Ստեփանակերտում կայացել է «Մարտակերտի Նորիկ» ֆիլմի շնորհանդեսը

Փետրվարի 15-ին Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախյան ազատամարտի հերոս, Արցախի Պաշտպանության բանակի փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամավոր, դաշնակցական Նորայր Դանիելյանի հիշատակին նվիրված «Մարտակերտի Նորիկ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին Նորայրի մարտական, գաղափարական ընկերները, հարազատները, համագյուղացիները, զինվորներ, երիտասարդներ:
Ֆիլմի ռեժիսորը Սամվել Թադևոսյանն է: Ըստ նրա՝ «Մարտակերտի Նորիկ» ֆիլմը «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական աշխատանքն է, որով ներկայացնում է Արցախյան պատերազմում բացառիկ կենսագրություն ունեցող ազատամարտիկներին:

«Մարտակերտի Նորիկը շրջանի անձնվեր, նվիրյալ հրամանտարն էր: Նորիկն այլևս որևէ բանի կարիք չունի, մենք ունենք նրա սխրանքի վեհանձնության ամբողջ շնորհները մեզ, ապա սերունդներին փոխանցելու անհրաժեշտություն: Մենք հիմա Հայաստանի, Արցախի համար ճակատագրական ժամանակներ ենք ապրում և այս պարագայում ֆիլմը մեր բարոյական արժեքները և հաղթանակները պաշտպանելու համեստ փորձ է: Եթե մարդուն, ազգին, պետությանը արժեքներից զրկում ես, տակը մնում է հաղթահարելի տարրական գոյությունը»,- իր խոսքում ասել է Սամվել Թադրոսյանը՝ ֆիլմի ստեղծման աշխատանքներին օժանդակելու համար շնորհակալություն հայտնելով Նորայրի հարազատներին, մարտական ընկերներին, ՀՅԴ Արցախի կառույցին:
Ֆիլմի շնորհանդեսը դեկտեմբերի 25-ին արդեն տեղի է ունեցել Երևանում և հանդիսատեսի կողմից շատ լավ ընդունվել:

Նորայր Դանիելյանի քրոջ՝ Նունե Դանիելյանի խոսքով, փոքր տարիքից են Նորայրի մեջ նկատվել առաջնորդին, ղեկավարին բնորոշ հատկանիշները: Ամեն ինչում առաջամարտիկի դերում էր:
Խորհրդային բանակում ծառայելուց հետո ուսանողական կոմիտեի նախագահ է ընտրվել Նորայրը: Արցախյան շարժման ակտիվ աշխատանքների մեջ էր, վերակառուցել է Ջանյաթաղի դաշտային օթևանը, հիմնադրել Քաջավան գյուղը:
Օմոնականների կողմից ձերբակալվել է, 1,5 տարի իր ընկրեների հետ Շուշիի, Բաքվի բանտերում էր: «Բանտում 12 տարի ազատազրման են դատապարտել որպես «հանցախմբի» ղեկավար: Նրան չէին ուզում փոխանակել, գործող դատախազն անձամբ էր դա խոստացել: Սակայն դատախազի մահից հետո Նորայրը փոխանակվում է: 1992 ապրիլի սկզբներին հայրենի գյուղում էր: Չնայած հյուծված էր, բայց անմիջապես ջոկատի ստեղծման աշխատանքներով է զբաղվում: Մարտակերտի գունդը հենց Վարդաձորի ջոկատի հիման վրա է կազմավորվում»,- նշել է Նունե Դանիլյանը:

Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղում ծնված Արցախյան շարժման առաջամարտիկը 1992 թ. դառնում է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։
Նորայրը մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի և Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականից ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր։ Զոհվել է անհայտ հանգամանքներում՝ 1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում։
Քրոջ խոսքով՝ Նորայր Դանիելյանի ծնողները խորը կսկիծով են մահացել՝ նրա դավադրական մահվան մեղավորներին պատժված տեսնելու բնական ցանկությունն իրենց հետ գերեզման տանելով:
Ալիկ Սարգսյանն իր մարտական ու գաղափարական ընկերոջ հետ ծանոթացել է ուսանողության տարիներին ու միասին անցել են պայքարի ողջ թոհուբոհով՝ շարժում, բանտ, պատերազմ:
Նրա խոսքով՝ Արցախյան շարժման մեջ գերակշիռ դերը պատկանում էր ուսանողությանը և պատահական չէ, որ պատերազմի համարյա բոլոր հրամանատարներն ուսանողներ էին. «Նորայրը Ուսանողա-երիտասարդաց միության խորհրդի նախագահն էր, իսկ ՀՅԴ շարքերն է անցել 1990 թ. գարնանը:
Քաջավանում գտնվելու ժամանակ ձերբակալվել ենք, տարիուկես միասին բանտերում անցկացրել, կարճ ժամանակով բուժվել և 1992թ. միասին հիմնադրել Մարտակերտի պաշտպանական շրջանը»:

Արցախում շնորհանդեսի կայացմանն աջակցել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:
ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը բարձր է գնահատել Սամվել Թադևոսյանի ավանդը Արցախյան պատերազմի փաստավավերագրության գործով: Նախարարը նաև կարևորել է հատկապես երիտասարդների ազգային-հայրենասիրական դաստիարակության գործում Արցախյան ազատամարտի հերոսների մասին ֆիլմերի նշանակությունը:


