին, ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալով իր ոճրագործ բնույթն ու վայրենաբարո էությունը, ցեղասպանության ենթարկեց հայ ժողովրդին, որի առաջին զոհերը եղան Սումգայիթում ապրող հայերը։ Մահից մազապուրծ հայերը անեծքով լքեցին իրենց քրտինքով, արյամբ ու արցունքով ներկված այդ քաղաքը։ Նրանցից ոմանք, անտեսելով Արցախի գլխին կախված նույնատիպ վտանգը, հանգրվանեցին այդտեղ։
Ստեփանակերտում բնակություն է հաստատել ոճրագործություններից հրաշքով փրկված Սեդա Առաքելյանը, ով ականատեսի իր վկայություններն էր գրի առել, որպեսզի բոլորն իմանան թշնամու իրական դեմքն ու այլևս եղբայրական ձեռք չմեկնեն նրան։
Ընթերցողը պետք է իմանա, թե ինչպես էին 1988-ի փետրվարյան այդ դաժան օրերին Սումգայիթում ապրող հայերի գլխին սև ամպեր հավաքվել։ Արհեստածին այդ փոթորիկը պատել էր ողջ քաղաքը՝ իր հետ բերելով մահ ու ավեր։ Այն սպառնում էր հիմնահատակ անել ամեն ինչ, մինչդեռ Սումգայիթի հայերն ապրում էին իրենց առօրյա հոգսերով՝ չկռահելով անգամ, որ պիտի մորթվեն սեփական բնակարանում միայն այն բանի համար, որ հայ էին։
«Ովքեր տեսել են, չեն մոռանա, իսկ ովքեր էլ չեն տեսել մահվան սարսափը, չպիտի մոռանան անմեղ զոհերի մասին։ Անմեղների թափած արյան համար գազազած թշնամիների դեմ կատաղի մարտի ելան Արցախի վրիժառուները։ Փառք ու պատիվ բոլոր կենդանի ու ընկած այդ հերոսներին։
Սիրելի՛ ընթերցող, այն, ինչ կատարվել է 1988-ի փետրվարի վերջին երեք օրերին, բառերով նկարագրել անհնար է։ Միայն արյունոտ այդ ոճրագործության ականատեսը կարող է նկարագրել մահվան, ավերի ու ավարի այդ բոլոր սարսափելի տեսարանները, մարդկային արժանապատվության ստորացման, ծաղրուծանակի պատճառած ցավը, որն ավելին էր, քան մահը։ Դժվար է վերհիշել կատարվածի մասին, սակայն պատմել անհրաժեշտ է․ այդ մասին պետք է բոլորն իմանան, քանի որ դա փոքր խուլիգանություն չէր, կամ էլ թյուրիմացություն, ինչպես պնդում էր Ադրբեջանի ղեկավարությունը։ Հավատացնում եմ՝ Սումգայիթում տեղի ունեցած արյունոտ բեմադրությունը ոչ այլ ինչ էր, քան նախապես ծրագրած ցեղասպանություն միայն այն պատճառով, որ մենք քրիստոնյա հայեր էինք։ Այդ առաքելությունն իր ուսերին էր վերցրել Հեյդար Ալիևը։ Այդ ամենին տեղյակ էր նաև Ադրբեջանի ղեկավարությունը, այլապես ոստիկանությունը կատարյալ անտարբերություն չէր ցուցաբերի, իսկ քաղաքի ԲՇԳ-ները հատուկ շրջանակների մեջ չէին առնի հայերի բնակարանների համարները։ Այո՛, ամեն ինչ պատրաստված էր նախապես։
