Ստեփանակերտում տրվել է «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի մեկնարկը
Այսօր՝ հունիսի 26-ին, Ստեփանակերտում տրվել է «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի մեկնարկը:
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, մի խումբ գրողների և մտավորականների հետ դիմավորել է Արցախ ժամանած հյուրերին՝ Հայաստանից և Սփյուռքից. ներկա էին նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը։
Այնուհետև ծրագրի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը լրագրողների հետ հարցազրույցում ընդգծեց հատկապես այն փաստը, որ ծրագրի մեկնարկը տրվում է հարգանքի տուրք մատուցելով.
«Մեր յուրաքանչյուր ապրած օրվա համար մենք շնորհակալ ենք այն տղաներին, ովքեր իրենց կյանքի գնով մեր այսօրը պարգևեցին: Բոլոր նրանք, ովքեր ննջում են Եղբայրական հուշահամալիրում, Եռաբլուրում, նրանց , արցախյան բոլոր պատերազմների հերոսների շնորհիվ է, որ այսօր մենք Արցախում նմանատիպ միջոցառումներ ենք կարողանում կազմակերպել, ուստի պատահական չէ, որ հարգանքի տուրքով է մեկնարկում «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային միջոցառումների շարքը»,-ասել է Հ. Ավագյանը:
Հիշեցնենք, որ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիս 2-ը Արցախում անցկացվելու են գրական և մշակութային միջոցառումներ:
«Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի ծրագրին կարող եք ծանոթանակ այստեղ: