Ստեփանակերտում Նորայր և Երվանդ Հաջիյանների հիշատակին նվիրված հուշաղբյուր է բացվել
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում Նորայր և Երվանդ Հաջիյանների հիշատակին նվիրված հուշաղբյուր է բացվել

Ստեփանակերտում Նորայր և Երվանդ Հաջիյանների հիշատակին նվիրված հուշաղբյուր է բացվել

Ստեփանակերտի «Հաղթանակի» հրապարակի հարևանությամբ այսօր տեղի է ունեցել ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված Նորայր և Երվանդ Հաջիյանների հիշատակին նվիրված հուշաղբյուրի հանդիսավոր բացումը:

Հուշաղբյուրն օծվել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ։ Բացման պատիվը տրվել է հերոսների զավակներին, իսկ  կառուցումը նախաձեռնել են ընտանիքի հարազատներ Վարդան և Մարինե Սողոմոնյան ամուսինները: Ներկա էին ընտանիքի անդամները, հարազատները, մարտական ընկերները, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Հաջիյան եղբայրների հայրը՝ Միքայել Հաջիյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու համար, նշեց, որ այն սգո միջոցառում չէ, այլ հավերժացման ճանապարհին իր զավակների և նրանց հետ ընկած բոլոր տղաների համար մի նոր հանգրվան:

«Ես իմ երկու զավակներին չեմ առանձնացնում ոչ մեկից, Հաջիյանների գերդաստանը Արցախից հեռացել էր 220-230 տարի առաջ, բայց ահա դարեր անց մենք ընտանիքով վերադարձել ենք մեր նախնյաց հողը: Եկել ենք ոչ ձեռնունայն. եկել ենք զենքով ու գրչով, բազկի ու մտքի ուժով՝ սատար կանգնելու մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, կառուցելու Արցախի պետականությունը և կարողացել ենք կատարել այն, ինչ մեր հնարավորությունների սահմաններում էր, գուցեև՝ ավելին»,-ասել է Մ. Հաջիյանը:

Նահատակ եղբայրները ռազմաճակատ մեկնելիս մեկ րոպե անգամ չեն վարանել, չեն մտածել, որ կարող են զոհ դառնալ կույր գնդակին՝ հայրենիքը գերադասելով և՛ ընտանիքից, և՛ ծնողներից, և՛ զավակներից:

«Բոլոր այն տղաների համար, ովքեր պատերազմ են մեկնել հանուն Արցախի պաշտպանության, նրանց համար հայրենիքը վեր էր ամեն ինչից: Թեև և՛ մեզ համար, և՛ զավակների համար, և՛ կանանց համար անչափ խորն է կորստյան ցավը, սակայն մեր տղաները չեն մահացել. հավերժացումը վերհառնում է մեր սրտերի, հիշողության ու դարերի մեջ: Որքան էլ խորն է ցավը, հավատացնում եմ, որ հպարտ եմ իմ զավակների համար: Նրանք կատարել են այն, որի շնորհիվ իրենց հայրը կարողանում է գլուխը բարձր պահել»,-նշել է Մ. Հաջիյանը:

Մ. Հաջյանը, օգտագործելով առիթը, հայտարարեց, որ վերջին պատերազմում մեր տղաները չեն պարտվել, պարտվել են Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը:

«Մենք դեռ ազատագրելու ենք մեր հողերը, լինելու ենք անկախ և ի վերջո միավորվելու ենք մայր Հայաստանին, ու հաղթանակը մերն է լինելու»,- եզրափակել է նա:

Սուրեն Առուշանյանը Երվանդի հետ ծանոթացել է «Հայկի Սերունդ» ՀԿ-ին անդամակցելուց հետո:

«Մենք միանգամից ընկերացանք, անմիջական հարաբերություններ ստեղծվեցին մեր մեջ: Մենք ընկերներ ենք, ինքն իմ սրտում է լինելու հավիտյան: Ես նրան բացակա չեմ դնում, և ոչ ոք նրանց բացակա չպետք է դնի: Շատ հուշեր ունենք նրա հետ կապված, բայց ես նախընտրում եմ բարձրաձայն լռել, որովհետև եթե սկսեմ խոսել, ժամանակը չի հերիքի: Երվա՛նդ ջան,  դու մեր սրտերում ես»,-ասել է Սուրեն Առուշանյանը:

Քաղաքագետ  Դավիթ Բաբայանի խոսքով՝ Երվանդ և Նորայր Հաջիյանները հայ ժողովրդի կերպարն են ամբողջացնում։ 

«Նրանք դարձել են սուրբ հողի մի մասնիկը: Խորհրդանշական  է, որ  յուրաքանչյուրը,  մոտենալով և  ջուր խմելով այս հուշաղբյուրից, մտովի կհաստատի, որ եղել են նրանց նման մարդիկ, ովքեր գիտակցաբար քայլել են դեպի անմահություն:  Նրանք ողջ են, քանի կա Արցախը և այն հողը, որի գրկում նրանք հանգչում են՝ սրբացնելով այն: Մենք պետք է ամեն գնով այդ հողը պահենք ու պահպանենք: Նրանք մեր հոգևոր Սփյուռքն են: Նրանց հայրն էլ դարձել է անկոտրում  Արցախի խորհրդանիշներից մեկը, ինչը շատ ծանր ու բարդ առաքելություն է»,-ընդգծել է Դ. Բաբայանը:

 Նորայրի հետ, ցավոք, շատ չէի ծանոթ, նրան ճանաչողներն ասում էին, որ բարի ու կիրթ անձնավորություն էր։ Նորայրի զոհվելուց հետո Երվանդի մոտ նկատել եմ պարտքի զգացումի մեծացում, որ կապված էր իր եղբոր հիշատակը վառ պահելու և կիսատ գործը շարունակելու հետ։ Աղետալի 44-օրյա պատերազմը դրա ապացույցն էր։ Երվանդը, թողնելով ամեն ինչ, շտապեց պատերազմի ամենածանր ուղղություններից մեկը»,- ասել է  Երվանդ Հաջիյանի մարտական ընկեր Վլադիմիր Դոլուխանյանը։

Նա վստահեցնում է, որ Երվանդը  խրամատում ընկերների, կամավորականների հետ իրեն պահում էր այնպես, ինչպես քաղաքացիական կյանքում։

«Ծանր է ասել, բայց որոշակի իրավաչափություն կա, թե ովքեր են մեծ գիտակցումով, զենքը ձեռքին զոհվում մարտի դաշտում»։

Նորայր Հաջիյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախի հյուսիսարևելյան սահմանագոտում՝ Թալիշում: Արժանացել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան»,  «Վազգեն Սարգսյան», «Արամազդ», ԱՀ «Մայրություն» ՀԿ-ի կողմից՝ «Մայրական երախտագիտություն», իսկ հետմահու` ԱՀ «Մարտական ծառայություն», ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալների։

Երվանդ Հաջիյանն անմահացել է 2020 թվականի 44֊օրյա պատերազմում՝ Կարախանբեյլի տեղամասում հոկտեմբերի 6-ին։ Ցուցաբերած քաջության, սխրանքի,  նվիրումի և խիզախության համար Երվանդ Հաջիյանը ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է  «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ դիվանագիտական ճակատում երկարամյա բարեխիղճ ծառայության համար՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք պարգևների, այդ թվում՝ «Զինվոր հայրենյաց», «Մայրական երախտագիտություն», «Հայրենիք և Հավատ», «Մոնթե Մելքոնյան, «Զինվոր», «Տիգրան Մեծ» մեդալների:

Լուսանկարները՝ artsakhpress.am-ի

1