Ես պայծառատես չեմ, սակայն իմ սրճարանի հաճախորդների խոսքերից, որտեղ ես աշխատում եմ, հասկացա, որ նրանց հրոսակախմբերը ստեղծվել են Նախիջևանում, հիմնականում Մասիսից, Կապանից ու Սիսիանից տեղափոխված թուրքերից, իսկ նրանց առաջնորդը Հեյդար Ալիևն էր։ Նրանք, համոզված լինելով ոստիկանության անգործության մեջ, մինչև ատամները զինված էին դանակներով ու սվիններով և երբ ցեղասպանության կազմակերպիչներից հրահանգ ստացան, նրանք սև ագռավների պես ներխուժեցին Սումգայիթ, բաժանվեցին մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առաջնորդը և թմրանյութերի ազդեցության տակ այդ սև ագռավների երամները տարածվեցին բոլոր փողոցներով՝ բղավելով․ «Հայերը Ղարաբաղում սպանում և տեղահանում են մեր ազգին, մա՛հ հայերին, մա՛հ հայերին»։
Այդ երկոտանիների գազազած ամբոխին միացան նաև հանցագործները, որոնց ժամանակից շուտ բանտից ազատել էին հենց այս ոճրագործությունը կազմակերպելու համար։
Նրանք սկսեցին ջարդուփշուր անել հայերի խանութները, վառել մեքենաները։ Առաջին օրը կարծես զոհեր չեղան։ Երեկոյան փոթորիկը հանդարտվեց, և քաղաքի վրա անդորր իջավ։ Անդո՞րր, մի վայրկյան պատկերացրեք հայերի գիշերային հանգիստն այդ մահոտ իրավիճակում։
Հաջորդ լուսաբացին թշնամուն թուլություն ցույց չտալով՝ բոլորս մի մարդու նման դուրս եկանք աշխատանքի․ «Մենք ոգով ուժեղ ենք»։ Տարածված անդորրը խաբուսիկ էր, այդ ընթացքում նրանք հասցրին ադրբեջանցիներին գրգռել մեր դեմ, լցնել նրանց ատելությամբ հայերի նկատմամբ։ Ցեղասպանության իրագործումն ընթանում էր դահիճի կազմած պլանին համապատասխան», — գրում է Սեդա Միքայելյանը։
Սեդան և սրճարանի սպասուհին՝ Զինան, բացում են սրճարանը և մտնում ներս, իսկ նրանց հետևից մտնում է ոստիկանը, հենց նա, ով մշտապես հետևում էր կարգ ու կանոնին։ Տիկին Սեդայի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով՝ նա Սեդային հորդորեց հեռանալ․ «Հենց հիմա փակեք դուռն ու հեռացեք այստեղից», — ասել է ոստիկանն ու ակնթարթորեն դուրս եկել սրճարանից։
— Զինա՛, քանի դեռ հաճախորդ չկա, արագ փակի՛ր դուռը, — ասում է Սեդան և, չհասցնելով մոտենալ, ոտքի հարվածից մի կողմ ընկնում․ ներս էր մտել գազանների ոհմակը։
— Հայուհի՛, մեզ կոնյակ տուր, — վիրավորական ու արհամարհական տոնով հրամայեցին նրանք, ինչին ի պատասխան Սեդան ասաց, որ կոնյակ չունեն։ — Իսկ եթե գտնենք, դու հիմա արյամբ պատասխան կտաս», — սպառնացին նրանք և մտան վաճառասեղանի հետևը՝ ջարդուփշուր անելով ամեն ինչ։ Հանկարծ նրանցից մեկը հանեց դանակը, մոտեցավ Սեդային ու ասաց, — «Ձեր հայերը մեզնից մեր հողն են ուզում, մեր Ղարաբաղը, դրա համար դուք պատասխան կտաք»,- մի կողմ հրեց ու դուրս եկավ, ասելով՝ քեզ ողջ-ողջ կրակի վրա ենք պատժելու։
Տուն գալով՝ Սեդան զանգում է Ստեփանակերտ․
-Ժե՛նյա, սիրելի՛ս, ասա խնդրում եմ՝ ի՞նչ է կատարվում ձեզ մոտ։
-Ոչ մի բան,- հետևում է պատասխանը,- ցույցեր ենք անում, պահանջում ենք ԼՂ և Հայաստանի միացում։
-Իսկ դուք գիտե՞ք, որ դրանով բոլոր գազաններին ոտքի եք հանել մեր դեմ։
-Ի՞նչ գազաններ։
-Երկու ոտքանի,-ասում և անջատում է խոսափողը։
Սեդայի համար պարզ էր, թե «միացում» արդարացի պահանջի համար ինչպիսի գին պետք է վճարեն իրենք։
«Սիրելի՛ ընթերցող, ինչպես տեսնում ես, 70 տարի գերության մեջ հայտնված Արցախի մեր ժողովրդի արդարացի պահանջին ի պատասխան՝ Սումգայիթում տեղի են ունենում դաժան իրադարձություններ։
Ինչպես գետն է իր հունով ընթանում, շարունակեմ իմ նկարագրությունը։
Այդ ողբերգության օրերին որքան էլ տարօրինակ չէ, ամբողջ ոստիկանությունը անգործության էր մատնված։ Մարդկանց տեսադաշտից թաքնվում էին թեյատներում։ Եվ ո՞վ կարող էր մտածել, որ նրանցից մեկը, դուրս գալով այդտեղից, կարող էր գազազած հրոսակախմբերին մատով ցույց տալ այն սրճարանը, որը պատկանում էր հայ կնոջ։
Իմ սրճարանը ջարդուփշուր անելուց հետո նորից ահագնացավ փոթորիկը։ Այդ գազանները դանակները ձեռքներին նորից տարածվեցին փողոցից փողոց՝ բղավելով՝ «մա՛հ հայերին, մա՛հ հայերին»։ Այն շղթայական ռեակցիայի նման տարածվեց ամենուր՝ ընդգրկելով բոլոր ադրբեջանցիներին, անգամ կանանց։ Բոլորի մոտ եռում էր ատելությունը հայերի հանդեպ։ Շուտով քաղաքը վերածվեց մարդկանց օվկիանոսի, որտեղ ընկնելու տեղ անգամ չկար։ Նույնիսկ հիվանդներն էին բարձրացել շենքերի տանիքները՝ այդ արյունալի խրախճանքով հիանալու։ Ոչ մի րոպե չէր դադարում գազազած ամբոխի ոռնոցը։ Ու չկար ողորմացող մեկը, որ զսպեր արյան ծարավ ամբոխին ու դադարեցներ կոտորածը։
Հայերը որտեղ էլ լինեին՝ տներում, աշխատանքի վայրերում, փողոցում, գազանները հարձակվում էին նրանց վրա և առանց հաշվի առնելու սեռ, տարիք՝ ոտքի տակ տալիս, ծակում դանակով, կտրում քիթը, ականջները, ծաղրուծանակի ենթարկելով տանջամահ անում, իսկ ականատեսները, տեսնելով հայերի արյունը, ավելի էին ոգևորվում և միանում այդ արյունոտ զվարճանքին, իսկ ոչ մի ոստիկան չփորձեց անգամ բռնել դահիճի թաթը։
Ես, փակված իմ բնակարանում, պատուհանից ականատես էի լինում այդ ամենին և մտածում, մի՞թե ոստիկանությունն անտեղյակ է այս ամենին։ Մտածում էի, և հանկարծ դիմացի շենքից մի կին, նկատելով ոստիկանին, փորձեց օգնություն խնդրել, սակայն ոստիկանը նայեց կնոջն ու ցուցադրաբար շրջվեց ու հեռացավ․ զարմանքից ու զայրույթից քարացա․․․
Ահա տագնապահար Զինան է զանգում․ «Տիկի՛ն Սեդա, դուք չեք կարող պատկերացնել, թե այստեղ՝ մեր տան մոտ, ինչ է կատարվում․ սպանում ու տանջամահ են անում ձեր հայերին»,-խոսափողի մեջ լսվում էր Զինայի դողացող ձայնը։ Նույն բանը և մեր փողոցում էր կատարվում, ես տեսնում էի այդ ամենը։
Սիրտս չդիմացավ, զանգեցի ոստիկանություն։ Մի՞թե հնարավոր չէ այս ամենը կանգնեցնել, հարցրի ես նրանց, ինչին ի պատասխան ասացին՝ ձերոնք են մեղավոր, ուրեմն՝ դիմացեք մահին։
Նորից է զանգում Զինան, ով իմիջիայլոց ապրում էր գրախանութի վերևի շենքում՝ ավտոկանգառի մոտ։ Ինչպես ամբիոնից, նա իր 3-րդ հարկից տեսնում էր ամեն ինչ։ Նա իր տեսած ամեն ինչը պատմում էր ինձ։
«Տիկի՛ն Սեդա, ավտոկանգառի հարևանությամբ հրապարակը վեր է ածվել մարդկային ստադիոնի, շենքերի տանիքները լցված են ուրախացած դիտորդներով։ Բաքվից ավտոբուսներով մարդիկ են գալիս։ Հայերին գետնին են նետում և ամբոխը, ծեծելով, քարերով նրանց տանջամահ են անում, երեխաներով ֆուտբոլ խաղում: Ահա ամբոխը թողնում է անցնի Բաքվից ժամանած առաջին ավտոբուսը, հետո երկրորդը, և նորից հայերին շարունակում են մորթազերծ անել, ծաղրել․․․ ահա մոտենում է շտապ օգնության մեքենան՝ դիերը հավաքելու։ Տիկի՜ն Սեդա, այս հրեշները շրջեցին շտապ օգնության մեքենան, ծեծեցին վարորդին՝ իրենց իսկ ազգակցին։ Շտապ օգնության մեքենան ուղղվելով, շուտով հեռացավ»,-պատմում էր Զինան։
Սիրելի՛ ընթերցող, գիտեմ՝ հաճելի չէ կարդալ և հասկանալ Ցեղասպանություն բառի իմաստը։ Սրտի ցավով եմ գրում, աչքերիս առաջ հայտնվում է այդ օրերի ողջ դաժանությունը։
Քանի անգամ էի պատրաստվում նկարագրել այդ ամենը, որպեսզի մեր ազգը սերտի այս դասերը և ապագայում երբեք եղբայրության ձեռք չմեկնի նրանց, ովքեր մարդկության թշնամիներն են։ Այդպիսի թշնամուն պետք է խեղդել սեփական բնում՝ ինչպես Բեռլինում, չնայած նրանք ֆաշիստներից ավելի դաժան գտնվեցին։
Ես գտնվում էի անելանելի վիճակում։ Ամբողջ տեսածիցս ու լսածիցս հոգիս տակնուվրա էր եղել։ 4 պատի արանքում վազվզվում էի՝ ինչպես սկյուռը վանդակում։ Իմ անվերջ զանգերը Բաքու որևէ արդյունք չէին տալիս։ Որպես հայրենական պատերազմի նախկին զինվոր՝ ես ևս մեկ անգամ զանգեցի հանրապետական զինվորական կոմիսարիատ, որտեղից ինձ պատասխանեցին․ «Գիտենք, գիտենք, զինվորական զորախումբը արդեն պետք է այնտեղ լիներ»։
Իսկ նրանք չկային ու չկային։ Գրողը տանի Գորբաչովին։ Արդեն 3 օր է՝ արյունալի պատերազմ էր ընթանում, իսկ ինքը ամբողջ աշխարհին հայտարարեց, թե ընդամենը մի քանի ժամ են ուշացել։ Իսկ փրկիչները պարզվեց անզեն էին, հայտնվել էին ծուղակի մեջ և արդեն իրենք էին օգնության կարիք զգում։
Եվ այսպես, մինչ մեր ռուս փրկիչները կժամանեին, պետք էր մի կերպ դիմանալ այս հրեշավոր իրականությանն առերեսվելով։ Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս։ Ունենալով զինվորական փորձառություն՝ ամուր փակեցի տան մուտքի դուռը։ Թե որտեղից գտա իմ մեջ այդքան ուժ՝ ես էլ չգիտեմ։ Խոհանոցից բերեցի հսկա սառնարանը, ննջասենյակի պահարանները, աթոռները, կահույքը։ Արգելապատնեշը հասնում էր մինչև առաստաղ, և վստահ եղեք, որ անգամ ռազմական մեքենաները չէին կարող հաղթահարել այն։ Եթե մեռնել, ուրեմն թող այդպես լինի, սակայն ոչ առանց կռվի։ Պատրաստեցի քլորով լի տարա՝ թշնամուն դիմավորելու համար։ Նորից լսում եմ Զինայի ձայնը․ «Տիկի՜ն Սեդա, այս մարդկային օվկիանոսի վերևով շատ ցածր բարձրության վրա թռչում են ուղղաթիռներ»։
Հարգելի՛ ընթերցող, վստահ եղիր, որ օդաչուները ինչ-որ կատարվում էր, ռացիաներով փոխանցում էին իրենց ղեկավարությանը։ Եվ փոխանցել են նաև այն, որ քաղաքի մուտքերում զինվորական շարասյան շարժին կարմիր լույս էր տրված, այն դեպքում, երբ հենց ոստիկանությունն էր արգելափակել քաղաքի մուտքերը՝ պատճառաբանելով, որ ամեն ինչ նորմալ է, փոքրիկ խուլիգանություններ են, և զինվորականների մուտքի անհրաժեշտություն չկա։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ոստիկանությունը նույնպես հրաման ուներ ոչնչացնելու բոլոր հայերին։ Եթե չլիներ ռուսների մուտքը քաղաք, գուցե հենց այդպես էլ լիներ։
Լսում եմ Զինայի հարազատ ձայնը․ «Տիկի՜ն Սեդա, ուռա՜, նրանք գալի՜ս են, գալի՜ս են ձեր փրկիչները»։
Ամբոխը ճանապարհ է բացում ավտոբուսների համար, և շուտով նորից շրջափակում այն։ Ողջ շարասյունը հայտնվել էր շրջափակման մեջ։
«Տիկի՛ն Սեդա, անզեն զինվորների վրա քարերով հարձակվել են։ Թռչում են քարերը՝ ջարդելով ավտոբուսների ապակիները։ Ավտոբուսներում գտնվող անզեն զինվորները թաքնվել են վահանների տակ և չգիտեն՝ ինչ ձեռնարկեն։ Ես չեմ կարող ներկայացնել այն ամենը, ինչ որ տեսնում եմ իմ պատուհանից։ Քիչ է մնում երկաթե մուրճերով սողոսկեն ավտոբուսի մեջ։ Տիկի՛ն Սեդա, ռուսները եկել են հայերին օգնելու, սակայն իրենք են հայտնվել դժվարին վիճակում»,-լացելով պատմում էր Զինան։ Նրանց անխղճորեն հարվածում են քարերով։ Օգնություն չկա․ նրանք չեն փրկվի։
«Տիկի՛ն Սեդա, ռուսներին ծեծում են, իսկ ամբոխը ցնծում է, նրանք ի վերջո մեզ էլ կհասնեն, պետք է հեռանալ»,- անանգիստ ձայնով ասում է Զինան, ով խորապես մտահոգված էր հայերի ճակատագրով և տեսնելով յուրայինների հետ կատարվողը՝ սկսում է լացել։
«Տիկի՛ն Սեդա, իմ աչքերի առջև հրաշք կատարվեց։ Ինչ-որ մեկը ապակու կտորներ նետեց զրահամեքենայի վարորդի աչքերին և նրա համբերությունն այլևս հատվեց։ Նա միացրեց զրահամեքենայի շարժիչը և անմիջապես անցավ մարդկանց վրայով։ Նրան հետևեցին նաև մյուսները։ Տեսնելով գետնին ընկած 6-7 յուրայիների դիերը՝ ամբոխը զգաստացավ և այդպիսով ճանապարհ բացեց շարասյան համար, որոնք ուղևորվեցին դեպի Լենինի հրապարակ»,-ասում էր Զինան։
Իրենց արյունոտ զոհերի բացակայության պատճառով հիմնական գործող անձինք ու առաջնորդները լքեցին ամբոխին։ Զինան կարծում էր՝ առաջադրանքն ավարտված էր նրանց համար, սակայն վաղաժամ էր ուրախությունը։ Յուրայինների արյունից առավել գազազած՝ ամբոխը ցրվել էր ավտոկայանի հարակից շենքերով, որտեղ հայեր էին բնակվում։
Մտնելով հայերի տները՝ նրանք սկզբում գումար ու ոսկի էին պահանջում՝ հայերին չվնասելու պայմանով։ Կյանքը թանկ է, ո՞վ կարող էր չհամաձայնվել։ Սակայն նրանք իրենց գրպանները հայերի հարստությամբ լցնելուց հետո մտնում էին դահիճի իրենց իրական կերպարի մեջ և կյանքի կոչում իրենց գազանաբարո արարքները։ Հայկական բոլոր բնակարաններից օգնության ճիչեր էին լսվում, բռնաբարվող կանանց ու աղջիկների անհույս ճիչեր։ Նրանց մերկ դուրս էին քաշում փողոց ու ծաղրուծանակի ենթարկելով՝ տանջամահ անում, ծնողների աչքի առջև սպանում իրենց զավակներին, նրանց մարմինները դարձնում ֆուտբոլի գնդակ։
«Տիկի՛ն Սեդա, նրանք կրակ են վառել փողոցում ու մերկ կնոջ մազերից քաշելով՝ տանում դեպի այն», — դողում էր Զինայի ձայնը։ Ես խնդրեցի Զինային այլևս չպատմել, երբ փոքր դադարից հետո Զինան բղավեց․ «Նա փրկվա՜ծ է, փրկվա՜ծ է։ Տարեցները, ձեռքները վեր բարձրացնելով, իրենց Ալլահի անունով խնդրեցին խղճալ աղջկան։ Դահիճները բաց թողեցին նրան ու անհետացան բակից», — պատմում էր Զինան։
Մինչ նա պատմում էր, ես պատուհանից հետևում էի մեր բակում կատարվող չտեսնված ու չլսված անմարդկային եղեռնագործությանը․ մի խումբ ներխուժեց մեր բակ։
«Մնաս բարով, սիրելի՛ Զինա, իմ հերթն էլ եկավ»,-ասացի ես ու անջատեցի հեռախոսը՝ պատրաստվելով դիմավորել «հյուրերին»։
Լսում էի արդեն մեր շենքում նրանց կաղկանձյունն ու վայնասունը։ Դողացող ձեռքերով վերցրի քլորով լի տարան ու կանգնեցի մուտքի մոտ՝ պատրաստ դիմավորելու նրանց դեմառդեմ։ Օ՜, տեր աստված, ինչպիսի վայրագությամբ էին նրանք կոտրատում իմ բնակարանի դուռը։ Այդ զարկերից կոտրվեց իմ բնակարանի դուռը, սակայն ետևի ամուր արգելապատնեշը չթողեց, որ այն ընկնի, և նրանք առաջ գան։ Ես վերապրեցի պատերազմի սարսափը, սակայն նույնիսկ պատերազմում այդպիսի մահվան սարսափ չէի զգացել ես։ Ողջ մնալուս օգնեց ոչ միայն արգելապատնեշը, այլև նրանց առաջնորդի՝ դրսից կանչող ձայնը։
«Է՜յ, հա՛յ, դու մեր ձեռքից չես ազատվելու, մենք էլի կգանք»,-ասացին նրանք՝ վերջին անգամ հարվածելով դռանը: Հեռացան։
Շուրջ 10 րոպե անդադար զանգում էր հեռախոսը։ Զինան խորապես անհանգստացած էր։ Ես մի կողմ դրեցի քլորով լի թասն ու պատասխանեցի հեռախոսին։
— Տիկի՛ն Սեդա, դուք ո՞ղջ եք,-հարցրեց Զինան:
— Եթե խոսում եմ, ուրեմն բախտ է վիճակվել ողջ մնալու,-պատասխանեցի ես ու լսեցի, թե ին?պես են նորից զարկում դուռը։ Սիրտս կանգ առավ, մտածեցի՝ մի՞թե ամեն ինչ կրկնվում է։
— Սեդա՛, Սեդա՛, զինվորներն են դուռը ծեծում, ձեր փրկիչներն են եկել, բացիր դուռը, — ասում էր մեր հարևան Ռայան։ Ճիշտն ասած սկզբում չհավատացի, սակայն դռան արանքից նայելով՝ համոզվեցի՝ նրանք էին։ Բացեցի դուռը, և նրանք ասացին, որ վերցնեմ փաստաթղթերս ու գնամ իրենց հետ․ ամեն ինչ նորից կարող է կրկնվել։ Այդպես ես փրկվեցի․․․
Շուտով հազարավոր փրկվածների հետ միասին հայտնվեցի զինվորականների թիկունքում։ Այնքան հաճախ էին զինվորականներին դատապարտում ուշանալու համար, բայց մենք՝ սպանդի փրկվածներս, երախտապարտ ենք միայն նրանց։ Ո՞վ, եթե ոչ նրանք փրկեցին հարյուրավոր հայերի կյանքը, վերջ տվին արյունոտ ներկայացմանն ու պատժեցին նրա մասնակիցներին։ Սակայն որքա՜ն մեծ էր քաղաքի պարետի զարմանքն ու զայրույթը, երբ բանտախցերում չտեսավ իրենց կողմից ձերբակալվածներին։ Ոստիկանները դատարկում էին նրանց գրպաններն ու նետում խցերը, որտեղից նրանք գաղտնի դուրս էին ելնում։ Դա բացահայտելուց հետո պարետը հրամայեց աշխատանքից հեռացնել ոստիկանական ողջ անձնակազմին՝ նրանց պարտականությունները հանձնարարելով զինվորականներին։
Կոտորածից փրկված հայերին զինվորները տեղավորել էին զրահապատ օղակում՝ քաղաքային զբոսայգում և նրան հարակից ակումբում։ Հավաքվածների մեջ տեսնելով պատերազմի վետերաններին՝ հեգնանքով հարցրի․
— Դե ի՞նչ, պատերազմի՛ զինվորներ, շրջափակմա՞ն եք ենթարկվել, հայտնվել դարանո՞ւմ․․»։
Մենք որոշեցինք դիմել պարետին՝ քաղաքից դուրս գալու խնդրանքով, բայց նա լսել անգամ չկամեցավ՝ ասելով, թե դա մեծ համարձակություն է և կարող է լավ ավարտ չունենալ։ Մենք պնդեցինք, և ի վերջո զինվորականների ուղեկցությամբ առաջին մարդատարը ճամփա ընկավ։ Ազերիները չէին սպասում նման քայլի։ Նրանք անակնկալի եկան, սկսեցին գոռգոռալ, բայց արդեն ուշ էր։
Եվ ամենազարմանալին ինձ համար այն էր, որ Բաքվում կյանքն ընթանում էր առաջվա պես: Կարծես ոչինչ էլ չէր եղել: Ոչ ոք տեղյակ չէր Սումգայիթում կատարվածի մասին։ Մինչդեռ վտանգը դեռևս առկա էր, եւ պետք էր տագնապի զանգ հնչեցնել: Առաջին իսկ գնացքով մեկնեցի Կրասնոդար: Քաղաքային զինկոմիսարը 20 րոպե լսեց իմ պատմածները՝ րոպե առ րոպե սարսափելով լսածներից ու մերթ ընդ մերթ կրկնելով. «ԽՍՀՄ-ում այդպիսի՞ն… անհնարին է, անհավատալի»:
Այո՛, դա չլսված բան էր, սակայն՝ ճշմարտություն: Խնդրեցի օգնել հայերին, դիմել ուր որ պետք է. այլապես ես պետք է մեկնեի Մոսկվա: Նա ինձ խորհուրդ տվեց վերադառնալ ետ` խոստանալով պարզել՝ ինչն ինչոց է: Վստահելով նրան՝ ետ վերադարձա: Հասնելով Բաքու՝ հանդիպեցի զարմիկիս, որը զինվորական էր՝ գեներալ-մայորի կոչումով: Նա անտեղյակ էր Սումգայիթում կատարվածից և պատմածներիս չհավատաց՝ ասելով, թե դա անհնարին է, հավանաբար ծեծկռտուք է եղել. իսկ ես չափազանցնում եմ: Ես ասացի, որ հասարակ ծեծկռտուքի համար չէի հասնի Կրասնոդար կամ կեսգիշերին անհանգստացնեի իրեն։ Իսկ եթե ինքը տեղյակ չէ կատարվածից, դա միայն այն պատճառով, որ հայ է եւ անպայման պետք է որևէ միջոց ձեռնարկեր արյունահեղությանը վերջ տալու համար, չէ՞ որ «փոքր» մարդ չէ՞ և խոսքը գին կունենա: Եթե որեւէ մեկը կասկածում է խոսքերիս ճշմարտացիությանը վերոհիշյալի մասին, կարող է հարցում անել Կրասնոդարի քաղաքային զինկոմիսարիատ` 1988 թ. զինկոմիսարին: Իսկ իմ զարմիկը` գեներալ մայոր Թոռնիկ Ոսկանյանը, բնակվում է Մոսկվայում: (Հետագայում ես իմացա, որ Բաքվի ոստիկանությունը ևս տեղյակ էր կատարվածից ու սումգայիթցի հայերի զանգերին չեն պատասխանել, իսկ Բաքվում ապրող իրենց հարազատների զանգերին ի պատասխան ասել են, թե Սումգայիթում ոչինչ էլ չի կատարվում, մի խումբ կարգազանցներ ստիպում են հայերին զանգել եւ նման բաներ ասել` աշխատելով ազգամիջյան թշնամանք հրահրել։ Եվ որն էր սումգայիթյան իրադարձությունների ծրագրում բաց թողնված սխալը. նրանք մոռացել էին անջատել միջքաղաքային հեռախոսակապը: Այն անջատվեց միայն զինվորականների գալուց հետո, իսկ մինչ այդ մարդիկ, այնուամենայնիվ, կարողացել էին ինչ-որ կերպ օգնություն խնդրել դրսից: Այլապես ինչպե՞ս կարող էին այդ մասին իմանալ զինվորականներն ու օգնության գալ։ Իսկ օգնություն խնդրելու ամենաիրական հնարավորություն ուներ Սումգայիթի զինվորական կոմիսարը, որը նույպես հայ էր։ Նրա խոսքին չհավատալ, կարծում եմ, չէին կարող)։
Բաքվից զանգեցի Սումգայիթ: Հարևաններս ասացին, թե քաղաքում վիճակը բարելավվել է դեսանտայինների և Մոսկվայից հետաքննիչների ժամանումով, սակայն լարվածություն դեռևս կար, և ժողովուրդը պահանջում էր ազատ արձակել իր «հերոսներին», և դեպքերը գրեթե նորից ողբերգական ընթացք պետք է ստանային, մանավանդ, քաղաքի մատույցներում տեղադրված «Սումգայիթը ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության կենդանի մարմնավորումն է» կարգախոսը հանելու պատճառով: Այն պետք է հանվեր պարետի հրամանով, որովհետեև նրա խոսքերով Սումգայիթն արդեն սրբապղծել էր բարձր գաղափարը…
Ամեն ինչ վերհիշել ու պատմել անհնարին է, սակայն սա համառոտ մի շարադրանք է Սումգայիթում կատարված ողբերգության մասին: Այն չպետք է մոռացվի: Յուրաքանչյուր ոք պետք է հիշի ու խոնարհվի անմեղ նահատակների հիշատակի առջև։ Թերևս մենք մխիթարված ենք. Արցախի քաջորդիները լուծեցին նաև սումգայիթյան եղեռնի զոհերի վրեժը` թշնամուն տալով արժանի հակահարված ու խեղդելով իր իսկ որջում: Փառք ու պատիվ կենդանի և նահատակ հերոսներին»,- գրել է Սեդա Առաքելյանը:
Հուշերը գրի առավ
Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